Կլինի՞ արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում ՆԱՏՕ-ի հավաքի շրջանակում
Մինչ Ռուսաստանն ամեն հնարավոր առիթով հայտարարում է, որ Արևմուտքը Հայաստանին «պոկում» է Ռուսաստանից, Հարավային Կովկասը փորձում է վերածել քաոսի ՆԱՏՕ-ի էմիսարների միջոցով, Վաշինգտոնը շարունակում է ինտենսիվ ջանքերը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում՝ որպես միջնորդ հաստատվելու նպատակով։ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի՝ Երևան և Բաքու կատարած այցերից, Վաշինգտոնում առանցքային բնույթի մի շարք հայտարարություններից, Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցից և Բլինքենի մեկնաբանություններից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։
«Հարավային Կովկասի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինեն գագաթնաժողովի շրջանակներում։ Բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել»,- եզրափակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Օրերս Օ՛Բրայենի Բաքու կատարած այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ Վաշինգտոնում հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Պաշտոնական Երևանը հանդիպման հրավերն ընդունել է, Բաքվից հրապարակային որևէ արձագանք դեռ չկա:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել են անցած տարվա հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «միակողմանի մոտեցման» համար։ Եվ ներկայումս ըստ էության Վաշինգտոնը դիվանագիտական ողջ ներուժով լծվել է Խաղաղության համաձայնագրի կնքման գլխավոր հովանավորը դառնալու գործին։ Սրա համար Վաշինգտոնը չի խնայում շռայլ խոսքեր Երևանին և Բաքվին։ ՀՀ-ի դեպքում դա, այսպես կոչված, ժողովրդավարության կեղծ օրակարգն է, որն առաջ է մղվում ՀՀ իշխանությունների կողմից, իսկ Ադրբեջանի դեպքում՝ հարավկովկասյան խաղաղության գործընթացում առանցքային դերակատարությունը։ Ուշագրավ է, իհարկե, այն, որ երկու դեպքում էլ Վաշինգտոնը սատարում է կեղծ օրակարգերի՝ ոչ Հայաստանն է ժողովրդավարության բաստիոն, ոչ էլ Ադրբեջանն է խաղաղարար, այլ՝ ընդհակառակը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին ՆԱՏՕ-ի միջոցառման է հրավիրել հենց տեղում հանդիպում կազմակերպելու նպատակով։
Ըստ նրա, ԱՄՆ-ը չի բացառում, որ ԱՄՆ և մնացած միջնորդությունները մերժած Ադրբեջանը գուցե դեմ լինի կոնկրետ հանդիպման առաջարկին, սակայն միջազգային միջոցառման կուլիսներում հանդիպման կազմակերպումը մերժելն ավելի բարդ կլինի։
«Ընդ որում, բարդ է նաև մերժել այդ միջոցառմանը մասնակցելու հրավերը, քանի որ Ադրբեջանը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ուստի Երևանը, ինչպես հայտարարել է, կմասնակցի, բայց կարծում եմ, որ Ադրբեջանից ևս կմասնակցեն։ Սակայն չեմ կարծում, որ ընդամենը մեկ հանդիպումն ինչ-որ բան կփոխի, և եթե միջնորդ ներառելու նպատակ չկա, ապա, կարծում եմ, չի ներառվի։ ԱՄՆ-ի նպատակն ընդամենը մեկ հանդիպում կազմակերպելը չէ, այլ գործընթացում կայուն ներկայություն և ազդեցություն ստանալը, որպեսզի հետհամաձայնագրային գործընթացները ևս ընթանան ԱՄՆ-ի և ԵՄ-ի համակարգմամբ։ Ակնհայտ է, որ Բաքվի որոշումներից այս հարցում շատ բան է կախված՝ գլխավորապես այն, թե Արևմուտքը կստանա՞ ներկայություն հայ-ադրբեջանական և ռեգիոնալ հետագա զարգացումներում, թե՞ ոչ»,- ասաց Խրամչիխինը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում են Պուտինը, Ալիևն ու Էրդողանը։ «Միջոցառման շրջանակում բանակցություններ են ընթանում Պուտին-Ալիև, Պուտին-Էրդողան ձևաչափով, թեև Ալիևը մի քանի ամիս առաջ էր եղել Մոսկվայում։ Տևական ժամանակ է, նաև խոսվում է ՌԴ նախագահի Անկարա կատարելիք այցի մասին։ Չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաձայնություններին, Մոսկվան այս ուղղությամբ ակտիվ աշխատում է, և ընդհանուր շահերը շատ են»,- ասաց Խրամիչիխինը։
Նա գտնում է, որ հայ-ռուսական օրակարգի թուլացումը Ռուսաստանին ստիպում է ավելի սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ։ «Անդրկովկասում սա, լավ թե վատ, Ադրբեջանի կշիռը բարձրացնում է։ Ինչպես տեսնում ենք, ռուս-ադրբեջանական օրակարգը և բարձրաստիճան շփումներն ակտիվ շարունակվում են»,- ասաց վերլուծաբանը։
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ Արևմուտքը Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որով ուղերձ է հղում, որ Արևմուտքը Հարավային Կովկաս-Արևմուտք հարաբերությունները պատկերացնում է մեկ փաթեթով։ Գագաթնաժողովը, նրա խոսքով, առիթ է կազմակերպելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ տարբեր շփումներ։ Միջնորդի ներկայությամբ բանակցությունները երբեմն կաշկանդող են, սակայն արդյունավետ՝ բանակցություններում հավասարակշռություն պահպանելու տեսանկյունից։
Նրա կարծիքով, Ռուսաստանը մասամբ հեռացել է ռեգիոնից, կատարել նահանջ, չփորձելով միջամտել բանակցություններին և ընդունելով ռեգիոնի ուժային նոր հավասարակշռությունը։ «Արևմուտքը ևս դա ճանաչում է, սակայն ձգտում է ավելի մեծ մասնակցության»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, եթե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հնարավոր լինի հանդիպում կազմակերպել Երևանի և Բաքվի միջև, ապա գուցե հնարավոր լինի համաձայնագրի ստորագրման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։
«Եթե նույնիսկ չհաջողվի, ապա այդ հարցը լինելու է հանդիպման օրակարգում, դա առաջ են մղում Երևանն ու Արևմուտքը»,- ասաց նա։