Արմեն Աշոտյանին կտրամադրեն գործի ամբողջական ու իրեն գաղտնալսելու նյութերը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին նույնպես Մարթա Սիմոնյանը ներկա չէր: Փաստաբանի խոսքով՝ վերջինս մայիսի 3-ին ծննդաբերել է և այս պահին գտնվում է գինեկոլոգի հսկողության տակ. առնվազն 20 օր չի կարողանա ներկա գտնվել դատական նիստերին:

Բացի Մարթա Սիմոնյանից, նիստին չէին ներկայացել նաև հանրային մեղադրողները: Նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ անց դատախազ Նշանյանը ներկայացավ: Այդուհանդերձ, Մարթա Սիմոնյանի բացակայությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց:

Մինչ նիստը փակելն Արմեն Աշոտյանն ասաց՝ եկամուտների հայտարարագիր լրացնելու խնդիր ունի, սակայն չունի հասանելիություն ինտերնետ կապին: Վերջինս դիմեց դատարանին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչ պիտի անի ինքը, որ խնդիր չառաջանա այն առնչությամբ, որ ինքը մինչև մայիսի 30-ը հայտարարագիր չի լրացրել:

Կարդացեք նաև

Դատարանը որևէ խոչընդոտ չտեսավ, որպեսզի Արմեն Աշոտյանին տրամադրվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ հայտարարագիրը լրացնելու համար:

Այսօրվա դատական նիստում Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց ամբողջ ծավալով իրենց տրամադրել գործի նյութերը, ինչը գործով քննիչ Տիգրան Շոխոյանը չի արել: Իրենց չի տրամադրվել գործի 19 հատոր:

Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը միացավ միջնորդությանը: Հաբեթ Մարտիրոսյանը նկատեց՝ հնարավոր է, որ դրանց մեջ լինեն նյութեր, որոնք կարող են օգտակար նշանակություն ունենալ իր պաշտպանյալի ազատության համար:

Արմեն Աշոտյանը նույնպես ասաց՝ չգիտեն՝ այդ նյութերում ի՞նչ կա:

«Ես ուզում եմ տեսնել: Միգուցե դրանցում կան տվյալներ, որ այս գործը քաղաքական է: Թող տան, տեսնեմ՝ էսքան որ հետազոտել են, տակը ի՞նչ կա: Մեղադրանք չկա, պարզ է, որ լիներ՝ աչքս կմտցնեին: Բայց ես ուզում եմ իմանալ՝ իրենք ինչ գիտեն: Ի՞նչ ձայնագրություններ կան էս իշխանության ձեռքի տակ: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ինչ գիտեն իմ քաղաքական կենսագրության մասին: Օրենքով ինձ հետաքննել են, բարի լինեն՝ օրենքով ինձ տրամադրել տվյալները: Ես ուզում եմ հասկանալ՝ 8 տարվա ինչ տվյալ են քրքրել»,- ասաց նա:

Վերջինս նշեց նաև՝ 8 տարի նայել են իր հանդիպումները, հեռախոսազանգերը, և ինքը պահանջում է, որ իր քաղաքական գործունեության մասին որոշումների արդյունքում ձեռք բերված ինֆորմացիան հասանելի լինի նաև իրեն:

«Իմ ժամանակի վրա դա չի ազդում, հանգիստ կնստեմ, կկարդամ, փաստաբաններիս կպատմեմ, պետք եղավ, մի երկու հատ էլ հոդված կգրեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը: Մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:

Նա նկատեց նաև՝ 60 օր գաղտնալսել են մարդկանց, մի քանի րոպե հատվածական բաներ են տվել, 3 օրվա նյութ:

«Տվեք էդ նյութերը կարդանք, ումի՞ց եք վախենում: Կարեն Հակոբյանին գաղտնալսելով՝ ինձ կալանավորել եք, տվեք, տեսնեմ՝ ինչ եք լսել, որոնցով ինձ նստեցրել եք»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հանրային մեղադրողները, բնականաբար, առարկեցին միջնորդության դեմ:

Լսելով կողմերին՝ դատավոր Դոլմազյանը միջնորդությունը բավարարեց մասնակի:

«Նշված փաստաթղթերում կարող են լինել փաստեր, ապացույցներ, որոնք կարող են ճիշտ գնահատել իրավիճակը»,- ասաց դատավորը:

Այսպիսով՝ դատավորը բավարարեց ՀՔԾ-ից ՔԿ փոխանցված գործի նյութերը ստանալու միջնորդությունը: Պաշտպան Մարտիրոսյանը միջնորդեց նաև Արմեն Աշոտյանի նկատմամբ կատարված գաղտնի քննչական գործողությունների նյութերը նույնպես տրամադրել իրենց:

«Ձեզ մոտ եղած գործը ու ինձ տվածը նո՞ւյնն է, նույնը չէ: Բա ո՞նց կարող է նման բան լինել»,- անդրադառնալով հանրային մեղադրողի առարկությանը՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Այս միջնորդությունը դատավոր Դոլմազյանը նույնպես բավարարեց մասնակի: Կարեն Հակոբյանի մասով հարցը կքննարկեն ավելի ուշ:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս