Արևմուտքը Հայաստանի խաղաղ ապրելու ֆորմուլան տեսնում է թուրք-ադրբեջանական տանդեմի սատելիտ դառնալու մեջ․ Արմեն Մանվելյան

Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները բեռլինյան ու լոնդոնյան շրջագայություններից վերադարձել են Երևան․ համապատասխան տեսանյութով ընտանիքը հարկ էր համարել տեղեկացնել իրենց գալուստի մասին։ Այս շրջագայությունը, ինչքան էլ արձակուրդային մոտիվներով փորձեցին ներկայացնել, այդուհանդերձ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ սա համարեցին դեպի Արևմուտք ուղղվելու քաղաքական կուրսի հերթական դրվագ։

Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը ևս պնդում է՝ Հայաստանի հետ կապված Արևմուտքի ակտիվացումը բացառապես մեկ թիրախ ունի՝ Ռուսաստան։

«Այդ օրակարգով էր նաև Լոնդոնյան հանդիպումը․ միայն այդ օրակարգով՝ իրենք այլ օրակարգ չունեն. իրենց միակ օրակարգն է՝ ՌԴ-ին հաղթել պատերազմում, – 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Մանվելյանը՝ վստահեցնելով, որ հենց այդ օրակարգի համար է նաև առաջ մղվում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը,- Արևմուտքին այդ «միջանցքն» այնքանով է պետք, ինչքանով այն հնարավորություն կտա Հայաստանը վերջնականապես վերցնել հսկողության տակ՝ դուրս մղելով ռուսական ազդեցությունն ու ռուսական բանակը։ Արևմուտքը Հայաստանի խաղաղ ապրելու ֆորմուլան տեսնում է ծառայություններ մատուցող ինչ-որ տարածք դառնալու մեջ․ այսինքն՝ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ կնքում ենք ինչ-որ ստորացուցիչ «խաղաղության» պայմանագիր, դրա դիմաց իրենց ենք տալիս մեր տարածքները, որոնցով լոգիստիկան է շարժվում, մեզ էլ ինչ-որ կոպեկներ են տալիս, որպեսզի սոված չմնանք։ Ու այդ դեպքում ՀՀ-ն դառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի սատելիտը, նոր վիլայեթ, իսկ դրան էլ կհաջորդի ռուսական զորքի դուրսբերումը»։

Քանի որ նախօրեին Bloomberg-ը տեղեկացրել էր, թե Եվրամիությունը բանակցություններ է վարում Կիևի և Բաքվի հետ Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազ մատակարարելու շուրջ, 168am-ը միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետից նաև հետաքրքրվեց արևմտյան այս այլընտրանքի հեռանկարի մասին։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ նա մասնավորապես նշեց, որ Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազի արտահանումն անհնար է տեխնիկական և մի շարք այլ պատճառներով։

«Դրան գումարած՝ այնպես չէ, որ Ադրբեջանն ահռելի գազի պաշարներ ունի․ նախորդ տարի արդյունահանել է 35 միլիարդ խմ գազ, որից 15 միլիարդն իր ներքին կարիքների համար է, 20 միլիարդը՝ արտահանման,- հավելեց փորձագետը՝ նկատելով, որ Բլումբերգի հրապարակումը հավանաբար տեղեկատվական արտահոսք է՝ տրամադրություններ շոշափելու համար,- Պատերազմը չի խանգարել, որ ռուսական գազն ու նավթը գնան Եվրոպա, չնայած ծավալները կրճատվել են։ Ռուս-ուկրիանական համաձայնությունը, ճիշտ է՝ ավարտվում է, բայց ռուսական գազին այլընտրանք գոյություն չունի։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Ռուսաստանը նախորդ տարի արդյուհանել է 535 միլիարդ խմ գազ․ ծավալներն անհամեմատելի են։ ՌԴ-ի հետ որոշակիորեն կարող են մրցակցել ամերիկացիները և Իրանը, բայց Իրանն իր գազի 90 տոկոսից ավելին ինքն էլ սպառում է»։

Տեսանյութեր

Լրահոս