Գործի են դրել ամբողջ արսենալը. Հարկայինն էլ ներքաշեցին խաղի մեջ

Տարածքների միակողմանի զիջումների դեմ Տավուշում ու Հայաստանի մի շարք բնակավայրերում սկսված դժգոհությունների ալիքը ճնշելու համար իշխանություններն իրենց կամակատարների միջոցով պատրաստ են դիմել ցանկացած հակամարդկային քայլի՝ հանուն իրենց իշխանական աթոռների։ Գործի են դրել բոլոր հնարավոր միջոցները։

Պատրաստ են բոլորին լցնել ոստիկանական բաժանմունքներն ու քրեական գործեր կարել։

Անհնազանդության ու բողոքի ամենափոքր դրսևորումը փորձում են տեղում խեղդել։

Ոստիկանական ամբողջ արսենալը, հայտնի պատժիչ ջոկաներով՝ կարմիր ու սև բերետավորներով, դիմակավորված խմբերով, հանել են ժողովրդի դեմ, ամենակոպիտ ու ամենաբիրտ ձևերով հարձակվում են մարդկանց վրա, նույնիսկ անտեսում են պատգամավորներին, ծերերին ու երեխաներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, բռնության են ենթարկում, պառկեցնում ասֆալտին, հրելով ու հրմշտելով՝ խցկում են ոստիկանության մեքենաներն ու տեղափոխում ոստիկանական բաժանմունքներ, չեղած տեղից քրեական գործեր են բացում, փորձում են համատարած վախի մթնոլորտ ստեղծել, ոստիկանական մահակի միջոցով ճնշել հասարակության արդար ցասումն ու դժգոհությունների ալիքը։

Կարդացեք նաև

Գործի են դրել իշխանության բոլոր լծակները։

Երբ մի խումբ զինվորականներ, մտահոգված ստեղծված իրավիճակով, հայտնվեցին ճանապարհ փակած կիրանցիների կողքին, զինվորական ոստիկանությունն անմիջապես գործի անցավ։ Քրեական վարույթ հարուցեցին։ Հայտնի ու անհայտ մեթոդներով ստիպեցին, որպեսզի հրաժարվեն իրենց արածից։

Հաջորդ օրն արդեն զինվորականներն «ինքնակամ» հետ վերցրեցին իրենց «մտահոգություններն» ու հայտնեցին, որ պատահաբար են «միացել» բողոքողներին, զղջումի խոսքեր ասացին։

Հասկանալի է, որ այս «ինքնախոստովանությունը» զինվորականներն ինքնուրույն չեն արել, նրանց ստիպել են, ճնշել ու վախեցրել քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով։

Այդ ընթացքում իշխանական ճանբարից սկսեցին հնչել բոցաշունչ մեղադրանքներ, որ չի կարելի բանակը ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ։ Իսկ որ ժամանակին իրենք էին բանակը ներքաշում իրենց քաղաքական խարդավանքների մեջ, կարելի էր, մի բան էլ ողջունում էին ու խրախուսում։

Դեռ չհաշված, որ այն ժամանակ պայքարն իշխանության համար էր, իսկ այսօր սեղանին է դրված հայրենիքի ճակատագիրը։ Այն հայրենիքի, որը մաս-մաս հանձնում են թշնամուն ու այդ ճանապարհին ոչնչի առաջ կանգ չեն առնում։

Արդեն հարկայինին էլ են ներքաշել խաղի մեջ։ Ոստիկանության տեռորով չեն բավարարվում, հարկային տեռորով էլ են փորձում  վախեցնել մարդկանց։

Երբ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անունից Միհրան Պողոսյանը կոչ արեց իշխանությունների նկատմամբ իրականացնել անհնազանդության ակցիաներ, հարկային մեկ տասնյակից ավելի տեսուչներ հաջորդ իսկ օրը մտան վերջինիս պատկանող կամ իր հետ կապված ընկերություններ։ Նույնիսկ մի քանի օր չհամբերեցին, որպեսզի գոնե ինչ-որ արդարացումներ փորձեին մոգոնել։

Հաջորդ օրը գրոհեցին։

Սրան իշխանություններն ինչ անուն էլ տալու լինեն, պարզ է, որ հարկայինի այս արշավը կապված է մարդու քաղաքական գործունեության հետ։

Ինչո՞ւ մինչ այդ ստուգումներ չէին անում։ Ինչո՞ւ այդ մասին հիշեցին այն պահին, երբ հնչեցված կոչից հետո, կուսակցության ակտիվիստները մայրաքաղաքի որոշ փողոցներում ճանապարհներ փակեցին՝ պարալիզացնելով տեղաշարժը։

Ի պատասխան դրան՝ իշխանությունները գործի դրեցին հարկային տեռորի երբեմնի իրենց սիրած մեթոդները։

Հասկանալի է՝ փորձում են դրանով ճնշում գործադրել Պողոսյանի վրա, որը հայտնի է նաև իր տնտեսական գործունեությամբ։

Այդ գործոնն էլ ուզում են աշխատացնել։ Չի բացառվում, որ շուտով հարկերը թաքցնելու, պետության նկատմամբ պարտավորությունները չկատարելու մեղադրանքներ ներկայացնեն այն բիզնեսներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են Միհրան Պողոսյանի կամ նրա ընտանիքի հետ։

Սա հարկային տեռորի ակնհայտ դրսևորում է՝ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։ Ոչ մի նշանակություն չունի, թե ՊԵԿ-ում ինչպես կմեկնաբանեն Միհրան Պողոսյանի բիզնեսում «հանկարծակի» սկսված ստուգումները։

«Պետական եկամուտների կոմիտեի բոլոր ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման հիման վրա։ ՊԵԿ-ը, տարբեր գործիքակազմերի կիրառմամբ, մշտապես իրականացնում է տնտեսվարող սուբյեկտների հարկային ռիսկերի ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կարող է իրականացնել ստուգումներ: ՊԵԿ-ի օրինական գործողությունների հետ կապված շահարկումներն անընդունելի են»,- իրենց գործողություններն այսպես են մեկնաբանել ՊԵԿ-ում։

Թե ինչո՞ւ հենց հիմա, և ինչպե՞ս ստացվեց, որ ստուգումները համընկան իշխանությունների դեմ Միհրան Պողոսյանի հնչեցրած անհնազանդության կոչերի հետ, ոչ մի բացատրություն չկա։ Չնայած բացատրելու ոչինչ չկա։ Ամեն ինչ շատ պարզ է. Միհրան Պողոսյանին ճնշում են՝ մյուսների աչքը վախեցնելու համար, որպեսզի նրանք հանկարծ չհամարձակվեն պայքարել հայրենիքը թշնամուն հանձնելու իշխանությունների գործողությունների դեմ, և կարողանան անխոչընդոտ հասնել իրենց նպատակին։

Սա իշխանությունների զգուշացումն է գործարարներին, առ այն, որ հարկայինի մահակը պատրաստ է ցանկացած պահի իջնելու նրանց գլխին, ովքեր կփորձեն դեմ դուրս գալ իշխանություններին։

Կհամակերպվե՞ն սրա հետ գործարարները, թե՞ այնուհանդերձ իրենց մեջ ուժ կգտնեն՝ հայրենիքի փրկությունն ավելի վեր դասելու անձնական շահերից, քաղաքացիական կամք կդրսևորե՞ն, թե՞ կշարունակեն լուռ հետևել հայրենիքը թշնամուն հանձնելու իշխանությունների քայլերին, ցույց կտա ժամանակը։

Մի բան հստակ է՝ առանց հայրենիք՝ ո՞ւմ է պետք ձեր բիզնեսը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս