«Ալիևի դեմը մենակ Մանվելը կարար առներ, էն էլ…». քաղաքացիները՝ խաղաղության պայմանագրի մասին. Հարցում
«Ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը». տարածաշրջանում խաղաղության գործընթացին անդրադառնալով՝ Կիպրոսում հերթական անգամ հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Իսկ Ադրբեջանից ամենատարբեր տրամաչափի գործիչներ շարունակում են պնդել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհի միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է, այլ պահանջների թվում են նաև՝ ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հայկական կողմի խնդրանքը, ադրբեջանցի «փախստականների» վերադարձը, և այլն։
168.am-ը մայրաքաղաքում հարցախույզով փորձել է ճշտել, թե ՀՀ քաղաքացիներն առաջիկայում որքանո՞վ են հնարավոր համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մեզ հանդիպած անցորդները թերահավատ էին խաղաղության հեռանկարի հանդեպ։
«Ես չեմ հավատում․ էնքան սուտ են խոսում, որ ոչ մի բանի չենք հավատում»,- նշեց Շենգավիթ համայնքի մի բնակչուհի։
Նույն տեսակետն ուներ նաև նախկին զինվորական ներկայացած մի քաղաքացի․ «Հետ-առաջ՝ էլի պատերազմ լինելու է, խաղաղություն չի լինելու։ Էդ գյուղերը, որ տվեցին իրեն, էլի է պահանջելու, ու քանի որ նա եկել է մեր տերիտորիան՝ մեզ պիտի խփի։ Այս ղեկավարությունը ճիշտ չի. Հեն ա, թող Հայաստանը տան՝ պրծնեն»։
Մեր զրուցակիցներից մեկն էլ պատմեց, որ իր զինծառայությունն անցել է ադրբեջանական բանակում, ու նա մի բան է հասկացել՝ ադրբեջանցիներն ատում են հայերին՝ նույնիսկ չգիտակցելով, թե ինչու են ատում։
«Ոչ մի հեռանկար չկա, թույլ մարդուն միշտ էլ խփում են, պետք է հզոր լինես, կամ՝ դիվանագիտություն է, որ ցույց տաս՝ հզոր ես, իսկ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ մենք չունենք հնարավորություն, չենք կարող. թշնամուն էլ դա է պետք։
Չկա նման բան, ավելի վատ է լինելու, Հայաստանը կործանման ենթակա է։ Ռուսներին էլ հանեց, ճիշտ է՝ նրանք էլ մի պտուղ չէին, բայց ինչ-որ ձև պահում էր։ Մենք անգլոսաքսերի քաղաքականությունը տեսել ենք՝ անգամ 1915 թվականին. Մեծ Հայաստան էին խոստանում, իսկ էսօր դարձել ենք՝ այսքան։
Դու կարո՞ղ ես հոսքին հակառակ լողաս, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը… երեք կարևոր ռազմավարական բաները վաճառել են ուրիշին, մի հատ ռուբիլնիկը քաշում է, ու ամեն ինչ վերջանում է»,- իր կարծիքն այսպես հիմնավորեց քաղաքացիներից մեկը։
Տեսակետներ հնչեցին նաև, որ խաղաղության մասին խոսակցությունն արհեստական է, և, որ անգամ պայմանագիր կնքելուց հետո Ալիևի ճնշումները շարունակվելու են, ինչպես նաև վստահեցում են՝ «Ալիևի դեմը կարար առներ էջմիածինցի Մանվել Գրիգորյանը՝ էն էլ տարան օքսիդացրին. հիմա Մանվելին ժողովուրդը երանի է տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում