
«Վերջին շրջանում եկեղեցականների հետ գործ չունեմ. միանշանակ կան չուլանացված եկեղեցիներ». Հայկ Ղալումյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի խոսքով՝ իրենց տները կորցրած կիրանցեցիներին տրվող փոխհատուցումներն իրականացվել է Կառավարության գաղտնի փոխհատուցմամբ։
«Հավաստիացնում եմ ձեզ, որ 90 և ավելի տոկոսը ստացել է իր փոխհատուցումը։ Քիչ տոկոսը, որ չի ստացել՝ պայմանավորված է նրանով, որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, ժառանգության խնդիրներ կան այդ գործընթացի մեջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Ղալումյանը։
Ըստ նրա, կիրանցեցիներն այժմ ապրում են անվտանգ միջավայրում։
«Տեսնում եք, աշխարհի մի ծայրից մյուսին խփում են, այդ տարածությո՞ւնն է խնդիրը, ես այդպես չեմ մտածում։ Կարծում եմ, դուք այդպես չեք մտածում, ուղղակի հարց է, տալիս եք։
Հավաստիացնում եմ, որ Կիրանց գյուղից որևէ մեկը դուրս չի գալիս, այսօր գյուղում 55 նոր բնակարան է կառուցվում»,- նշեց Հայկ Ղալումյանը։
Ինչ վերաբերում է կիսաքանդ եկեղեցիներին, Հայկ Ղալումյանն ասաց, որ դրանք ԿԳՄՍ նախարարությունը նորոգում է։ Հարցին՝ եկեղեցականներն արդյոք այցելո՞ւմ են այդ եկեղեցիներ, նա պատասխանեց.
«Վերջին շրջանում ես եկեղեցականների հետ գործ չունեմ»։
Հարցին՝ Տավուշում կա՞ն «չուլանացված» եկեղեցիներ, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, մարզպետը պատասխանեց.
«Միանշանակ, տեսել ենք»։