ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի ամփոփում

Հ․ Յ․ Դաշնակցության Բյուրոյի հրավերով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ՝ 2021թ․ դեկտեմբերի խորհրդաժողովից  առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանավորված զարգացումների վերաբերյալ տարբեր զեկույցներ, կատարեց գործունեության հիմնական ուղղությունների և քաղաքական առաջնահերթությունների մարտավարական բնույթի փոփոխություններ՝ առաջիկա գործունեության համար։
Խորհրդաժողովն արժևորեց պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի կողմից սկսված՝ պատժամիջոցների կիրառմանն ուղղված աշխատանքները և ընդունեց որոշում՝ այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առավել լայն ընդգրկմամբ։
Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղություններն ու հնարավոր քայլերը, որոնք, հավանաբար, ձեռք կառնի Ադրբեջանն՝ իր միջազգային հեղինակության բարձրացման և պատերազմական հանցագործի պիտակից խուսափելու համար։
Անդրադառնալով այս հարցին՝ խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ։ Առհասարակ, շարունակվելու են ադրբեջանական հանցագործությունների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերյալ քաղաքական, հասարակական ու իրավապաշտպան շրջանակների իրազեկվածության բարձրացման աշխատանքները։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենօրյա ռեժիմով հետապնդելու են Բաքվում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության տոունդարձի խնդիրը։
Խորհրդաժողովի մասնակիցները, հաշվի առնելով նաև իրենց աշխատանքի արդյունքում ստացած տեղեկությունները, մեկ անգամ ևս արձանագրեցին՝ լուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը։ Ուստի, Հայ դատի ցանցը շարունակելու է հակամարտության և դրա առավել ծանրացած և խորացած հանգամանքների միջազգային հանրահռչակումը՝ առաջնահերթություն համարելով Արցախի ժողովրդի հավաքական ու միջազգային ամբողջական երաշխավորությամբ վերադարձի իրավունքի իրացումը։
Խորհրդաժողովում քննարկվեցին նաև Արցախի հոգևոր և նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։ Դրան ուղղված որոշակի գործողությունների վերաբերյալ ընդունվել են որոշումներ, որոնք ենթադրում են համագործակցություն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ։
Հատուկ քննարկման են արժանացել Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վարած արտաքին քաղքականությունը և այդ քաղաքականության բացասական հետևանքնրին դիմագրավելու հնարավորությունները, ինչպես նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման արտաքին ճակատում լուսաբանելու քայլերը։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաև տեղերում Հայ դատի հանձնախմբերի կարողականությունների զարգացմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդության ներգրավմանը վերաբերող հարցեր։
Խորհրդաժողովը, մայիսի 28-ի ուշ երեկոյան իր աշխատանքներն ավարտեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի հետ հանդիպմամբ ու Նորին Սրբության օրհնությամբ։
Մայիսի 29-ին գումարվեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստը, որը ճշտեց խորհրդաժողովի որոշումների իրագործմանն ուղղված աշխատանքային ծրագիրը։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
30․ 05․ 2024թ․

Տեսանյութեր

Լրահոս