Ինչո՞ւ դատախազությունը և ՊՆ-ն չընդունեցին Վիգեն Սարգսյանի առաջարկը
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը չեն գաղտնազերծում Վիգեն Սարգսյանի օրոք բնակարան ստացած 29 անձանց ցուցակը, որի առնչությամբ քրեական գործ կա հարուցված:
168.am-ը նախ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ փորձելով պարզել, թե ովքե՞ր են բնակարան ստացած այդ անձինք, այդ թվում՝ մարտական ուղի և վաստակ ունեցող, առանձին հարցադրմամբ խնդրել էինք պատասխանել՝ արդյո՞ք ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս այդ ցուցակում է, և ո՞ր թվականից է նա եղել հերթագրման մեջ:
Պաշտպանական գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հորդորել էին դիմել վարույթն իրականացնող մարմին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացի հետ կապված հարուցված է քրեական գործ՝ խնդրում ենք Ձեր հարցադրումները հասցեագրել վարույթն իրականացնող մարմնին»,- նշված էր ՊՆ գրության մեջ:
Հետաքրքիր է՝ պաշտպանության նախարարությունը չի պատասխանել նաև հարցին, թե քանի՞ տարի է Արծրուն Հովհաննիսյանը եղել բնակարանի հերթագրման մեջ, և արդյո՞ք այդ 29 հոգանոց ցուցակում կա նրա անունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ չի հերքել, ըստ էության, Հովհաննիսյանի՝ այդ ցուցակում լինելը:
Ինչևէ, 168.am-ը հարցում էր ուղարկել նաև Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ պատասխանել էին.
«Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ենթակա չէ տրամադրման»:
Նշենք, որ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, առաջարկել էր հրապարակել բնակարան ստացածների ցուցակը:
«Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ըստ դատախազության հաղորդագրության, 2016-2018թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանը 2018թ. հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:
«Ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախարարության հաշվեկշռում ընդգրկված վերը նշված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով, 2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ, ի պաշտոնե տիրապետելով «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության՝ 2007 թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածություններն անհատույց օգտագործման տրամադրելու պայմաններին, ընթացակարգերին ու առաջնահերթություններին, անտեսելով հիշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև՝ նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող 3 անձանց»,– մասնավորապես պնդել էր դատախազությունը՝ նշելով, որ կայացվել է ապօրինի որոշում:
Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչն ավելի ուշ բավարարվել է:
Նշենք նաև, որ 168.am-ը գրել էր, թե այս գործը որքան է ձեռքից ձեռք անցել: