Հայ-ադրբեջանական գործընթացը դուրս է Իրան-ՌԴ ազդեցությունից, սակայն կողմերն աշխատում են ապագա ազդեցության համար․ Ալի Սալամի

Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային շահերի և անվտանգության գոտի և ընդգծել այս տարածաշրջանում երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը։

Բաղերին խոսել է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ նշելով կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարևորությունն ու զգայունությունը, հատկապես՝ օտարերկրյա ուժերի միջամտության աճի միտումը։

«Այդ ամենը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական ​​խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև և այդ առումով տարածաշրջանային մեխանիզմների առավելագույն օգտագործում, ինչպիսին է 3+3 մեխանիզմը տարածաշրջանի խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նա։ Բաղերին նշել է նաև տարածաշրջանային համագործակցության և մերձեցման ընդլայնման, կովկասյան տարածաշրջանի երկրների անվտանգության, կայունության և հավաքական շահերի ապահովման կարևորությունը։

Կարդացեք նաև

168am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Ուկրաինայում բռնկված պատերազմից հետո Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և ավելի գլոբալ մակարդակում Իրան-Ռուսաստան համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել ու խորացել է։ Ըստ նրա, ավելորդ է ասել, որ Իրանն ու Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան Հարավային Կովկասը տեսնում են սեփական ազդեցության գոտի՝ զերծ արևմտյան ազդեցությունից։

«Լավագույն գործիքը, որով այս երկրները կարող են համակարգել ռեգիոնալ գործընթացները, 3+3-ն է։ Բնականաբար, խնդիր է այն, որ Վրաստանը չի մասնակցում այս ձևաչափին, դրանով իսկ լուրջ խնդիր հարուցելով այս ձևաչափի կայացման համար։ Սակայն Վրաստանում զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ գուցե հնարավոր լինի նաև Վրաստանին կցել այս ձևաչափին, կարծում եմ՝ քննարկումները ձևաչափի մասին պատահական չեն։ Մյուս խնդիրն այն է, որ ներկայումս Արևմուտքն ամենաակտիվը Հայաստանում է, որի հետ հարաբերությունները զգալիորեն և արագ կերպով փորձում են խորացնել հնարավորինս մեծ ազդեցության համար։ Կարծում եմ՝ երրորդ երկրների ազդեցություն նկատի է առնվում՝ հենց ԱՄՆ-ի ու արևմտյան այլ կենտրոնների ակտիվությունը ՀՀ-ում։ Այդ ակտիվությունը վերաբերում է նաև ՀՀ-Ադրբեջան բարդ գործընթացին, որի նկատմամբ հենց Արևմուտքի հետաքրքրությունն է շատ մեծ, ինչպես տեսնում եք»,- ասաց վերլուծաբանը՝ ուշադրություն հրավիրելով բանակցային ներկայիս փուլի նկատմամբ հենց արևմտյան հետաքրքրության վրա։ Նրա խոսքով, ներկայումս միայն արևմտյան պաշտոնյաները, հատկապես՝ ԱՄՆ դիվանագետներն են ցանկանում մաս կազմել բանակցությունների վերջնական փուլին։

Սակայն վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանը հաստատեց երկկողմ ձևաչափ բանակցությունների համար և չի ցանկանում արտաքին դերակատարներ դրանում, որը դեռ այդպես էլ շարունակվում է։

«Կարծում եմ՝ այս հանդիպումը հենց այդ բանակցությունների ու ԱՄՆ հետաքրքրության մասին էր, դրանից բխող ռեգիոնալ զարգացումների մասին էր։ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են համաձայնագրի ստորագրմանը և այս գործընթացում բոլոր արտաքին կողմերը դիրքորոշումները քննարկելու, համաձայնեցնելու, ճշտելու կարիք ունեն։ Հաջողվո՞ւմ է արդյոք այդ ազդեցության և ակտիվության դեմ հանդես գալ, կարծում եմ՝ ոչ։ Ըստ իս, գործընթացը մեծ հաշվով դուրս է Իրան-ՌԴ ազդեցությունից, սակայն կողմերն աշխատում են համաձայնագրի ստորագրումից հետո ռեգիոնում ստեղծվելիք նոր ստատուս-քվոյում ազդեցության և ռեգիոնալ ազդեցության ամրապնդման համար։

Իսկ դրա համար կան շատ ոլորտներ, ինչպիսին ճանապարհներն են, տնտեսությունը, առևտուրը։ Վստահաբար՝ կողմերին ոգևորում է այն, ինչ կատարվում է նաև Վրաստանում, այն որոշումները, որոնք ընդունվում են Թուրքիայում, հույս են ներշնչում, որ ռեգիոնալ օրակարգերը առաջիկայում կարող են ազդեցիկ լինել»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս