Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց ամբողջ ծավալով իրենց տրամադրել գործի նյութերը, ինչը գործով քննիչ Տիգրան Շոխոյանը չի արել: Իրենց չի տրամադրվել գործի 19 հատոր:
Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը միացավ միջնորդությանը: Հաբեթ Մարտիրոսյանը նկատեց՝ հնարավոր է, որ դրանց մեջ լինեն նյութեր, որոնք կարող են օգտակար նշանակություն ունենալ իր պաշտպանյալի ազատության համար:
Արմեն Աշոտյանը նույնպես ասաց, որ չգիտեն՝ այդ նյութերում ինչ կա:
«Ես ուզում եմ տեսնել: Միգուցե դրանցում կան տվյալներ, որ այս գործը քաղաքական է: Թող տան, տեսնեմ՝ էսքան որ հետազոտել են, տակն ինչ կա: Մեղադրանք չկա, պարզ է, որ լիներ, աչքս կմտցնեին: Բայց ես ուզում եմ իմանալ՝ իրենք ինչ գիտեն: Ի՞նչ ձայնագրություններ կան էս իշխանության ձեռքի տակ: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ինչ գիտեն իմ քաղաքական կենսագրության մասին: Օրենքով ինձ հետաքննել են, բարի լինեն օրենքով ինձ տրամադրել տվյալները: Ես ուզում եմ հասկանալ՝ 8 տարվա ի՞նչ տվյալ են քրքրել»,- ասաց նա:
Լսելով կողմերին՝ դատավոր Դոլմազյանը միջնորդությունը բավարարեց մասնակի:
Դատավորը փաստորեն բավարարեց ՀՔԾ-ից ՔԿ փոխանցված գործի նյութերը ստանալու միջնորդությունը: Պաշտպան Մարտիրոսյանը միջնորդեց նաև Արմեն Աշոտյանի նկատմամբ կատարված գաղտնի քննչական գործողությունների նյութերը նույնպես տրամադրել իրենց:
Այս միջնորդությունը դատավոր Դոլմազյանը նույնպես բավարարեց մասնակի: Կարեն Հակոբյանի մասով հարցը կքննարկեն ավելի ուշ:
Այսօրվա դատական նիստի սկզբում դատավորն ընթերցեց Արմեն Աշոտյանի դիմումը՝ հասցեագրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին առ այն, որ իրեն թույլատրեն Տերյան փողոցում գտնվող իր բնակարանը տնօրինման հանձնել իր պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանին: Դատարանը չառարկեց, ասաց՝ դիմում կհասցեագրի ՔԿՀ պետին՝ թույլ տալու, որ Արմեն Աշոտյանի անունից սույն խնդրով լիազորագիր տրամադրվի իր պաշտպանին:
Հաջորդիվ Աշոտյանի պաշտպան Մարգար Սողոմոնյանը միջնորդություն ներկայացրեց՝ պարտավորեցնել Քննչական կոմիտեին (ՔԿ) իրենց տրամադրել Բժշկական համալսարանի աշխատակիցների՝ աշխատավարձերի ֆոնդից արհմիության գծով մասհանված գումարների վերաբերյալ հաշվապահական ձևակերպումների առգրավված մատյանների պատճենները, ինչպես նաև պարտավորեցնել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին՝ տրամադրել Բժշկական համալսարանի արհեստակցական կազմակերպության անունով բացված բանկային հաշվի 2011-2016թթ. քաղվածքը:
Մյուս պաշտպանները և Արմեն Աշոտյանը միացան միջնորդությանը: Հանրային մեղադրողները, իհարկե, միջնորդությանը դեմ հանդես եկան: Դատարանը գտավ, որ միջնորդությունը լուծելու համար կան հանգամանքներ, որ պետք է պարզվեն, ապա նոր միջնորդության վերաբերյալ որոշում կկայացվի: Միջնորդության լուծումը հետաձգվեց:
Հաջորդիվ մեղադրյալ Լարիսա Բարսեղյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված գրավի չափը վերանայել, որովհետև Լարիսա Բարսեղյանն ունի վարկային պարտավորություններ, չի կարողանում աշխատանք գտնել, և գրավի չափի նվազեցումը կօգնի նրան հաղթահարել խնդիրները: Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի՝ 5 միլիոն դրամ գրավը դարձնելով 3 միլիոն:
Այս հարցերից հետո դատավոր Դոլմազյանը որոշում կայացրեց հիմնական դատալսումները սկսելու մասին: Դրանց մեկնարկի ժամ հայտարարվեց 14:15-ից: Հիմնական դատալսումները կսկսվեն կողմերի բացման խոսքով՝ հանրային մեղադրող, պաշտպաններ հերթականությամբ:
Հայտարարվեց մի քանի րոպե ընդմիջում, ինչից հետո բացման խոսքով հանդես եկավ հանրային մեղադրող Նշանյանը, ինչից հետո պայմանավորված մեղադրյալ Մարթա Սիմոնյանի՝ դատարանի դահլիճում գտնվելու ժամային սահմանափակմամբ, դատական նիստը հետաձգվեց:
Մինչ այդ դատարանը քննության առավ Արմեն Աշտյանին համակարգիչ տրամադրելու թույլտվության հարցը և որոշեց գրություն հասցեագրել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին՝ համապատասխան թույլտվությունը տրամադրելու համար: Համակարգիչ Արմեն Աշոտյանին կտրամադրեն նրա պաշտպանները:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 16:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: