
Իսլամական զարգացման բանկը Թուրքիային 6,3 մլրդ դոլարի վարկ կտրամադրի

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիշմեքը նշել է, որ Իսլամական զարգացման բանկը (IDB) Թուրքիային վարկի տեսքով 6,3 մլրդ դոլարի ֆինանսավորում է հատկացրել նախագծերի իրականացման համար։
Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք նախարարը նշել է, որ շրջանակային ծրագիր է ստորագրվել IDB-ի ղեկավար Մուհամմեդ Սուլեյման Ալ-Ջասերի հետ և հայտնել է, որ Էր-Ռիադում IDB-ի հանդիպման ժամանակ ընդունվել է Թուրքիայի ռազմավարությունը, որը նախատեսում է 2024-2026 թվականների համար IDB-ի մի շարք նախագծերի իրականացում Թուրքիայում։
«Ռազմավարությունը նախատեսում է 6,3 միլիարդ դոլարի ֆինանսավորում հատկացնել Իսլամական զարգացման բանկի կողմից։ Մեր կողմից իրականացվող տնտեսական ծրագրի շնորհիվ արտաքին ռեսուրսների հոսքը դեպի Թուրքիա շարունակվում է»,- ասել է Շիմշեքը։
Շիմշեքն ընդգծել է, որ քննարկվող ռազմավարությունը համատեղելի է զարգացման 12-րդ պլանի և Թուրքիայի միջնաժամկետ ծրագրի մեջ ներառված զարգացման առաջնահերթությունների հետ։
Նրա խոսքով, IDB-ի ֆինանսավորումը կօգտագործվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, տրանսպորտը, ֆինանսները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան և ենթակառուցվածքները:
Նա նշել է, որ Իսլամական զարգացման բանկը Թուրքիային ընդհանուր առմամբ հատկացրել է 12,9 մլրդ դոլար։