«Փաշինյանը բոլորին լցնելու է բանտերը. կա երեք բանալի». Հենրիխ Դանիելյան

«Փաշինյանն ավելի բաց խոսում է իր սեռական օրգանի թլպատված լինել-չլինելու, քան օրհասական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների մասին, որոնք հետաքրքրում են ՀՀ քաղաքացիներին»,- այսպես է Փաշինյանի ասուլիսը մեկնաբանում ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Փաշինյանը նույն հարթության վրա փորձեց դնել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Սյունիքով անցնելիք ճանապարհի և, օրինակ, «Վեոլիա Ջրի» կամ «ՀայՓոստի» արտապատվիրակումը. «Նիկոլ Փաշինյանը համեմատում է անհամեմատելին՝ Վեոլիա Ջուրը կամ Հարավկովկասյան երկաթուղին՝ մեր ողնաշարը հանդիսացող Սյունիքի հետ, որն առհասարակ գեոպոլիտիկ նշանակություն ունեցող հատված է և տարածաշրջանում է փոփոխություն կատարելու այն ճանապարհային քարտեզի մեջ, թե ումն է լինելու Սյունիքի ճանապարհների բանալին»:

Նա ընդգծեց՝ Փաշինյանը սակարկում է ՀՀ շահը, որպեսզի սեփական իշխանությունն ամրապնդի:

«Նոր դաշինք է ձևավորվում ՌԴ-ի դեմ, որտեղ Փաշինյանը փորձելու է ներգրավվել: Այսօր Փաշինյանը մեկնարկեց մեր դուրս գալը ՀԱՊԿ-ից, և քանի որ կա Շուշիի համաձայնագիր Թուրքայի և Ադրբեջանի միջև, կարծում եմ՝ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ ինքը ևս ներգրավված լինի Շուշիի դաշինքի մեջ և ասի՝ մենք հարևաններ ենք, պետք է այդ շրջանակում դաշինքի մեջ լինենք, ոչ թե ՀԱՊԿ-ի»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել այն ամենը, ինչ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի օրոք. «Փաստ է, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Ալիևն ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի օրոք ասում է, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ: Փաշինյանին բերած ուժերը նաև ընդդիմության մեջ ականներ ունենալով՝ այսօր էլ փորձում են թիրախում պահել միայն Երրորդ նախագահին, չպայքարելով Փաշինյանի դեմ՝ պայքարում են միայն ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ»:

Նա շեշտեց՝ Փաշինյանը փորձում է ձևավորել Թուրքիայի մշակած մոդելով պետություն. «Խնդիրը ոչ թե այն է, որ Փաշինյանը հակառուսական տրամաբանություն ունի, այլ այն, որ ոչ հայանպաստ են նրա գործողությունները: Փաշինյանը գործողություններ է անում, որոնք 100 տոկոսով վնաս են ՀՀ-ին: Կա դիվանագիտական փոխհրաձգություն, որը Փաշինյանի կողմից տրանսֆորմացվել է գործողությունների փոխհրաձգության: Այսինքն՝ ռուսներին հանում են սահմաններից, շուտով ՀԱՊԿ-ից դուրս են գալիս, ռազմաբազայի թեման հես է՝ կգա: Մենք սպասո՞ւմ ենք ՌԴ պատասխանին, թե՞ ոչ: Կոպիտ ասած՝ թշնամանքի գործողություններ ես սկսում, հետո ասելու ես՝ Ռուսաստանը մեր թշնամին է: Մենք ինչո՞ւ պետք է լինենք թուրք-ադրբեջանական ալյանսի մեջ, որն այսօր ՌԴ դեմ է աշխատում: Փոխանակ մենք օգտագործենք Ադրբեջանի և Ռուսաստանի լարված հարաբերությունները՝ ի շահ Հայաստանի, անում ենք լրիվ հակառակը»:

Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ կա երեք բանալի՝ ներքին համերաշխություն, անվտանգության վերականգնում և դիվանագիտական հարաբերությունների վերականգնում. «Այս երեք բանալին այսօր չունենք: Պետք է միասնական դաշտ ձևավորվի, սեփական ամբիցիաները բոլորը մի կողմ դնեն, մոռանանք իշխանության գալու մասին, հիշենք իշխանությունից հեռացնելու գործընթացի մասին: Վախենալու է պատկերացնել, որ եթե չլինի իմպիչմենտի գործընթաց, ինչ գործողություններ կանի Փաշինյանը մեկ տարի հետո: Ընտրության նախաշեմին բոլորին կլցնի բանտերը, կասի՝ մտածել են տեռորիստական ակտի կամ իշխանությունը յուրացնելու գործողությունների մասին, որ հարցնեք՝ ի՞նչ գիտես՝ այդ մասին են մտածել, կասի՝ քաղաքական գնահատական է, և նրանք պետք է նստեն բանտում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս