Բաժիններ՝

Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը կառավարելի է. ամառվա ընթացքում ռիսկը մնում է բարձր

Աղիքային վարակիչ հիվանդությունները կարող են արձանագրվել տարվա տարբեր եղանակներին, սակայն մասնագետները նախազգուշացնում են՝ հատկապես ամռանը ռիսկը զգալիորեն մեծանում է։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց, որ ներկա փուլում իրավիճակը Հայաստանում կառավարելի է:

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, 2023 թվականին ունեցել ենք աղիքային վարակներով պայմանավորված երեք բռնկում, իսկ այս տարի առայժմ չունենք։ Բայց տարվա շոգ սեզոնը նոր է սկսվել, և ինչպես բոլոր տարիներին, աստիճանաբար հիվանդացության մակարդակը կարող է աճել»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ աղիքային վարակների բռնկումները հիմնականում պայմանավորված են ջրով և սննդով: 2024 թվականին գրանցվել են բացառապես սննդով պայմանավորված բռնկումներ։

«Կարևոր է պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները։ Արագ փչացող մթերքները պետք է պահել սառնարանային պայմաններում, քանի որ հարուցիչները շրջապատում մշտապես առկա են և կարող են շատ արագ բազմանալ, եթե պայմանները նպաստավոր են»,- նշեց համաճարակաբանը։

Նա զգուշացրեց նաև փողոցում վաճառվող սննդամթերքի նկատմամբ զգոն լինել՝ հատկապես այն դեպքում, երբ դրանք պահվում են ոչ պատշաճ պայմաններում։ Մասնագետը կարևորեց նաև մրգերն ու բանջարեղենը հոսող ջրի տակ մանրակրկիտ լվանալու անհրաժեշտությունը՝ փոշուց, հարուցիչներից ու թունաքիմիկատների մնացորդներից խուսափելու համար։

Անդրադառնալով ամռան ամիսներին քաղաքից դուրս կազմակերպվող խնջույքներին՝ Գրիգորյանը հորդորեց նախապատվություն տալ ոչ արագ փչացող սննդամթերքին, ինչպես նաև վստահելի աղբյուրներից ստացված մրգերին ու բանջարեղենին։ Բնական ջրաղբյուրներից օգտվելիս՝ ևս անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել։ Մասնագետը խորհուրդ տվեց ինքնազգացողության փոփոխության դեպքում շատ ջուր օգտագործել, խուսափել ինքնաբուժումից և հնարավորինս արագ դիմել մասնագետի՝ հիվանդության ընթացքը վերահսկելու և հնարավոր բարդություններից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս