Փաշինյանի թիրախում նախկին իշխանությունների պաշտպանության  նախարարներն են

Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների օրոք պաշտպանության նախարար եղածների որս է սկսել: Տվյալ դեպքում խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է: Ի դեպ, Փաշինյանը և նրա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հենց Վիգեն Սարգսյանի՝ «Ես եմ» ծրագրի պատճենված տարբերակի՝ «Պաշտպան հայրենյացի» հաշվին են փորձում դիվիդենտներ շահել և երևալ հզոր բարեփոխիչներ:

Այսօր Փաշինյանին հնազանդ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ըստ դատախազության հաղորդագրության, 2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանը 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:

Նշվում է, որ այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Կարդացեք նաև

«Դատախազական հսկողությամբ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախարարության հաշվեկշռում ընդգրկված վերը նշված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով, 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ, ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007 թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև՝ նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող 3 անձանց»,– մասնավորապես, պնդում է դատախազությունը՝ նշելով, որ կայացվել է ապօրինի որոշում:

Հավելենք, որ դեռ 2019-ին այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն, թե բավարար ապացույցներ կան՝ լիազորությունների չարաշահման համար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու:

Բայց այդ ընթացքում նշված գործը, ըստ մամուլի հրապարակումների, «շրջել» է քննչականներում՝ Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»:

2019-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:

Եվ ըստ դատախազության` գործը, քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառն այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենևին չեն պատրաստվում այն քննել»:

Եվ հիմա, փաստորեն, ըստ քաղաքական հարմարության, գործընթացը անհրաժեշտ է եղել թարմացնել: Հարցն այստեղ պաշտպանության նախկին նախարարի՝ իր լիազորությունները չարաշահել-չչարաշահելը չէ, այլ՝ իշխանությունների, այսպես ասած, քրեական գործը թարմացնելու շարժառիթը:

Մեր տեղեկություններով, բնակարաններ են տրամադրվել մարտական ուղի և վաստակ ունեցող զինվորականների, հրամանատարների, և, որ Վիգեն Սարգսյանն անհատական որոշում չի կայացրել: Ավելին, մեր տեղեկություններով, Վիգեն Սարգսյանից բնակարան ստացող անձանց մեջ եղել է նաև ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, այսօր ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը, այլ հարց է, որ հնարավոր է՝ հերթի մեջ է եղել:

«Այո, ես էլ եմ եղել, ես էլ եմ ստացել բնակարան։ Ես շատ վաղուց հերթում եմ եղել, ունեցել եմ առաջնահերթություն՝ 4 երեխա եմ ունեցել, դրա համար եմ ստացել բնակարան։ Այդ 29 հոգու հետ, որ անցնում են քրեական գործի ցուցակով, ես կապ չունեմ։ Ես այդ ցուցակում չեմ»,«Հրապարակին» ասել էր Հովհաննիսյանը:

Սպասենք այս գործի զարգացումներին, և թե հաջորդը պաշտպանության նախկին ո՞ր նախարարի դարպասներին է Նիկոլ Փաշինյանը հասնելու՝ փրկելու ձախողված կոռուպցիոն պայքարը:

Տեսանյութեր

Լրահոս