Մենք որևէ անձի, որևէ կառավարության չենք սատարում, այլ դիտարկում ենք, թե կա՞ մի բան, որ ԱՄՆ-ը կարող է անել՝ ուժեղացնելու համար ինստիտուտներն ու հակակշիռները․ Սամանթա Փաուեր
«Ես այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության կարևոր պատուհան ունի՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ը կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որ Հայաստանը պատմական այս պահն օգտագործի։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ 2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները։
168․am-ը հենց այս երկու ընդգծումների վերաբերյալ հարցադրումներ հղեց Սամանթա Փաուերին՝ մասնավորապես նկատելով․
«Խոսում եք թեմաների մասին, որոնք ունեն մտահոգիչ երանգներ․ նախ կցանկանայի հստակեցնել խաղաղության տեսլականի վերաբերյալ Ձեր պատկերացումը, եթե Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին, Արցախի իշխանությանը պահել Բաքվի բանտերում, և ինչպես նշում են տարբեր միջազգային զեկույցներ, շարունակում է նրանց խոշտանգումը, նաև կա ԼՂ բնակչության էթնիկ զտման հանգամանքը, որի իրավական գնահատականը Դուք դեռևս չեք հնչեցնում, այդուհանդերձ, ակնհայտ է, 100 հազարից ավելի հայեր Արցախից բռնի տեղահանվել ու եկել են Հայաստան։
Եվ մյուս հարցադրումը՝ Ձեր խոսքում Դուք պարբերաբար խոսում եք ՀՀ-ում ժողովրդավարության առաջընթացի մասին, սակայն թե՛ հայաստանյան շրջանակներ, թե՛ միջազգային կառույցներ՝ այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպը, բազմաթիվ դրվագներով նշում է ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի մասին, այդ թվում՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության` Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մալյան, քաղաքացիական իրավունքների, խոսքի ազատության սահմանափակումների մասին․ այս առնչությամբ ի՞նչ դիտարկումներ ունեք»։
Ի պատասխան՝ ԱՄՆ պաշտոնյան մասնավորապես արձագանքեց․ «Ձեր հարցը բազմաթիվ մասերից էր բաղկացած․ հարցի վերջին մասի վրա սկզբում կենտրոնանամ, որը վերաբերում էր ժողովրդավարությանը։
Ես այս հարցին վերաբերվում եմ գլոբալ տեսանկյունից՝ տեսնելով շատ զգալի հետընթաց ժողովրդավարության մեջ ամբողջ աշխարհում՝ որ ընտրությունների արդյունքներն են վիճարկվում, կասկածի տակ դրվում, այդ թվում՝ նաև իմ երկրում, որ քաղաքացիական հասարակությունը գնալով ավելի շատ է ճնշումների ենթարկվում (համանման ժողովներ, օրինակ, չեն կարող տեղի ունենալ, երբ Ձեր նման քաղաքացիները չեն կարողանում կառավարությանը քննադատել, քանի որ վախենում են բանտարկումից)։
Այսինքն՝ որևէ առումով բնավ ես չեմ եկել այստեղ, որ դրսից այցելուի հայացքով ՀՀ ժողովրդավարության բոլոր բաղադրիչներին գնահատական տամ, բայց ավելի գլոբալ համայնապատկերի մեջ, այս երկրում եղել են էական զարգացումներ վերջին 5 տարվա ընթացքում, որոնք իրենց հետ բերել են ավելի շատ ազատականացում լրատվամիջոցների ու քաղաքացիների համար, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսեմ․ ավելի շատ թափանցիկություն, իրականում, ՀՀ ժողովրդին պատկանող գույքը ստանալու ջանքեր․ գույք, որը նախկինում գողացվել է այնպիսի մարդկանց կողմից, որոնք հայ ժողովրդի շահերն իրենց շահերին չէին գերադասում։
Ուստի, շատ տեղին է, որ այս երկրի քաղաքացիները Ձեր նկարագրածի նման մտահոգություններ հնչեցնեն․ մեր ԱՄՆ ՄԶԳ մոտեցումը հետևյալն է՝ մենք որևէ անձի, որևէ կառավարության չենք սատարում, այլ դիտարկում ենք՝ տեսնենք, թե կա՞ մի բան, որ ԱՄՆ-ը կարող է անել՝ ուժեղացնելու համար, կառույցները, ինստիտուտները, զսպանակներն ու հակակշիռները, ընդլայնելու համար այն դաշտը, որում նմանատիպ քննադատությունը կարող է հնչեցվել։
Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, ես կասեմ ընդամենը մեկ բան՝ Ձեր նկարագրած բոլոր հարցերը խնդիրներ են, որոնք պիտի լուծվեն, որպեսզի հնարավոր լինի տևական խաղաղություն»։
Մանրամասները՝ տեսանյութում