Երկու աթոռին նստելու քաղաքականությունն ու «Ճանճի մոդելից» հրաժարումը․ ի՞նչ տնտեսական հեռանկար ունի Հայաստանը ԵՄ-ում
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են ՀՀ իշխանություններին իրազեկել «երկու աթոռին նստելու» քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է օրերս շեշտել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անհամատեղելիության մասին, ինչպես նաև նկատել՝ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։
Բայց սա Հայաստանի հանրային ու քաղաքական եվրոպամետ շրջանակներին բնավ հետ չի պահում Եվրամիություն գնալու բյուրեղյա երազանքից։
Տնտեսական ի՞նչ հեռանկար է մեզ սպասվում Եվրամիությունում, և որքանո՞վ է իրատեսական այս փուլում գնալ ԵՄ, եթե ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշները ՀՀ գործող իշխանությունների համար գլուխ գովալու հիմնական թեման են․ 168.am-ն այս հարցադրումների շուրջ զրուցել է տնտեսագետների հետ։
«Հայաստանը չի կարող լինել երկու տնտեսական միություններում․ մենք ընտրել ենք ԵԱՏՄ ճանապարհը, որը բխում է բացառապես մեր տնտեսության շահերից՝ ինչի մասին վկայում են մեր տնտեսական ցուցանիշները,- մեզ հետ զրույցում շեշտեց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը, ապա հավելեց,- Բացի սա, այն արտադրանքը, որ ունի ՀՀ-ն, իրացվում է բացառապես հետխորհրդային երկրներում, հիմնականում ՌԴ-ում։ Մենք ունենք գյուղմթերք, կոնյակ, ջերմուկ, գյուղատնտեսական պահածոյացված ապրանքներ, որոնք եվրոպական շուկայում պահանջարկ չունեն։ Եվրոպական ստանդարտները շատ խիստ են, և ակնկալել, որ ինչ-որ կախարդական փայտիկով հնարավոր է փոխել եվրասիական շուկան եվրոպականով՝ հեքիաթ է»։
Մասնագետը նկատեց՝ շուկան ինքնակարգավորվող մեխանիզմ է, ու եթե որևէ իքս արտադրանք ունենա պահանջարկ, այդ ապրանքը հիմա էլ կարող է արտահանվել եվրոպական շուկա։
«Որևէ խոչընդոտ այդ առումով չկա, ու չի կարելի հակադրել ԵԱՏՄ-ն՝ ԵՄ-ին։ Ամենափայլուն օրինակը Վրաստանի օրինակն է․ Վրաստանի տնտեսությունը որևէ բանով չի շահել եվրոասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո, շարունակում է պորտալարով կապված մնալ ռուսական շուկայի հետ, ու եթե վրացական գինիներն ու հանքային ջրերը չարտահանվեն ՌԴ, Վրաստանի տնտեսությունը կոլապսի կենթարկվի»,- մանրամասնեց նա։
Ավելին՝ մասնագետը կանխատեսում է, որ Վրաստանն առաջիկայում անդամակցության հայտ կներկայացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու համար։
Հայկ Ֆարմանյանը շեշտեց, որ ԵՄ-ի հետ որևէ տնտեսական հեռանկար չի տեսնում՝ նաև Մերձբալթյանի երկրների օրինակը նկատի ունենալով։
«ԵՄ անդամ դառնալուց հետո Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում տարբեր ցուցանիշներով անկում արձանագրվեց․ համախառն ներքին արդյունքի մասով՝ 3 տոկոս, արտահանման ծավալների մասով՝ 15 տոկոս։ Այդ երկրներն ընդամենը դոտացիաների վրա ապրող երկրներ են»,- նշեց նա։
Տնտեսագետ Գրիգորի Վահանյանը խնդրի լուծումը տեսնում է «Ճանճի մոդել»-ից հրաժարվելու մեջ։
«Հայաստանը մի վանդակ է, վանդակի մեջ 6 պատ է․ պատերը՝ հարևանները։ Վանդակի մեջ Հայաստանը թռչող ճանճ է։ Ճանճը թռչում է՝ դիպչում մի պատին, հետո՝ մյուս պատին․ որևէ տրամաբանություն՝ կառավարության մոտեցումների և աշխատանքի տեսանկյունից չկա, քաոտիկ շարժումներ են»,- 168.am-ի հետ զրույցում մոդելը պատկերավոր նկարագրեց տնտեսագետը՝ կարևորելով վանդակից դուրս գալու անհրաժեշտությունը։
Խոսելով ԵԱՏՄ-ից՝ ԵՄ անցման մասին՝ նա շեշտեց, որ չի կարելի մի համակարգից թռչել մյուս համակարգ, ապա հիշեցրեց մեր պատմության մեջ եղած նախադեպերը՝ նկատելով, որ նման քաոտիկ թռիչքներն ունենում են լրջագույն հետևանքներ։
«Մի համակարգից մյուսին անցնելը պահանջում է համապատասխան օրինաչափ քայլեր, քանի որ հակառակ պարագայում՝ նման անցումները բերում են կորուստների։ Նման քայլերը պետք է արվեն, եթե կա ռազմավարություն»,- ասաց Գրիգորի Վահանյանը։
Հնարավո՞ր է, որ դեպի Եվրոպա մեր անցումը լինի թուրքական էքսպանսիայի գնով՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ տնտեսագետը նշեց․ «Դա դարձյալ ճանճի մոդելից է գալիս․ այսինքն՝ մենք չպետք է մեզ ճանճի տեղ դնենք, պետք է հրաժարվենք ճանճի քաղաքականությունից․ մենք գործոն ենք»։
Ամփոփելով՝ նա հավելեց, որ դեմ չէ Եվրամիություն գնալու գաղափարին, բայց առանց այս իշխանության ու նաև՝ հաստատված ռազմավարական ծրագրով։
«Ոչ թե ժողովրդին դիմես՝ դու կո՞ղմ ես, թե՞ ոչ։
Ժողովուրդը կարող է ճիշտ որոշել, եթե համեմատի․ իսկ հիմա՝ ի՞նչն ինչի հետ ենք համեմատելու․ մենք ոչ այնտեղ, ոչ այստեղ՝ չունենք ռազմավարություն,- մանրամասնեց նա, ապա հիշեցրեց,- Ալբանիան ԵՄ ում է, բայց այնտեղ ավելի վատ են ապրում, քան դեռ սովետական ժամանակահատվածում։ Այսինքն՝ մտնելը դեռ չի երաշխավորում, որ ձեր կենսամակարդակը կբարձրանա, բարեկեցիկ կապրեք»։
Առհասարակ, Գրիգորի Վահանյանը կարևորում է հավասարակշռված քաղաքականությունը՝ նկատելով, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական միությունը Եվրամիությանը կապող կամուրջ։