Սամանթա Փաուերը խուսափեց Արցախում տեղի ունեցածն անվանել էթնիկ զտում
«Չեմ կարող ԱՄՆ Պետդեպարտամենտից առաջ ընկնել իրավական գնահատականի մասով»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ինչպե՞ս է տեսնում, և արդյոք Արցախում տեղի ունեցածը կանվանի՞ էթնիկ զտում։
Սամանթա Փաուերի խոսքով՝ բազմաթիվ պատմություններ արտացոլում են տեղի ունեցածը, ցույց են տալիս ընտանիքների կրած փորձառությունը, ցավը, որը նաև ինքն անձամբ է պահում իր սրտում։ Նա նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այդ ընտանիքներին և սոցիալական աջակցություն է ցուցաբերում։
«ԱՄՆ-ը միջազգային համայնքի այլ սուբյեկտների նման կոչ է անում, որպեսզի այս անձանց և այս ընտանիքների իրավունքներն ապահովվեն, որպեսզի նրանք կարողանան ապահով և հոժարակամ վերադառնալ իրենց տները։ Շատ ընտանիքների ցանկությունն է՝ պարզապես գնալ-այցելել եկեղեցին, վանքը, ազգականի, ընտանիքի անդամի գերեզմանը։ Սակայն մինչ օրս այդ վերադարձը տեղի չի ունեցել որևէ ձևով։ Բայց դա մի բան է, որի ուղղությամբ շարունակելու ենք աշխատել, պայմանները պետք է պատշաճ լինեն, որպեսզի այդ վերադարձը մարդկանց համար հնարավոր լինի, որպեսզի դա հնարավոր լինի, տեղում առկա հանգամանքները պետք է փոխվեն»,- ասաց Սամանթա Փաուերը։
Նա հստակեցրեց, որ ինքը Բայդենի վարչակազմի անդամ է, ուստի տեղի ունեցածի իրավական գնահատականի կոնկրետ հարցն ուսումնասիրվում է Պետդեպարտամենտի կողմից։
«Մենք տեղյակ ենք վերջին հաշվետվությունների մասին, որոնք վերջերս են հրապարակվել, այնտեղ բազմաթիվ փաստաթղթավորված ապացույցներ կան բազմաթիվ ընտանիքներից, որոնք անցել են տեղի ունեցածի միջով և սեպտեմբերին ավելի կոնկրետ։ Ես չեմ կարող Պետդեպարտամենտի գնահատականից առաջ ընկնել այս մասով»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։