ՀՀ բանակի՝ արևմտյան ոճով կերպափոխումը. ինչ է արվում
Հունիսի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.
1. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ՝ պահանջելով վերացնել ՊՆ սոցիալական վարչության պետի` 2023 թ. հուլիսին ընդունած «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը։ 168.am-ի տեղեկություններով, խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի տրամադրած բնակարանի մասին է՝ Հասրաթյան փողոցի շենքերից մեկում:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանի օրոք բնակարաններ են տրվել 26 զինվորականի և 3 քաղաքացիական անձի, ընդ որում՝ նաև նրանց, որոնք կամ բնակարան ստանալու հերթում չեն եղել, կամ հերթը դեռ չէր հասել, կամ էլ Երևանում հերթագրված չեն եղել:
Խնդրում ենք մանրամասնել՝ բնակարան ստացողների ցուցակում քանի՞ հոգի է բնակարան ստացել առանց հերթագրման, և ովքե՞ր են նրանք, արդյո՞ք առանց հերթի բոլոր բնակարան ստացողներից են բնակարանները հետ վերցվելու: Եվ ի՞նչ է լինելու այն բնակարանների հետ, որոնք կոնկրետ անձինք ստացել են՝ հերթի մեջ լինելով, բայց, որոնց հերթը չէր հասել կամ Երևանում հերթագրված չեն եղել, քանի՞ նման ձևով բնակարան ստացող կա, ովքե՞ր են նրանք:
2. 2016 թվականին ինչի՞ համար է այսօր արդեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարգևատրվել «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
3. ՀՀ ԶՈւ ղեկավարությունը խոսում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ բանակի կերպափոխման մասին, կարո՞ղ եք ասել՝ վերջին տարիներին, վերջին շրջանում ՆԱՏՕ-ական ի՞նչ չափանիշ է ներմուծվել ՀՀ զինված ուժեր, օրինակ, նախկին իշխանությունների օրոք ներդրվել է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքը, ըստ էության, ՆԱՏՕ-ական գաղափար է:
4. Հունիսի 26-ին ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Նա նշել է, որ նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի՞նչ հիմնավորմամբ է հավանություն տվել այս գաղափարին, եվրոպական ո՞ր երկրում է նմանատիպ ծրագիր իրականացվում, քանի որ նշվում է, թե հաշվի են առել միջազգային փորձը:
5. «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ դիրքերն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար ամրությունների կառուցման մրցույթ դեռ չի հայտարարվել, մեր տեխնիկան դեռևս ստորգետնյա ապաստարաններ չունի: Ինչո՞ւ չի հայտարարվել մրցույթը: Սա՝ առաջին:
Երկրորդ՝ նա ասել է, որ հասարակական կազմակերպությանը թույլ չեն տալիս Ոսկեպարում ու Կիրանցում բարձրացնել անվտանգության մակարդակը, երկրորդ գիծ կառուցել, և որպես խոչընդոտողներից մեկի, տվել է ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի անունը, ով նախկինում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի վարչության պետն էր: Ի՞նչ պահանջներ է ներկայացրել ՈՄԱ-ն, ո՞ր ուղղություններին առնչվող և ինչո՞ւ է մերժվել:
Մեկ ամիս հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխան գրություն է ուղարկել նշված հարցադրումներով մեր հունիսի 27-ի հարցմանը:
Վիգեն Սարգսյանի՝ բնակարանների տրամադրման գործընթացին առնչվող տեղեկությունների տրամադրումը Սուրեն Պապիկյանը մերժել է
Հունիսի 27-ին ուղարկված մեր գրավոր հարցման մեջ ներառված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք բնակարանների տրամադրման գործընթացին առնչվող տեղեկությունների տրամադրումը ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է:
«Հարցապնդվող տեղեկությունների տրամադրումը մերժվում է, քանի որ այն բացահայտում է անձնական և ծառայողական օգտագործման տվյալներ: Գործընթացի հետ կապված հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրվել է հրապարակում»,- նշվում է ՊՆ գրության մեջ:
Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, թե բավարար ապացույցներ կան՝ լիազորությունների չարաշահման համար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու: Իսկ 2023 թվականին այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ի դեպ, դեռ 2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նշված գործը «շրջել» է քննչականներում՝ Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»:
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում»,– գրել էր «Ժողովուրդ» թերթը:
Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել էր հրապարակել բնակարան ստացածների ցուցակը, ինչը, ըստ էության, Դատախազությունը և Պաշտպանության նախարարությունը չէին ընդունել:
Ի դեպ, ՊՆ-ին նման առաջարկ-հարցում նաև 168.am-ն էր արել: Եվ հիմա փաստորեն նրանք, ովքեր Վիգեն Սարգսյանի կողմից առանց հերթագրման բնակարան են ստացել, սկսել են վերադարձնել: Մեր տեղեկություններով, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը միակը չէ, ումից ցանկանում են հետ վերցնել բնակարանը: Ի դեպ, այդ ժամանակ նախկին իշխանություններից բնակարան է ստացել նաև Արծրուն Հովհաննիսյանը, ով այսօր շատ լավ աշխատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Իհարկե, Արծրուն Հովհաննիսյանը հերթագրման մեջ է եղել, բայց արդյո՞ք որևէ խնդրահարույց հարց չի եղել, ժամանակը ցույց կտա:
Սուրեն Պապիկյանը մասնակցե՞լ է Ապրիլյան պատերազմին
Ինչ վերաբերում է 2016-ին Սուրեն Պապիկյանի՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվելուն, ապա նրա իսկ ղեկավարած Պաշտպանության նախարարությունից հայտնել են.
