Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը՝ Արգիշտի Քյարամյանի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Նա 2020-2022թթ. եղել է Արցախի Հանրապետության զինվորական կոմիսար, իսկ 2022-2023թթ.-ին՝ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

Առաջին հայացքից ոչ մի էական կամ ուշագրավ բան՝ արցախցի Սերգեյ Առստամյանին ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոն են տվել, և ի՞նչ: Սակայն հետաքրքիր նյուանսներ կան այստեղ:

168.am-ը դեռ 2022 թվականին գրել էր, որ, մեր տեղեկություններով, Շուշիի ուղղության հրամանատար-կոորդինատորը հենց Սերգեյ Առուստամյանն է եղել:

Կարդացեք նաև

Սա, ըստ էության, փաստում է նաև 2020-ի նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ֆեյսբուքյան էջում գրառումը, որտեղ  նա տեղեկացրել էր, որ այցելել է Շուշի:

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով՝ մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- գրել էր Արայիկ Հարությունյանը:

Այդ գրառմանը կցված էին լուսանկարներ, որտեղ երևում է Սեյրան Օհանյանը՝ կանգնած, այդ ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրենի լիազորությունները կատարող Կամո Աղաջանյանը և գնդապետ Սերգեյ Առստամյանը, որն այդ պահին զինվորական կոմիսար էր, ով փաստորեն Շուշիի կորստից և 44-օրյա պատերազմի պարտությունից հետո դարձել էր Արցախի պաշտպանության փոխնախարար:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ևս եղել է Շուշիում և այնտեղից դուրս է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Իսկ մեր գրավոր հարցումներին ի պատասխան, թե արդյոք Շուշիի և հակահարվածի օպերացիայի գործով ինքը հարցաքննվե՞լ է, Քյարամյանն իր հարցաքննվել-չհարցաքննվելու մասին տեղեկությունը համարել էր հրապարակման ոչ ենթակա:

Ի դեպ, նրան չեն հրավիրել նաև 44-օրյայի քննիչ հանձնաժողով, հնարավոր է՝ գրավոր ինչ-որ տեղեկություններ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովին փոխանցել է:

Հիշեցնենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանք առաջադրված է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ով, մոտ 1.5 տարի է, կալանքի տակ է պահվում:

Տեսանյութեր

Լրահոս