Վտանգավոր նոր զիջումներ են սպասվում, Փաշինյանն արձակուրդ է գնում. ով որ քշում է, տշում է, նա էլ որոշում է. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը չի հանգստանա՝ մինչև համաձայնություն չլինի։
Նա չի մանրամասնել, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը.
«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն: Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում»,- ասել է Միլլերը։
Ի՞նչ նոր ծանր փոխզիջումների մասին է խոսում ամերիկացի պաշտոնյան:
- Փաստացի 6 տարի մենք տեսնում ենք պարտվող, հանձնող, նահանջող Հայաստան։ 2018թ.-ից սկսած՝ Հայաստանը զիջել է ավելին, քան կարող էր լինել որևէ բանակցության ժամանակ, և հիմա ամերիկյան կողմը, որը ստանձնել է միջնորդի դեր, անոնսում է նոր զիջումների մասին։ Թերևս, հիմա խոսքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է։
- Միջանցքային տրամաբանությունը դրված էր դեռևս Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 9-րդ կետում, բայց այդտեղ խոսքը գնում էր բոլոր կոմունիկացիաների բացման մասին։ Այսինքն՝ Հայաստանի բեռները Նախիջևանով կարող էին գնալ Ռուսաստան։ Բայց ո՞վ է հիմա դրա մասին հիշում։ Այդ ամենը խմբագրվել է, և մնացել է միայն Զանգեզուրի միջանցքը։
- Չեմ բացառում, որ կան ռեգիոնալ կամ արտատարածաշրջանային դերակատարներ, որոնց համար Միջանցքն ունի տնտեսական նշանակություն, բայց Թուրքիայի և Ադրբեջանի ամար Զանգեզուրի միջանցքը ստանալն ունի բացառապես քաղաքական նշանակություն։ Դրա նպատակը Հայաստանը և Իրանը կտրելն է։ Իրանը հիմա էլ է ասում, որ իր համար կարմիր գիծ է Հայաստանի հետ սահման չունենալը, բայց ոչ ոք չգիտի՝ այդ պահին Իրանն ինչ առաջնահերթություններ կունենա։
- Հայաստանի այս իշխանությունն իր առաջ մեկ նպատակ է դրել՝ բավարարել բոլոր այն պահանջները, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը դնում են իր առաջ։ Նրա համար միակ խնդիրը ժամանակային խնդիրն է, երկրի ներսում ռեզոնանսը կանխելը։ Հայաստանի իշխանությունը հիմա համարում է, որ առանց այդ պահանջների բավարարման՝ խաղաղություն չի կարող լինել։ Հիմա, թե դրա մեջ կմտնի Զանգեզուրի միջանցքի՞ հանձնում, գյուղերի՞, թե՞ այլ տարածքների, այս իշխանության համար էական չէ։ Սկսած ցեղասպանության ժխտումից, վերջացրած ադրբեջանական դեմարկացիա-դելիմիտացիա կոչվածի պահանջներով, արդեն կատարված է։ Երկրի ներսում տեղի ունեցող ընդդիմադիր գործընթացները դանդաղեցնում են պահանջների կատարման իշխանությունների ընթացքը։
- Զանգեզուրի միջանցքի հարցը հակառուսական հանգույցի տեսանկյունից է շատ կարևոր։ Ամեն ինչ անում են, որ կոմունիկացիաների վերահսկողության՝ ռուսական տարբերակը դուրս բերեն սցենարից։
- Հայաստանի իշխանությունը մեր երկիրը վերածել է զուտ տարածքի, որտեղ տարբեր երկրներ գալիս են, իրենց հաշիվները մաքրում են և գնում։ Ու որևէ մեկին հետաքրքիր չէ՝ Հայաստանը մի՞ գյուղ կկորցնի, թե՞ 20։ Հայաստանն ով որ քշում է, տշում է, նա էլ որոշում է՝ տվյալ պահին Հայաստանն ինչ պիտի անի, ու նրա համար ինչն է կարևոր։ Մենք վաղուց արդեն օբյեկտ ենք։
- Ադրբեջանը Սյունիքում չի գնալու դեմարկացիայի ճանապարհով, որովհետև իր ուզածը նա այլ ճանապարհով արդեն իսկ ստացել է։
- Քանի որ Ադրբեջանի պահանջները նաև ընթացքում են փոխվում, նա խուսափում է ամբողջական փաստաթուղթ ունենալուց։ Դա է պատճառը, որ մինչև այժմ հաստատված չեն երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը, որոնք որոշակիություն կմտցնեին գործընթացի մեջ։
- Ադրբեջանի համար պատմական նվեր է եղել Պրահան ու դրա շուրջ կատարված իրադարձությունները։ Մինչ այդ Ադրբեջանի ողջ խոսույթը հիմնված էր 5 տարի ժամկետի վրա, երբ կլրանար ռուս խաղաղապահ մանդատի ժամկետն Արցախում, բայց 3 տարվա մեջ այնպիսի փոփոխություններ եղան, որ Ադրբեջանի համար կանաչ լույս վառվեց՝ այլ ճանապարհով հարցը լուծելու համար։ Դա սկսվեց Փաշինյանի կողմից Պրահայում պայմանավորվածությունից, երբ Արցախը հանձնեց Ադրբեջանին։
- Կան հատվածներ, որոնց վրա վերահսկողություն ունենալուց հետո Ադրբեջանի համար նշանակություն չի ունենա՝ 7.5 կմ Ջերմուկում առաջ գալուց հետո հետ կգնա՞ն, թե՞ չէ։ Բացի Տիգրանաշենից, Սոֆուլու-Բարխուդարլու-Ոսկեպար ուղղությունից, կան էլի տարածքներ, որոնք պահանջում է Ադրբեջանը, բայց նրանց անունները հիմա չեմ ուզում հնչեցնել։
- Չի բացառվում, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի ասած երկկողմանի զիջումների տրամաբանության մեջ Ադրբեջանը վերադարձնի Բաքվում պահվող հայ գերիների մի մասին, ինչը միշտ էլ քաղաքական շահարկումների հարց է դարձրել։ Ադրբեջանի կողմից էական զիջումներ ես չեմ տեսնում։
- Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի հիմնական նպատակն է՝ թույլ չտալ արցախցիների վերադարձն Արցախ։ Վերադարձի մասին խոսում են պաշտոնական Մոսկվան, Իրանը, ԱՄՆ-ը։ Ադրբեջանը, փորձելով դա կանխել, ինստիտուցիոնալ հուն մտցրեց «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը։ Այս պահին նրանց պետք է, որ Արցախի հարցը փակվի, բայց դա միայն այս պահի համար։ Նրանց հիմա պետք չէ, որ 2-3 տարի հետո ադրբեջանցիները վերադառնան ու, ասենք, Սյունիքում ապրեն, բայց արդյո՞ք վաղը դա նպատակ չի լինելու։ Պարզապես հիմա փախստականների վերադարձի հարցն առաջ բերելով՝ փորձում է բալանսավորել Արցախի թեման։ 2-րդ փուլով Սյունիք ադրբեջանցիների վերադարձի հարցն առաջ կբերվի։
- Արցախցիների՝ Արցախ հավաքական վերադարձի խնդիրները պետք է հավաքված լինեն անվտանգության կազմի տակ։ Լեռնային Ղարաբաղում թուրքական խաղաղապահ մանդատի ներքո չի կարող լինել հայերի վերադարձ։ Դա ԱՄՆ-ում էլ են լավ հասկանում, և կարծում եմ՝ նրանք էլ գիտեն, որ դա կարող է լինել միջազգային խաղաղապահների ներկայության դեպքում։
- Թուրքիան և Ադրբեջանը մինչև կառավարելի, ինքնությունից զուրկ Հայաստան չստանան, երբեք խաղաղության չեն գնալու։ Հայ-ադրբեջանական բանակցություններում բոլորն ունեն իրենց շահը, յուրաքանչյուրը փորձում է իր ուզածը փախցնել, և միայն հայկական շահը որևէ կերպ ներկայացված չէ։
- Եթե պետություններից մեկը պատրաստ է ռազմական գործողությունների գնալ ձմռանը, նա գնալու է դրան։ Ո՞րն է խնդիրը։ Այսինքն՝ հավանական ռազմական գործողությունների վերսկսումը պայմանավորել եղանակային պայմաններով կամ սեզոնով, սխալ է։
- Խաղաղապահ բրիգադի մասնակցությամբ զորավարժություններ տարբեր փուլերում տեղի են ունեցել։ Բայց այն փուլում, երբ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ ֆորմատով զորավարժություններից, գնում է քաղաքական կուրսի փոփոխության, հայ-ամերիկյան զորավարժություններն այլ նշանակություն են ունենալու։ Գործնական առումով այդ զորավարժությունը Հայաստանին ոչինչ չի տալու, մարտունակություն չի բարձրացնելու, բայց քաղաքական իմաստով ցույց են տալիս, որ քաղաքական կուրսի, արտաքին վեկտորի փոփոխության փուլում զորավարժություններ են անում նաև արևմտյան գործընկերների հետ։ Այս զորավարժությունների մեջ ռազմական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։
- ՆԱՏՕ-ական բանակի չափորոշիչներին համապատասխանելը չի լինում զուտ հայտարարությունների տեքստերով, համազգեստի փոփոխությամբ կամ մի քանի զորավարժություններով։ Քանի տարի է՝ այս իշխանությունները հայտարարում են՝ ռուսական բանակը չի արդարացնում իրեն, պետք է գնալ ՆԱՏՕ-ական բանակի ստեղծման ճանապարհով, բայց երբ հարցնում ես՝ ի՞նչ է արվում դրա համար, տակը ոչինչ չկա, դատարկ թղթեր են։
- ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հնչեցրած հայտարարության համատեքստում 2 կոմպոնենտ կա՝ ինքնարդարացումն Արցախը հանձնելու համար, և հայերիս համար կարևորագույն հարցը խեղաթյուրելու ու ՌԴ-ի վրա մեղքը գցելու միտումը։ Այն իշխանությունը, որը հրապարակային հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է ու պետք է հանձնել, հիմա հայտարարում է, որ Ռուսաստանն է հանձնել Արցախը։ Սա ուղղակի զավեշտալի է։ Արմեն Գրիգորյանը պարզապես փորձեց հակառուսականությանը նոր մեծ թափ հաղորդել։
- Այս տարի փետրվարին, երբ Իրանում էի, իրանական քննարկումների մեջ Իրանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ հրադադարի առաջարկի թեման առկա էր։ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»-ն այս իշխանությունների գաղափարական մոտեցումն էր։ Պարզապես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց Արցախը հանձնել պատերազմի միջոցով, որ, ինչպես ինքն էր ասում, իրեն դավաճան չասեն։ Միևնույն է, հայ ժողովրդի ընկալումներում Փաշինյանը հավաքական դավաճանի կերպար է։ Բնականաբար, նա չէր ընդունելու այնպիսի միջնորդական առաջարկ, որի պարագայում Արցախը կունենար որևէ ինքնուրույն կարգավիճակ։
- Այն, որ Ադրբեջանը հանրայնացրեց իր պահանջները Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, շատ ավելի խորքային գործընթացի մասին է խոսում։
- Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարական տալնն Արցախի վրա ադրբեջանական հարձակումից 2-3 ամիս առաջ, ես պատահական չեմ համարում։ Դա եղել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը։ Բոլորն էլ հասկանում էին, որ Արցախի բլոկադայի վերջին փուլը լինելու է Արցախի վրա հարձակումը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։
- Այն, որ Հայաստանում քաղաքական իշխանության գլխին ՔՊ-ն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն իսկ մեր անվտանգությունը վտանգի տակ է, և կարևոր չէ՝ ինչ զենքեր կգան Հայաստան՝ հնդկական, թե՞ ֆրանսիական…
- Մի երկրի արտգործնախարարություն հունիս ամսին հայտարարում է, որ նոյեմբերին պատերազմի սկսման հավանականություն կա, ի՞նչ պիտի անի այդ երկրի քաղաքացին։ Կա՛մ մեր քաղաքացին պիտի արձանագրի, որ ՀՀ ԱԳՆ-ն շանտաժի է ենթարկում սեփական ժողովրդին՝ 2024թ. նոյեմբերին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիայի մասին հայտարարելով, կա՛մ նույն այդ քաղաքացին պետք է արձանագրի, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հեծանիվ է քշում կամ մի ամսով էս իրավիճակում գնում է արձակուրդ։
Հիշեցնենք, որ հունիսին ՀՀ Արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում։