Ի՞նչ հակասություններ են ի հայտ գալիս Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում
Մերձավորարևելյան բուռն զարգացումներն ուշագրավ նրբություններ են բացահայտում հարավկովկասյան իրողությունների վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրերս Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային ակտիվի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայի հատվածում, հայտարարել էր՝ եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում՝ Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։
«Մենք նրանց հետ (Իսրայելի:- խմբ.) կանենք նույնը, ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա։ Չկա պատճառ, թե ինչու չարժե դա անել: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր կատարելու համար»,- խոստովանել էր Էրդողանը, ինչը, թերևս, ՀՀ-ում որևէ մեկի համար նորություն չէր, սակայն լայն քննարկումների առարկա դարձավ՝ ինչպես Երևանում, Բաքվում, այնպես էլ՝ Թել Ավիվում։
Նշելով թուրքական պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, Էրդողանը միևնույն ժամանակ հայտարարել էր, որ այդ հաջողությունները չպետք է որևէ մեկին հանգստացնեն, և եթե Թուրքիան բավականաչափ ուժեղ լիներ, ապա «Իսրայելը չէր կարողանա անել այն, ինչ արեց Պաղեստինի հետ»:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան այսօր հնարավոր ամեն ինչ անում է Իսրայելի դեմ, դադարեցրել է ամբողջ առևտուրը և խզել հարաբերությունները նրա հետ:
Ուշագրավն այստեղ, սակայն, այն է, որ թեև Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Իլհամ Ալիևի շուրթերով մշտապես հայտարարում է, որ առանց Թուրքիայի աջակցության՝ բարդ կլիներ 44-օրյա պատերազմում հաղթանակը, Ադրբեջանին իրականում մտահոգել է Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը։
Թերևս, առաջին անգամ Ադրբեջանից Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական հերքում տարածվեց։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդեց, թե թուրքական զինուժը մասնակցություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված՝ ռազմական գործողություններում որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են», -հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Բաքուն Թուրքիայի ռազմական օգնությունը, բազմաթիվ թուրք խորհրդականների ներկայությունը, նրանց մասնակցությունը գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև զենքի առատ մատակարարումներն անվանել է «քաղաքական աջակցություն»:
Ռուս ռազմական վերլուծաբան, քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինն այս հարցի շուրջ Թուրքիա-Ադրբեջան հակասությունն աննախադեպ իրադարձություն որակեց։ Ըստ նրա, Թուրքիայի մասնակցության մասին բազմաթիվ անգամներ ակնարկել են՝ ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ՝ արևմտյան բազմաթիվ հեղինակավոր էջերում են եղել ապացույցներ։
«Ըստ էության, դրանց հերքմամբ Ադրբեջանը երբեք չի զբաղվել, մշտապես շեշտվել է թուրք-ադրբեջանական եղբայրությունը, տանդեմը, աջակցությունը միմյանց՝ ոչ միայն քաղաքական, այլև՝ ռազմական։ Ռազմական առումով գլխավոր երկիրը, որն ունեցել է առանցքային դերակատարություն Ադրբեջանի ԶՈՒ ներուժի զարգացման հարցում, Թուրքիան է, որը տրամադրել է՝ ինչպես խորհրդատվություն ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, այնպես էլ՝ սպառազինություն, այդ թվում՝ հայտնի «Բայրաքթարներ»-ը և այլն։ Ուստի այստեղ այս հերքումը քաղաքական քայլ է, որը քիչ է վերաբերում հայաստանյան թեմատիկային»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Նա հորդորեց չմոռանալ, որ թեև Թուրքիան ունեցել է ամենաառանցքային դերակատարությունն Ադրբեջանի ռազմական ներուժի կուտակման գործընթացում, ոչ պակաս եղել է նաև Իսրայելի ներդրումը, որը լուրջ սպառազինություն է մատակարարել Ադրբեջան, ստացել է նաև ռազմական էական ներկայություն Ադրբեջանում։
«Ուստի այս անդրադարձով Ադրբեջանը ցույց է տալիս իր հարաբերությունների բնույթն Իսրայելի հետ և այն, որ Թուրքիայի՝ Իսրայելին պատժելու մտադրություններն Ադրբեջանը չի կիսում և դեմ է այդ սցենարին։ Սա մյուս կողմից ցույց է տալիս այն, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները ևս փոխվել են, ամենայն հավանականությամբ, հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն իրեն համարում է պատերազմ հաղթանակած երկիր՝ փորձելով բարձրացնել նաև իր աշխարհաքաղաքական դերակատարությունն ու կշիռը, որի վառ ապացույցն Ադրբեջանի՝ Ֆրանսիայի նախագահին ուղղված քննադատությունն է, ինքնիշխանության դրսևորումներն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ադրբեջանն այլ կերպ է փորձում դիրքավորվել և նկատվում է նաև իր ամենասերտ գործընկերոջ հետ հարաբերություններում»,- ասաց Խրամչիխինը։
Նա չի բացառում, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը լիովին հրաժարվի նաև այն փաստից, որ պատերազմում աջակցություն է ստացել, քանի որ ուժային առումով գերինքնավստահ է դառնում։
«Սրանք աշխարհաքաղաքական և ռեգիոնալ տրանսֆորմացիաների հետևանքով առաջացած հակասություններ են, որոնք, չի բացառվում, որ խորանան։ Սակայն կարծում եմ՝ ամեն դեպքում ՀՀ-ում չպետք է դրա հետ հույսեր կապեն, ոգևորվեն, քանի որ ՀՀ-ի հետ կապված հարցերում երկու երկրները գործում են տանդեմով և այդ մասին հայտարարում են անընդհատ ռեժիմով»,- նկատեց նա։
Խրամչիխինն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի ղեկավարի վերոնշյալ հայտարարությանն անդրադառնում է Ադրբեջանը, որն ընդունել է այդ օգնությունը, սակայն չի անդրադառնում այս հայտարարությանը միջազգային հանրությունը, այնինչ, թերևս գոնե մեկ-երկու արձագանք պետք է լիներ այս մասին։
«Սակայն լռությունն ավելի քան խոսուն է»,- շեշտեց Խրամչիխինը։