Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադառնալով օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակված Հասան Հասանովի հարցազրույցին՝ նշել է, որ Հասանովի աշխատանքն իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որի աշխատանքը իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։
Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը, Ստալինից 2300 տարի առաջ, հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։
Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու հակապատմական են, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Հարկ չկա անգամ հակափաստարկելու, որ մ.թ.ա. 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Միաժամանակ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ.թ.ա. 612 թվական։
Իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա՝ Ատրոպատենեն մ.թ.ա. 7-րդ դարով թվագրելու, առավել ևս՝ ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ»:
Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին՝
«Իսկ հարցին, թե ինչու ցարական կառավարման կամ խորհրդային իշխանության սկզբնական շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով, Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։
Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բաքու քաղաքի բնակչությունը XIX դարում
Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն այդպես են սկսել կոչվել 1920-1930-ական թվականներին՝ ԽՍՀՄ վարած քաղաքականության արդյունքում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. Համամիութենական մարդահամարով՝ Ադրբեջանի «տիտղոսակիր ժողովրդի» ներկայացուցիչները (նաև՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար վերջնականապես հաստատվեց այդ անվանումը»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը: