Փաշինյանի աշխարհաքաղաքական փակուղին. Ի՞նչ են ակնկալում Վաշինգտոնն ու Բաքուն ՀՀ իշխանությունից

Մինչ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր փոթորիկ է հասունանում Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությամբ և իսրայելական ուժերի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին հասցված հարվածով ընդդեմ «Հեզբոլլահ»-ի հրամանատարի, ոչ պակաս հետաքրքրական են զարգացումները ՀՀ արտաքին քաղաքական կյանքում, հատկապես Արևմուտքի մասնակցության, ազդեցության, ինչպես նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ու ալիևյան սպառնալիքների մասով։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի վերջին օրերի Հայաստանին ուղղված ռազմական սպառնալիքների նոր շրջափուլի ֆոնին Արևմուտքը շարունակում է մեծ հույսեր կապել Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, թեև արևմտյան հարթակում վերջերս կազմակերպված երկու հանդիպումներ, մեղմ ասած, տապալվեցին։ Թե Վաշինգտոնը, թե Բրյուսելը զուգահեռաբար տարբեր պաշտոնական և, ըստ ամենայնի, ոչ պաշտոնական խողովակներով Երևանին ու Բաքվին կոչ են անում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրն այն դեպքում, երբ Երևանը պատրաստ է այն ստորագրել, իսկ Բաքուն նորանոր պահանջներ է դնում Երևանի առջև։

Ըստ POLITICO պարբերականի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ փորձելով վերաակտիվացնել կողմերի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները։ Հաղորդվում է, որ Շառլ Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը՝ առաջընթաց գրանցելով դեռևս չլուծված հարցերում, ինչպիսին է, օրինակ, սահմանների սահմանազատումը: Լրատվամիջոցը գրում է՝ այդուհանդերձ, Բրյուսելում աճում է հիասթափությունն այն բանից հետո, երբ ամիսներ տևած ձգձգումները և դիվանագիտական ​​փակուղին այդպես էլ չեն կարողացել երկար սպասված զինադադարն իրականություն դարձնել։

«Չնայած Միշելի հետ հանդիպումներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան հնարավորություն գտնել բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար՝ միմյանց մեղադրելով առճակատման մեջ։ Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելը ԵՄ-ի ուժերի սահմաններում արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Կարդացեք նաև

Օրերս էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ներկայացնելով բանակցությունների հարցով ԱՄՆ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի այցը Երևան, ընդգծել էր․ «Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վեր հանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով մոտավորապես մեկ ամիս առաջ Երևանում էր, ապա Բաքվում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացներին:

«Վճռականորեն աջակցում ենք խաղաղության հասնելու՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ջանքերին։ Ռուսաստանը ցանկանում է, որ դա տեղի ունենա իր պայմաններով, սակայն կողմերը փոքր-ինչ հիասթափված են նրա ներգրավվածությունից։ Մենք ջանքեր ենք գործադրում, որ հնարավոր համաձայնագիրն արտացոլի երկու երկրների խաղաղության ձգտումները։ Նաև Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և գլոբալ շուկաներ ելքի նրանց միակ ուղին ներկայումս Ռուսաստանը կամ Չինաստանն են: Եթե կարողանանք Հայաստանով կամ Ադրբեջանով անցնող ճանապարհ բացել, նրանք հասանելիություն կստանան համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- կրկնել է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում Օ՛Բրայենը։ Ամերիկացի դիվանագետն այնուհետև գնահատականներ է տվել ՌԴ անվտանգային երաշխիքներին ու հայաստանյան հանրության տրամադրություններին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը 2020 թ.-ից առաջ և դրանից հետո եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, սակայն ձախողել է: Դա, ըստ Օ՛Բրայենի, Հայաստանի հանրության շրջանում առաջացել է Ռուսաստանից հեռանալու ցանկություն:

«Այժմ մոտենում է Հայաստանի գլխավոր օդանավակայանից ռուս սահմանապահների հեռանալու վերջնաժամկետը, և Ռուսաստանի քայլերը ցույց կտան, թե Մոսկվան որքանով է հարգում Հայաստանի ինքնիշխան ցանկությունները»,- հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան:

Նա նաև հայտարարել է, որ Պետքարտուղարությունը հարթակ է ստեղծել, որը կօգնի նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ «Էներգետիկ և տնտեսական ոլորտներում Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Մենք պետք է աջակցենք նրանց դիվերսիֆիկացմանը, հնարավորություն տանք կյանքի կոչել այն համարձակ քայլերը, որոնք առաջնորդում է վարչապետ Փաշինյանը»,- հավելել է Ջեյմս Օ’Բրայենը։

Հարկ է նշել, որ գրեթե նույն ժամանակ, երբ Օ՛Բրայենն այս մասին էր խոսում ԱՄՆ Սենատում, Թեհրանում նախագահական երդմնակալությունից առառջ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը զգուշացնում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի՝ ՀՀ շահերին չհամապատասխանելու և օտարներին ՀՀ-Իրան կապերին միջամտելու անթույլատրելիության մասին։ Այնուամենայնիվ, չնայած արևմտյան առաջնորդների հորդորներին՝ ստորագրել համաձայնագիրը, ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են շրջանառել ՀՀ-ին ուղղված պահանջները։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հուլիսի 30-ին հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին։ Ըստ Ամիրբեկովի՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն՝ «վերջնականապես փակել թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում», սակայն նա կրկնել է Ադրբեջանի պահանջը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը։

Նա նաև համաձայնագրի ստորագրման ժամկետներ չի նշել, թեև Երևանը նախորդ ամիս հայտարարել էր մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու մասին։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ ներկայիս իշխանություններից Արևմուտքն ու Բաքուն հստակ ակնկալիքներ ունեն։ Արևմուտքը, ըստ նրա, ակնկալում է ճանապարհ, որից ԱՄՆ փոխպետքարտուղարը կրկին խոսեց Սենատում վերջին լսումների ժամանակ, ճանապարհ, որը, նախատեսվում է, որ կթուլացնի Ռուսաստանի ու Չինաստանի առևտրատնտեսական, կոմունիկացիոն, ինչպես նաև քաղաքական կշիռն ու ազդեցությունը։

«Այստեղ հստակ է ասվում նաև, որ Երևանից ակնկալվում են համարձակ քայլեր այն բանի դիմաց, որ Երևանի համար ստեղծվել է Վաշինգտոն-Բրյուսել հարթակ, փոքր աջակցություն այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ՝ Բլինքեն-Դեր Լեյեն-Փաշինյան հանդիպմամբ։ «Համարձակ քայլեր» ասելով՝ նկատի է առնվում Ռուսաստանի հանդեպ քայլերը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով քայլերը։ Իր հերթին՝ ադրբեջանական կողմը, հասկանալով, որ սահմանադրական փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում և նույնիսկ մեկ ամսում, շարունակում է պնդել այդ պահանջը՝ ամենայն հավանականությամբ այդ ուղղությամբ Երևանից ինչ-որ այլ բնույթի քայլ ակնկալելով»,- ասաց Տարասովը։

Ուստի, նրա խոսքով, կողմերը և Հայաստանի շուրջ իրավիճակը հանգել են մի կետի, երբ Հայաստանից մի քանի ուղղությամբ քայլեր են ակնկալում Արևմուտքը և Ադրբեջանը։

«Եթե այդ քայլերը տեղի չունենան, բնականաբար, գործընթացը կմտնի մեկ այլ փուլ, կամ բանակցային գործընթացը կխափանվի և այլ հանգամանքներ ի հայտ կգան»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ այն, ինչ տեղի է ունենում զուգահեռաբար Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ի քաղաքականության մեկ այլ ճյուղի դրսևորումն է։ «Նպատակը բոլոր ռեգիոններում նույնն է, թիրախները նույնն են, գործելակերպն ու այդ ճանապարհին ԱՄՆ գործընկերներն են տարբեր։ Իհարկե, անկայունությունը Հայաստանի հարևանությամբ չի նպաստում նաև անդրկովկասյան ռեգիոնի կայունությանը»,- ասաց նա։

Տարասովը նշեց, որ Արևմուտքի աջակցությունը՝ լինի դա քիչ թե շատ, ունի գին։

«Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ն ևս պարբերաբար զգուշացնում է։ Ուստի, թերևս, եկել է այն փուլը, երբ Հայաստանից ակնկալիքներ կան Արևմուտքում։ Սակայն սրանք այնպիսի հարցեր են, որոնց դեմ է նախ Իրանը, ապա նաև դա մեծ արձագանք կստանա հայաստանյան հանրության շրջանում, որտեղ տրամադրություններն արդեն իսկ լարված են։ Ուստի այս ամենի ֆոնին շատ հետաքրքիր է դառնում ՌԴ միջնորդության առաջարկը և այն, թե իրականում ինչ կարող է առաջարկել Ռուսաստանը, ինչպես կարող է արձագանքել դրան Հայաստանը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս