Աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արցախը փակեցին բանալիով, մի թատրոնն ի՞նչ է, որ չփակեն. Արթուր Սահակյան

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի դերասան Սամվել Թոփալյանին աշխատանքից ազատել են։ Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«ԳՈՅ-ում եմ… ԼՈՆԴՈՆ ԲԼՅՈՒԶ ներկայացման … Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած))), որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ…))))) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր…))»,- գրել է դերասանը։

Պարզվում է, աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև թատրոնի ողջ անձնակազմին։

168.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ թատրոնի բոլոր աշխատակիցներին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից ազատել են, որպեսզի գնան աշխատանքային նոր պայմանագիր կնքեն, սակայն թատրոնի անձնակազմը չի գնում։

Կարդացեք նաև

«Մեզ առաջարկեցին, որպեսզի գնանք նոր պայմանագիր ստորագրենք, որով մտնելու ենք Սունդուկյան թատրոնի կազմի մեջ, բայց որևէ մեկը չի գնացել, ուստի բոլորի հետ պայմանագրերը լուծարել են։

Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ՝ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, ով համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,- նշեց Արթուր Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախկինում «Գոյ» թատրոնի անձնակազմը լրատվամիջոցների մասնակցությամբ փորձել է երկու անգամ գնալ Սունդուկյան թատրոն՝ նրանց նշած ժամկետում հարցը քննարկելու համար, սակայն Սունդուկյան թատրոնում թույլ չեն տվել։

«Մենք երկու անգամ գնացել ենք, որպեսզի բարձրանանք թատրոն, գուցե քննարկելու, հասկանալու համար, թույլ չեն տվել բարձրանալ։

Հիմա թատրոնից որոշ անձինք ԿԳՄՍ նախարարության հետ բանակցությունների մեջ են, որպեսզի «Գոյը» մնա՝ որպես առանձին միավոր, որովհետև այն ազգային միավոր է, ու այդ «ազգային» բառն ազդում է այս իշխանությունների վրա, ուզում են փակել այդ ազգային օջախը։ Ինքս չեմ բանակցում, նրանց հետ բանակցելու բան չունեմ, թատրոնում ավելի պինդ նյարդեր ունեցող անձինք կան, որոնք բանակցում են:

Մեզ Սունդուկյան թատրոնից նամակ են ուղարկել, մենք նամակ ուղարկողին չենք ճանաչում՝ ո՛չ արվեստի մեջ, ո՛չ կյանքում, մեզ համար նման մարդ չկա:

Անկեղծ ասած, մոնետոն է այս ամենի մեջ խոսել թատրոնից, սրանք Արցախը փակեցին բանալիով, մի թատրոնն ինչ է, որ չփակեն»,- ընդգծեց Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք՝ նախորդ  տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

Տեսանյութեր

Լրահոս