Արևմուտքին պետք է հակառուսական Հայաստան և ռուսաֆոբ ՀՀ իշխանություն․ քաղաքագետ

«Լոնդոնյան հրավերը Հայաստանի արևմտացման հերթական և տրամաբանական փուլն է, որովհետև, այնուամենայնիվ, ՀՀ արևմտացման ճարտարապետները հենց Լոնդոնում են, իսկ տարածաշրջանում այդ ծրագիրն իրականացնողը Թուրքիան է,- 168amի հետ զրույցում Լոնդոնում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հիշեցմամբ նաև,- ՀՀ ներկայիս իշխանություններն արևմտյան դրոշի տակ թաքնվելով՝ տանում են, ըստ էության, պրոթուրքական քաղաքականություն, իսկ Թուրքիան անգլիական «կրիատուրա» է։ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունների «պրովոդնիկը» տարածաշրջանում միշտ էլ Թուրքիան է եղել»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Լոնդոնի Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ի դեպ, նախօրեին Երևանն ու Բաքուն միմյանց պաշտոնապես մեղադրեցին հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

Վիգեն Հակոբյանը հավելեց՝ Լոնդոնյան հրավերը հերթական մեսիջն է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը հնարավորինս պոկել Ռուսաստանից և Իրանից, ինչն ամենևին չի ենթադրում, որ ուզում են մոտեցնել իրենց․ «Հայաստանը և ՀՀ իշխանություններն Արևմուտքին քիչ են հետաքրքրում արևմտամետության առումով․ իրենց պետք է հակառուսական Հայաստան և ռուսաֆոբ ՀՀ իշխանություն»։

Հարցին, թե ինչո՞ւ Լոնդոնում այդպես էլ չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը․ արդյո՞ք օրակարգի շուրջ անհամաձայնությունն էր պատճառը, քաղաքագետը պատասխանեց, որ այսօր բրիտանա-ադրբեջանական և բրիտանա-թուրքական օրակարգի հիմնական հարցը «միջանցքի» հարցն է, իսկ այդ օրակարգին Հայաստանը գուցե պատրաստ չէ բոլոր դետալներով։

Կարդացեք նաև

«Ոմանք դա անվանում են «Զանգեզուրի միջանցք», Արևմուտքի համար այն ավելի ընդլայնված անուն ունի՝ «Միջին միջանցք», բայց այդ օրակարգին թեև Հայաստանը ստրատեգիապես պատրաստ է, բայց որոշ դետալներ կան, այդ թվում՝ երաշխավորությունների առումով, որին գուցե պատրաստ չէ։ Իսկ մնացյալ հարցերն Ադրբեջանին չեն հետաքրքրում․ իրենք «խաղաղության պայմանագրի» շուրջ նույնիսկ խոսելու նախապայման են դնում, որովհետև մնացյալ հարցերը՝ նաև Սահմանադրություն փոխելու հարցն անգամ պրոցեսը երկարաձգելու համար է, քանի որ իրականում հասկանալի է՝ այդ փոփոխությունը ժամանակ է ենթադրում,- մանրամասնեց նա՝ շեշտելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի իրական խնդիրն է, որ օրակարգում մնա ու կոնկրետ ժամանակացույց ունենա «միջանցք» ստանալու հարցը,- Այսինքն՝ Ադրբեջանն ուղղակիորեն հասկացնում է՝ եթե դու այս թեմայի մասին այժմ չես ուզում խոսել, ես այլ թեմայի շուրջ խոսելու բան չունեմ»։

Վիգեն Հակոբյանն ամփոփելով նշեց նաև՝ հեռու է այն մտքից, որ ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական ունակություն ու կամք՝ մերժելու ինչ-ինչ օրակարգեր։

Տեսանյութեր

Լրահոս