Արցախը հանձնել է Փաշինյանը՝ պայմանավորված պարտությամբ, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս. Արցախի հարցը փակված չէ, պանդորայի արկղը Շահրամանյանը չի բացել. Հակոբ Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո փորձում է ընդհանրապես վերացնել «արցախահայություն» խոսույթը և այնպես անել, որ արցախցիներն իրենք էլ մոռանան Արցախը։ Նա չի հասկանում, որ արցախցու մեջ պետականության գաղափարն ավելի ամուր է նստած, քան իրենց շատ ու շատ պաշտոնյաների մեջ։ Հակաարցախյան նոր էտապ է սկսվել։ Դա աններելի և անթույլատրելի է։
- Եթե ինչ-որ ուժ կա, որ արցախցուն բերել է ցույցերի, դա մեր թշնամու վարած քաղաքականությունն է ու Հայաստանի իշխանության՝ հակաարցախյան քաղաքականությունը։
- Պետք է փաստերը համադրելով հետ վերադառնանք ու տեսնենք՝ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2020թ․նոյեմբերի 9-ին, երբ թշնամին շատ ավելի քիչ տարածքներ վերցրեց, քան հանձնեց Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ։
- Արցախի շրջափակման ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները գեթ մեկ անգամ չասացին, որ շրջափակման բեռը թոթափելը նաև իրենց պարտականությունն է։ Իսկ 2023թ․սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմն իր ինտենսիվությամբ մի քանի անգամ գերազանցում էր 44-օրյա պատերազմին, ու դրանից հետո ասել՝ արցախցիները չպայքարեցին, թողեցին, փախա՞ն…
- Պետք է նայել՝ որտե՞ղ էինք մենք 2018թ., երբ իրենք եկան իշխանության, և որտե՞ղ ենք մենք հիմա։
- Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեր կուսակցության ստեղծման օրվանից միշտ եղել է մեր քննադատության կիզակետում, բայց երբ մարդը չի կարող քեզ պատասխանել, բարոյական չէ ասել բաներ, որոնք նույնիսկ հերքվել չեն կարող։ Ու սա այն դեպքում, երբ նույն Արցախի Անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանը սերտորեն համագործակցում էր Արայիկ Հարությունյանի հետ։ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր բողոքում են այն մարդուց, ով անվերապահորեն սատարել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այսինքն՝ Արայիկ Հարությունյանից։ Ինձ թվում է՝ երբ մենակ են մնում, իրենք էլ են հասկանում՝ ինչ երկիր էր Արցախը և ինչ դարձրին, և դրա համար փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից՝ մեղքը գցելով ցանկացած մարդու վրա։
- Երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, նման հարցադրումներ է անում, ուզում ես հարցնել՝ իսկ ո՞րն է քո շահը։ Իհարկե, Ռուսաստանին հարցեր կան, բայց երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, Ռուսաստանը չէր ստիպում նրան նման բան ասել։
- Կա պատվեր, հրահանգ՝ երկրում հակառուսական տրամադրություններ հրահրելու համար, ու այդ հարցում ՀՀ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Այո՛, Ռուսաստանի հետ պարզելու խնդիրներ կան, բայց արդյո՞ք Ռուսաստանի հետ վատ, թշնամական հարաբերությունները բխում են մեր ժողովրդի ու պետության շահերից։
- Ես կարծում եմ՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին, որ այդ պատերազմը վերջանալու է պարտությամբ, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի մաս։ Այստեղ իշխանությունների համար անակնկալներ չեն եղել։ Նույնիսկ մենք էինք զարմանում, որ այդ օրերին տեղի էին ունենում պատերազմի տրամաբանությանը հակառակ գործողություններ, օրինակ՝ զորքերն այն արագությամբ էին տեղաշարժվում, հանձնվում տարածքներ, որ ապշել կարելի էր…
- Եթե ամեն ինչ՝ 44-օրյա պատերազմի պարտությունը, Արցախի հանձնումը պայմանավորված չէր, ինչո՞ւ այսօր Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը որևէ կերպ թույլ չտվեցին մասնակցել պատերազմին, ինչո՞ւ մեկուսացրեցին նրանց ու դաշտային գեներալներին, փորձառու զինվորականներին։ Եթե 90-ականներին հաղթանակ կերտած ողջ ռազմաքաղաքական ղեկավարությանն ընդգրկեին 44-օրյա պատերազմի մեջ, այսպիսի պարտություն չէր լինի։ Կար վերին իշխանական մի խումբ, որը չէր ուզում, որ մենք հաղթեինք այդ պատերազմում։
- Նախկինում Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի, ՀՀ նախկին իշխանությունների համար, ինչը այսօրվա գործող իշխանությունը, քաղաքական ուժը ներարկում էր ժողովրդի մեջ, այլ անվտանգային այն վահանն էր, որը պաշտպանում էր Հայաստանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հայտարարություններին, թե Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները: Շահրամանյանը հայտարարել էր՝ «Մինչև վերջին օրը Արցախի ՊԲ-ն ենթարկվել է Հայաստանի կառավարությանը»:
«Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի։ 7 տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք պատերազմ է տեսել, դուրս ենք եկել, երբ հասկացել ենք, որ մենակ ենք, պետք էր փրկել կյանքեր: Ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք, և դիմադրել մեկը 12 հարաբերակցությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ հնարավոր չէր: Պետք էր փրկել կյանքեր, ինչը Արցախի կառավարությունն արել է»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին, յուղած, ապա Շահրամանյանը ևս մեկ անգամ տեղեկացրել է․
«Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, թե սպառազինությունն ում հաշվեկշռում էր գտնվում և ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում Արցախի Պաշտպանության բանակը։ Վերջերս Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ևս անդրադարձել է այդ հարցին և նշել, որ մինչև վերջին օրը Արցախի ՊԲ-ն ենթարկվել է Հայաստանի կառավարությանը, և հանդիսանում էր ՊՆ-ի կառուցվածքային ստորաբաժանում։ Սա է այն ճշմարտությունը, որը պետք է մեր ժողովուրդն իմանա, և չփորձել մեղավորներ գտնել»։
Հիշեցնենք նաև, որ 2023թ. հոկտեմբերին ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սամվել Շահրամանյանը պատասխանել էր հաճախ հնչող այն հարցին, թե ինչու Պաշտպանության բանակի սպառազինությունը դուրս չի բերվել ԼՂ-ից և տեղափոխվել Հայաստան։
«Այդ հնարավորությունը մենք կորցրել ենք ադրբեջանական կողմից հսկիչ-անցագրային կետ տեղադրելուց հետո։ Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ ԼՂ-ից։ Այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին, բանակի տեխնիկան և սպառազինությունը մենք հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար։ Դա պիտի ոչնչացվի՝ ըստ պայմանավորվածության»,- ասել էր Արցախի նախագահը։
2024թ. մարտին Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում «իրականացված հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և որպես ավար առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա: Նրա խոսքով, 2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրել և որպես ավար վերցրել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք։
«Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, պարզ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»,- նշել էր Ալիևը։
- Մինչև 2018 թվականը մենք բոլորս ընդունում էինք «Մեկ հայրենիք, երկու պետություն» գաղափարը։ Նախկին իշխանությունների ժամանակ այդպես էր։ 2018թ.-ից սկսվեց մի գործընթաց, որ Արցախ գոյություն չունի, որ հայաստանցիների հարկերը գնում են Արցախ ու այնտեղ մխսվում, որ 2018-ի իրենց հեղափոխությունն ավելի կարևոր արժեք է, քան արցախյան մեր ազատամարտը։ Պանդորայի արկղը Սամվել Շահրամանյանը չի բացել։ Իրենք գիտեն՝ վաղն ինչ են անելու, ու դրա մեղքն այսօրվանից գցում են արցախահայության վրա։
- Միանվագ 100.000-ական դրամներն ու կոմունալ ծախսերի ու տան վարձերի 10+40.000-ական դրամները ՀՀ այս իշխանությունները որպես դագանակ են պահում արցախահայերի գլխին։ Դա ծրագիր չէ, այլ զսպաշապիկ, որ արցախցիներին հետ պահեն բողոքի ցույցերին մասնակցելու, իշխանություններին քննադատելու գաղափարից։ Մի կողմից ասում են՝ դարձեք ՀՀ քաղաքացի, մյուս կողմից՝ արգելում են մասնակցել բողոքի ակցիաներին, հանրահավաքներին, քննադատել իշխանությունների սխալ քաղաքականությունը…
- Այնքան, ինչքան արցախցիներն են հասկանում խաղաղության գինը, պատերազմի արհավիրքը, տնից-տեղից զրկվելու ցավը, փառք Աստծո, Հայաստանում չգիտեն, ու Սրբազան պայքարին մասնակցելու՝ արցախցիների մոտիվը հայրենիք չկորցնելու դեմ պայքարն է։ Երբ արցախցիներին ոստիկանները հայհոյում էին ու ծեծում, թե՝ արցախցի ես, ի՞նչ գործ ունես, միտինգ ես եկել, դա դուրս է բոլոր բարոյական կանոններից…
- Նույնիսկ Հանրային հեռուստատեսությամբ թիրախավորում, ատելության խոսք են տարածում արցախցիների նկատմամբ:
- Քանի դեռ կա մեկ արցախցի, ով երազում է տուն վերադառնալ, Արցախի հարցը փակված չէ։ Այս մարդիկ ուզում են այնպես անել, ասես՝ ո՛չ Արցախ կա, ո՛չ արցախահայեր։ Արցախցիներն Արցախից չեն փախել։ Արցախցիների դուրս գալն Արցախից յուրատեսակ հանրաքվե էր, և մենք միահամուռ ցույց տվեցինք, որ պատրաստ չենք Ադրբեջանի ենթակայությամբ ապրել։
- Արցախի քաղաքապետերն ընտրված քաղաքապետեր են, իրենց ժողովրդի մեջ մեծ հարգանք ու հեղինակություն են վայելում։ Որպեսզի կարողանան արցախահայությանը որպես կոլեկտիվ միավորում վերացնեն, գնում են Արցախի քաղաքապետերին մեկուսացնելու ճանապարհով, որպեսզի կարողանան կանխել արդարացի ցասմանն արցախահայության ընդգրկվածությունը։ Արցախահայության ճնշող մեծամասնությունը գտնում են, որ իրենք այստեղ ժամանակավոր են գտնվում ու փայփայում են վերադարձի գաղափարը։ Այս իշխանություններին դա պետք չէ։ Տարբեր մակարդակներում մենք պետք է ցույց տանք, որ Արցախի հարցը լուծված չէ։ Արցախից արցախահայությունը բռնի կերպով է տեղահանվել, դա անկատար ցեղասպանություն էր։ Այս կոնֆլիկտը չի կարող լուծված համարվել, քանի դեռ չկա արդարության զգացում։ ՀՀ իշխանությունները բացարձակ չեն խոսում արցախահայության՝ Արցախ վերադարձի մասին։ Բնականաբար, արցախահայությունը պետք է լավ վերաբերվի բոլոր այն գործիչներին, ովքեր իշխանություն դառնալու դեպքում բաց կպահեն Արցախ վերադարձի հարցը։
- Եթե ՀՀ իշխանությունների գործողությունները ծափողջույններով են ընդունվում թշնամի երկրի կողմից, դա ևս մեկ ցուցիչ է, որ այս իշխանությունները ճիշտ ճանապարհով չեն գնում։
- Պատերազմից խուսափելու միջոցը հակառակորդ երկրի պահանջները կատարելը չէ՛։
- Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան տանելու պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ կա արհամարհանք այն ամենի հանդեպ, որտեղ կա «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը։ Դռները ջարդելով՝ մեքենան տանելն արցախահայերին վախի մեջ պահելն էր և Ադրբեջանի իշխանությանը գոհացնելը։
- Արցախից բռնի տեղահանված մեր հասարակությունը գտնվում է կոլեկտիվ տրավմայի մեջ։ Այստեղ լուրջ ծրագրեր պիտի իրականացվեն, և միայն գումար տալն այդ խնդիրների լուծում չէ։ Արցախցիները դեռ երկար կհիշեն դեպի Հայաստան 36-40 ժամվա ճանապարհն ու Հակարիի կամրջով ամոթալի անցումը, ու դրա հաղթահարման միակ ձևն Արցախ վերադարձն է։
- 20-25 000 արցախցիների արտագաղթի մասին են խոսում, և այդ թիվը դեռ կմեծանա։ Եթե Հայաստանի իշխանությունների համար Արցախ վերադարձի հարցը փակված է, բնականաբար, ինչքան քիչ արցախցի լինի այստեղ, այնքան իրենց համար լավ։ Արցախի ճանապարհը փակ չէ, եթե արցախցիները չհեռանան։
Մանրամասները՝ տեսանյութում։