«Սուրեն Ռաֆիկի Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հուլիսի 1-ի N687 հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ 2016թ.–ի ապրիլ ամսվա քառօրյա մարտական գործողություններին մասնակցելու համար»:
Նշենք, որ 2016 թվականին ՔՊ կամավորական ջոկատը Արցախ էր մեկնել մայիսի 14-ից, երբ ապրիլին սանձազերծված մարտական գործողություններն ավարտված էին:
Նշենք, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Իսկ արդեն ապրիլի 5-ին Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել էր մարտական գործողությունների դադարեցում։ Իհարկե, զինադադարի համաձայնությունից հետո ադրբեջանական սադրանքները շարունակվել էին մինչև ապրիլ ամսվա վերջ:
Իրականում ՔՊ ջոկատի կազմում Սուրեն Պապիկյանը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրի հատվածում խրամատ է փորել: Ճանկաթաղն այդ ժամանակ սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու էր, բնակավայրը սահմանամերձ չէր համարվում: Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղը հայտնվեց թշնամու նշանառության տակ, իսկ 2023 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, երբ ամբողջ Արցախը կորցրեցինք:
Այսինքն, ՔՊ ջոկատը միայն խրամատ է փորել սահմանից հեռու գտնված Ճանկաթաղում: Սա պատերազմին մասնակցություն չէ, ոչ էլ մարտական լուրջ հերթապահություն:
2021 թվականին ԱԺ-ում այս մասին ասել է նաև 2016 թվականին Սուրեն Պապիկյանին պարգևատրած Սեյրան Օհանյանը:
«Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումը մասնակցել է ինժեներական աշխատանքների։ Դա չի համարվում մարտական գործողությունների մասնակից։ Այսինքն` ինչպես շատ-շատ մեր հայրենակիցներ` համակողմանի ապահովման խնդիրներով իրենց պատրաստակամությունն են հայտնել»,- նշել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ՔՊ ջոկատն «իր կատարած աշխատանքների համար բանակի հրամանատարության կողմից գնահատվել է` պատվոգիր են ստացել»:
«Ես այդ պատվոգիրը ստորագրել եմ, հիմա հո հետ չե՞մ վերցնելու»,- շեշտել էր Օհանյանը:
Իսկ կատարած աշխատանքը խրամատ փորելն է եղել: Ինչպե՞ս է Սուրեն Պապիկյանը նորից նշում, որ «Գարեգին Նժդեհ» մեդալը մարտական գործողություններին մասնակցելու համար է ստացել, 2016թ. հուլիսի 1-ի N687 հրամանում այդպե՞ս է գրված: Եթե այո, ապա այդ դեպքում հարցերը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պատասխանատվության դաշտում են:
Սուրեն Պապիկյանը չի ցանկանում խոսել Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնության մասին
Ի դեպ, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն Անդրանիկ Քոչարյանի՝ կամավորական սկզբունքով խրամատ փորելու նախաձեռնության մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ նշել է՝ «ուսանողներից ինժեներական ջոկատներ ստեղծելու ծրագրի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ Ազգային ժողովից»: Մինչդեռ մենք հարցրել էինք՝ ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավանություն տվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի այս գաղափարին: Պաշտպանության նախարարի սրտով չի եղել, բայց մերժել էլ չէր կարո՞ղ:
Անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար իրականացվում են երկաթբետոնե կառույցների շինարարական աշխատանքներ
Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի ղեկավար Վովա Վարդանովի հարցման մեջ և վերևում հիշատակված հայտարարություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է.
«Անօդաչու թռչող սարքերից անձնակազմին պաշտպանելու համար Զինված ուժերի պահպանության գոտու տարբեր հատվածներում մրցութային կարգով իրականացվում են երկաթբետոնե կառույցների շինարարական աշխատանքներ, նույնը վերաբերում է նաև տեխնիկայի ստորգետնյա ապաստարաններին։
Զինված ուժերում շարունակվում է բարձր մակարդակով ինժեներական աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ երկրորդ, երրորդ բնագծերում։
Միաժամանակ հայտնում ենք, որ ԶՈՒ ԳՇՊ տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը գրության մեջ նշված անձին հրավիրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ վերջինիս կողմից բարձրացված հարցերի շուրջ քննարկում անցկացնելու, սակայն վերջինս հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց։
Իսկ ինչ վերաբերում է գրության մեջ նշված անձի կողմից լրատվամիջոցներից մեկին տրված հայտարարությանը՝ կապված դիրքերն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար ամրությունների կառուցման մրցույթ չհայտարարելուն, տեղեկացնում ենք, որ այդ նպատակով երկաթբետոնե կառույց է նախագծվել նաև այլ կազմակերպության կողմից, որի պատրաստած մեկ օրինակը փորձարկվել է և տվել դրական արդյունք։ Նույն կազմակերպությանը առաջարկվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ այն ձեռք բերելու և Զինված ուժերում ներդնելու համար։ Տվյալ կազմակերպությունը մի քանի անգամ ներկայացրել է փաստաթղթեր միավորի գնի վերաբերյալ և ամեն անգամ եղել են տարբեր գնային առաջարկներ, որի պատճառով փաստաթղթերը վերադարձվել են։ Նույն ժամանակահատվածում Զինված ուժերին են դիմել մի քանի այլ կազմակերպություններ, որոնք նմանատիպ կառույցի համար տվել են միավորի այլ գնային առաջարկ (մոտ երկու անգամ ավելի մատչելի և էժան): Հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշում է կայացվել տվյալ ապրանքների ձեռքբերումն իրականացնել մրցութային կարգով»:
ՀՀ բանակի՝ արևմտյան ոճով կերպափոխումը
Իսկ ՀՀ ԶՈՒ կերպափոխումը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ երկկողմ համագործակցության ձևաչափերով (այլ ոչ թե Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ բազմակողմ ձևաչափով) և ուղղված է բանակի՝ արևմտյան ոճով կերպափոխմանը։
«Ավելին, վերոնշյալ և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող այլ պետությունների հետ բացառապես երկկողմ համագործակցության շրջանակներում անցկացվում են տարատեսակ վարժանքներ և մեթոդական պարապմունքներ՝ ուղղված ՀՀ ԶՈՒ-ում հրահանգիչների ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցությանը, ապա Դաշինքի հետ բազմակողմ, ինչպես նաև անդամ առանձին երկրների հետ երկկողմ ձևաչափերով իրականացվող ծրագրերն ուղղված են օժանդակելու ՀՀ ԶՈՒ-ում կյանքի կոչելու կերպափոխման մաս կազմող ներքոհիշյալ գործընթացները․
– ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում սահմանված չափորոշիչներով յուրաքանչյուր տարի ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի մեկ գումարտակի գնահատման իրականացում՝ միջազգային առաքելություններին մասնակցության համար փոխգործունակությունն ու պատրաստականությունը վերստուգելու նպատակով,
– պրոֆեսիոնալ ռազմական կրթության զարգացում արևմտյան չափորոշիչներով՝ դասավանդվող նյութի և մեթոդաբանության, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի կատարելագործման միջոցով, աշխատանքներ, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» ընդհանուր համակարգման ներքո»:
– ՀՀ ԶՈՒ-ում նոր մոդելի արհեստավարժ սերժանտական կազմի ներդնում և կայացում՝ հայեցակարգային հենքի մշակման, սերժանտական կազմի կրթության և պատրաստության ծրագրերի զարգացման, մարդկային ռեսուրսի կառավարման համակարգի ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ դրամական բավարարման ու սոցիալական ապահովության այլ պայմանների ստեղծման միջոցով»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Հավելենք, որ 2023 և 2024 թվականներին Հայաստանում անցկացվել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը հետ չի կանգնել ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու որոշումից:
Մասնավորապես, ՀՀ-ն չի մասնակցելու Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ն անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռոսգվարդիայի ղեկավարությամբ, որի նպատակը հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունների բարելավումն է:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները ձեռք կբերեն անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ, ինչպես նաև՝ օդուժի և ԱԹՍ-ների կիրառմամբ՝ հատուկ ջոկատայինները կխաղարկեն շենքի և տրանսպորտի վրա գրոհելու, պատանդների ազատ արձակման և գրոհայինների չեզոքացման սցենարներ:
ՀՀ զինված ուժերը տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների պայմաններում նման հմտությունների բարելավման կարիք չունի՞: Իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն իրենց հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցում Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ չեն տեսնում: Գոնե հրապարակավ այդպես են ասում:
Իսկ ՀՀ իշխանությունները դարձյալ փորձելու են համոզել, թե անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի են հասել: