Ադրբեջանում ԶՈՒ համալրման խնդիր կա՞, թե՞ պատերազմի են պատրաստվում. 35 տարեկանը չլրացած «նեգոդնի» ճանաչվածների որոշումները կվերանայվեն
Ադրբեջանում անսպասելի որոշում է կայացվել ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց համար:
Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական բժշկասոցիալական փորձաքննությունների և վերականգնման գործակալությանը, գրել են, որ նախկինում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված մինչև 35 տարեկան քաղաքացիները կրկնաստուգում կանցնեն, որից հետո միայն կորոշվի՝ նրանք պիտանի՞ են ծառայությանը, թե՞ ոչ:
Նշենք, որ հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով, որի ժամանակ նախարարը նշել էր, որ առաջիկայում ձեռնարկվելու են քայլեր, որոնք կխթանեն անձնակազմի համալրման կարևոր գործընթացը:
«ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում»,– շեշտել էր Սուրեն Պապիկյանը:
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ զորակոչի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան:
«Այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում, մի շարք փոփոխություններ ենք նախաձեռնելու կառավարության որոշումներում, հնարավոր է, որ անհրաժեշտություն ունենանք նաև օրենսդրական փոփոխություններ կատարելու: Բայց մի բան փաստ է, որ ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Վարչապետն անդրադարձել է դրան, կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին՝ դրանով զբաղվել, Պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցել, վեր հանել բոլոր խնդիրները, որ կարողանանք հավասարության սկզբունքը մեր երկրում ապահովել»,- շարունակել էր Պապիկյանը:
ՀՀ պաշտպանության նախարարից առաջ Նիկոլ Փաշինյանն էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը նշել. «Առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ»:
«Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ»,- շարունակել էր նա:
Այսինքն, երկրի ղեկավարը գաղտնազերծում էր թույլ տվել՝ «զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ», և որոշակի հուշում կատարել, որից կարող է օգտվել հակառակորդը, եթե հաշվի առնենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված զինվորներին ուղղված իր մարտակոչում հայտնել էր, որ «այդպիսի 10.000 տղա կա Հայաստանում»:
Ի դեպ, 2023 թվականի նոյեմբերին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, երբ ներկայացնում էր իր օրինագիծը, դարձյալ գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ էր հայտնել։
«Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44.000 ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44.000-ից դառնալով 24.000»,- մանրամասնել էր նա:
Բնականաբար, ոչ մի պատասխան չտվեց ՔՊ-ական պատգամավորը, որովհետև սա կնշանակեր, որ իր գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ հրապարակելու համար պատասխանատվության պիտի ենթարկվի առաջինը Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի՝ զորակոչի հետ կապված մտահոգություններից և գաղտնազերծումներից հետո զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկը որոշվեց կրճատել: Բայց, բնական է, որ ԶՈւ համալրման, այդ թվում՝ անձնակազմի հետ կապված խնդիրը շարունակում է բարդ լուծելի մնալ:
Իսկ ծառայելու պատրաստակամության պակասի մասին խոսող Սուրեն Պապիկյանը և Նիկոլ Փաշինյանը նախ իրենք իրենց պիտի հարց տան՝ ինչո՞ւ է այդպես սուր համալրման խնդիրը, ինչո՞ւ կարող է սպան, ինչպես ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է ասել՝ «Սպան գալիս, ասում է` չեմ ծառայում, վերցրեք ձեր 10 մլն-ը, ես գնացի…»:
Այսինքն, ոչ միայն պիտի հետ գնան դեպի 2020 թվականի 44-օրյա պատերազմ, հաշվի առնեն դրա ելքը, կորուստները, պատերազմից հետո մոտ 3 տարվա ընթացքում ՀՀ ԶՈւ-երում ստեղծված մթնոլորտը, կարգապահությունը, բարոյահոգեբանական վիճակը, արտաքին վտանգներին դիմակայելու ոչ բավարար կարողությունը, պատերազմից հետո 3 տարվա ընթացքում մարդկային ու տարածքային կորուստները, բանակի մասին հայտարարություններն ու տարվող քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնությունները, երբ փողով կարելի է ազատվել զինծառայությունից, իշխող ուժի ներկայացուցիչների և պաշտոնյաների՝ տարբեր հանգամանքներով, պատճառաբանությամբ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բանակում չծառայելու հանգամանքը և փաստերը։ Եվ, որ ամենակարևորն է՝ այսօր իր դիրքում կանգնած զինծառայողը՝ ժամկետային, պայմանագրային, ապահովագրված չէ այն բանից, որ իր կանգնած դիրքը, տարածքը վաղը կարող է ՀՀ իշխանությունները ոչ հայկական համարեն և հանձնեն Ադրբեջանին, զինծառայողն այսօր կաշկանդված է, որ հանկարծ չդատվի կրակելու համար, հատկապես, երբ Փաշինյանի կառավարությունն առավել հակված է մեղադրել սեփական զինվորին, հիմա էլ որոշել է ռազմական արդարադատությունը «հանձնել» Ալիևի ձեռքը՝ առաջարկելով երկկողմ հետաքնությունների մեխանիզմ ձևավորել, որտեղ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ:
ՀՀ ԶՈՒ համալրման վերը նշված պատճառների շարքը կարելի է լրացնել, իսկ թվարկվածներից յուրաքանչյուրի վերաբերյալ կարելի է երկար և մանրամասն խոսել, բայց թողնենք մեկ այլ առիթի:
Իսկ մինչ այդ, ինչպես արդեն նշեցինք՝ Ադրբեջանում անսպասելի որոշում է կայացվել ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց համար, և նախկինում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված մինչև 35 տարեկան քաղաքացիները կրկնաստուգում կանցնեն, որից հետո նոր միայն կորոշվի՝ նրանք պիտանի՞ են ծառայությանը, թե՞ ոչ:
Իսկ թե հետին ինչ նպատակներ կան թաքնված ադրբեջանական այս որոշման մեջ, ժամանակը ցույց կտա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն համալրման հետ կապված խնդիրներ ունի՞, թե՞ պատրաստվում են լայնամասշտաբ գործողությունների և այսօրվանից արդեն մարդկային ռեսուրսի խնդիրներն են փորձում լուծել: