Բաժիններ՝

Ծաղկագործները որոշել էին իրենց ծաղիկներով գալ կառավարություն, բայց դեռ կսպասեն մի քանի օր

ՍԱՏՄ-ում իրենց հարցադրումների պատասխանները չստացած մեծ թվով ծաղկագործներ նախօրեին դարձյալ հավաքվեցին Էջմիածին-Երևան մայրուղու՝ Զվարթոցին հարակից հատվածում՝ հետագա անելիքները որոշելու համար։

«Ոչ մի լավ բան էսօր չտեսանք։ Կաշկանդված չենք փողոց փակելուց, բայց դա մեթոդ չէ․ ենթադրենք,15 րոպե փակվեց, ոստիկանությունը եկավ բացեց, դրանից լուծում կլինի՞։ Ավելի խելամիտ բաներ ենք ուզում անել»,- նշեց ջերմոցատերերից մեկը՝ Արտակ Թովմասյանը։

168amի տեղեկություններով, հանդիպումից հետո ահազանգող մի խումբ ծաղկագործներ որոշել էին առավոտյան իրենց ծաղիկները հավաքել ու տանել-լցնել կառավարության շենքի առջև։ Սակայն, ինչպես նշեց մեր աղբյուրը, հանդիպումից հետո ինչ-ինչ անձինք դեզինֆորմացիա են տարածել, թե ճանապարհը բացում են և այլն՝ պառակտելով խնդրի առաջ կանգնած մյուս ծաղկագործներին։

«Այժմ սպասում ենք՝ հասկանալու, թե հետո ինչ ենք անելու, բայց որ իրավիճակը չի շտկվել, դա փաստ է,- նշեց մեր աղբյուրը՝ պարզաբանմամբ,- Օրինակ, ՍԱՏՄ քննարկմանը ներկա մասնակիցներից ուզել էին ջերմոցների հասցեները, թե քանի քառակուսի է և այլն, որ օպերատիվ գնային և այդ մոնիտորինգ ասածը անեին, սակայն ճշտել եմ՝ ոչ մեկի մոտ էլ դեռ չեն գնացել»։

Կարդացեք նաև

Տևական ժամանակ է՝ ծաղկագործները բողոքում են, որ իրենց մշակած ծաղիկները չեն արտահանվում Ռուսաստան, որի հետևանքով կրում են միլիոնավոր դրամների վնասներ։ Իսկ ՍԱՏՄ ղեկավարի գլխավորությամբ հանդիպումից հետո նրանցից մեկն արձագանքեց․

«Հանդիպումից հասկացանք՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք»»։

Ի դեպ, ծաղկագործները և ոչ միայն, այս խնդիրը համարում են քաղաքական իրողությունների հետևանք, նշում են՝ եթե 15 տարի կարողացել են արտահանել ՌԴ, ու այժմ համարատարած արգելվում է, հետևաբար՝ խնդիրը քաղաքական դաշտում է։

Նշնեք, որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։

Տեսանյութեր

Լրահոս