«Երևանում անվտա՞նգ են. ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, ամեն րոպե մի կարգավիճակ է ջրի երես դուրս գալիս». Հին Շենի գյուղապետ
Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանալու Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
Հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին, իսկ նախարար Գնել Սանոսյանն էլ անցյալ շաբաթ լրագրողներին փոխանցել էր, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի գարնանը։ Իսկ թե մինչ այդ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ մարդիկ ինչպես են գնալու, հստակ որևէ բան չեն ասում։
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։
«Անվտանգության հարցերը մեզ չվերաբերող հարցեր են։ Անվտանգության առումով որևէ բան չենք կարող ասել, հիմա Երևանում անվտա՞նգ են: Ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, ամեն րոպե մի կարգավիճակ է ջրի երես դուրս գալիս։
Անվտանգության հետ կապված հարցերին պետք է պատասխանեն այնպիսի մարդիկ, որոնք ամեն ինչից տեղյակ են։ Դրա համար Անվտանգության խորհուրդ կա, ժողովրդի անվտանգության մասին են մտածում։ Համայնքի ղեկավարը ոչինչ չի կարող ասել, ի՞նչ իմանա, անվտա՞նգ կլինի, թե՞ ոչ»,-նշեց Հին Շենի գյուղապետը։
Սամվել Սարգսյանի փոխանցմամբ, մինչև այս պահը դեռևս Բերձորից ու Աղավնոյից որևէ բնակիչ չի դիմել՝ Հին Շենում բնակություն հաստատելու համար։
«Դեռևս նման ցանկությամբ մեզ բնակիչներից որևէ մեկը չի դիմել»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։