Ինչո՞ւ ՀՀ-ն ճանաչեց Պաղեստինը հիմա, և ո՞ր երկիրը խրախուսեց Փաշինյանին դա անել

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն ուշագրավ արտաքին քաղաքական հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Պաղեստինը՝ որպես պետություն։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:

«Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- ասված էր հայտարարությունում։

Կարդացեք նաև

Իսրայելի արձագանքը, բնականաբար, չուշացավ։ Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարեց, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ «Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել էր խորհրդականը։

Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից փոխանցեցին նաև, թե Հայաստանի դեսպանին կանչել են՝ խիստ նկատողություն հայտնելու։ Ուշագրավն այն է, չնայած դիվանագիտական հարաբերությունների առկայությանը Հայաստանի և Ադրբեջանի դաշնակից Իսրայելի միջև, Թել-Ավիվում Հայաստանի դեսպանատունը պաշտոնապես բացվել է 2020-ի սեպտեմբերին Փաշինյանի իշխանության ջանքերով։

ՀՀ իշխանության՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը ողջունեցին Հորդանանը, Պաղեստինը, Թուրքիան, Կատարը, Եգիպտոսը, Իրաքը։ «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ նախօրեի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։ Բնականաբար, գաղտնիք չէ, որ սա Թուրքիայի դիրքորոշումն է այս հակամարտությունում, և Թուրքիան տևական ժամանակ է, ինչ խրախուսում է, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ-ն այս որոշման մասին հայտարարեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից մեկ օր անց։ Կարելի է ենթադրել, որ կողմերն այս հարցը քննարկել են, և Թուրքիան խրախուսել է ՀՀ-ին՝ ճանաչել Պաղեստինը։

168.am-ի հետ զրույցում, գնահատելով ՀՀ իշխանությունների կայացրած որոշումը, ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ նման որոշումը ՀՀ իշխանությունների կողմից հակասական մտորումներ է առաջացնում։

Նախ, ըստ վերլուծաբանի, ՀՀ-ն կոնֆլիկտի սկզբից էլ երկու պետության գաղափարի կողմնակիցն էր, ինչպես աշխարհի ճնշող մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ այս քայլը պետք է տեղի ունենար, և այն, ըստ էության, ճիշտ է և համապատասխանում է ավելի վաղ ՀՀ իշխանությունների արտահայտած դիրքորոշումներին։

«Կարծում եմ նաև, որ որոշումն ունի արտաքին հասցեատերեր, որոնցից առաջինը Թուրքիան է, երկրորդը՝ Արևմուտքը, սա քննարկված և արտոնված որոշում է այս երկրների կողմից, որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, ապա Թուրքիայի ԱԳՆ-ն առաջինն էր, որը ողջունեց Պաղեստինի ճանաչման հայտարարությունը։ Սա չի կարող պատահականություն լինել, հատկապես, երբ Թուրքիան է ստանձնել այս արշավը։

Չի բացառվում, որ սա հայ-թուրքական օրակարգում իրավիճակայնորեն առաջացած հարցերից հերթականն է եղել։ ՀՀ-Արևմուտք՝ ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Ֆրանսիա բանակցությունները, իհարկե, ավելի ինտենսիվ բնույթ են կրում, և դժվար է պատկերացնել, որ որոշումը համաձայնեցված չէ և կայացվել է լիովին ինքնուրույն սկզբունքով»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ սա քայլ է՝ նաև ուղղված արևմտյան որոշ երկրների։

Ռուս թուրքագետը նաև նշեց, որ համաշխարհային ներկայիս միտումը հանգում է Պաղեստին պետության ճանաչմանը, որն է՛լ ավելի է ինտենսիվացել, հաշվի առնելով Իսրայելի գործողությունները խաղաղ բնակչության դեմ։

Ինչ վերաբերում է ՀՀ-Իսրայել հարաբերություններին, ապա վերլուծաբանն արձանագրեց, որ այդ հարաբերությունները երբեք էլ չեն փայլել ջերմությամբ։

«Իսրայելն Ադրբեջանի դաշնակիցն է, 44-օրյա պատերազմում իսրայելական լուրջ սպառազինություն է օգտագործվել Ղարաբաղի դեմ, և սա առանցքային հանգամանք է, կարծում եմ, հայ-իսրայելական հարաբերություններում։ Որքան էլ փորձեն սա մոռացնել տալ, չի հաջողվի։ Ուստի մտածել և անհանգստանալ Իսրայելի սպառնալիքներից տեղին չէ»,- նկատեց վերլուծաբանը։

Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հակամարտությունները, այն էլ՝ նման տարբեր, տեղին չէ համեմատելը, սակայն հակասական մտորումներ է առաջացնում այն, որ ՀՀ-ն չճանաչեց ԼՂ-ն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, որը հանգեցրեց ի վերջո հայության դուրսբերմանն այդ ռեգիոնից։

«ՌԴ իշխանությունները, փորձագիտական համայնքը շատ հաճախ է բարձրացրել այս հարցը, թե ինչու չի ճանաչում ՀՀ-ն և ինչու պատերազմի ժամանակ չճանաչեց։ Ղարաբաղի չճանաչման ֆոնին, իհարկե, նման քայլերը հակասական են թվում, քանի որ այսօր վստահ չենք կարող ասել, սակայն ճանաչման դեպքում գուցե սկսվեր նաև Ղարաբաղի ճանաչման արշավ։ Կրկնում եմ՝ համեմատությունը տեղին է դիտարկել միայն ճանաչման բաղադրիչով, թե ինչու ՀՀ-ն ժամանակին չարեց նման քայլ, իսկ հիմա ճանաչում է, քանի որ կա միջազգային միտում Պաղեստինի հարցում»,- ասաց վերլուծաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս