Վարչապետի՝ եկեղեցուն ուղղված խոսքերը խախտում են միջազգային իրավունքը. հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրել է հայտարարություններ, որոնք բացահայտ հակասում են ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ խստորեն դատապարտելով վարչապետի դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։

«Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավելի պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհուրդը կարծում է, որ նման ելույթներն արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն իրավունք է վերապահում չափել հավատքի սահմանները։ Վստահ են, ոչ սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլև սպառնում է վերածվել «վհուկների որսի», երբ անհնազանդ ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։

Խորհուրդն ընդգծում է, որ Փաշինյանը հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որոնցում հստակ շեշտվում է՝ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։

Կոչ են անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել նման ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են։

Տեսանյութեր

Լրահոս