Փաստեր՝ Զինված ուժերը քաղաքականացնողների, բանակում կարգուկանոնը խաթարողների և վարկաբեկողների համար

Ապրիլի 26-ին Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը տեղեկություն էր տարածել, թե պայմանագրային զինծառայողները միանում են իրենց պայքարին՝ մոտ 20 հոգի:

Գրեթե անմիջապես ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ, և, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

Արդեն այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները մեկնել են տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց, և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց, և հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:

Կարդացեք նաև

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը երկու զինծառայողի զղջում որոշել էր տեսագրել և տարածել:

Լրագրողների հետ զրույցում Տավուշում պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը նշել է, որ պայմանագրային զինծառայողները, տեսնելով, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում հավաքի մասնակիցների նկատմամբ, լինելով այս մարզից, այս գյուղերից, եկել էին իրենց աջակցությունը հայտնելու, տեսնելու՝ ինչ է կատարվում այդտեղ:

«Բոլորս էլ ականատես եղանք՝ քանի երեխա, կին վատացավ, բռնի ուժ կիրառեցին էդ ժողովրդի դեմ, որոնք իրենց հողի համար են պայքարում, որ թուրքը չմտնի իրենց հողը: Պայմանագրային զինծառայողներն էլ ընդամենը եկան աջակցություն հայտնելու: Ես ինքս՝ որպես նախկին զինվորական, հորդորեցի՝ տղերք ջան, ձեր տեղը սահմանն է, գնացեք ձեր սահմանը: Մարդիկ չէին եկել միանալու կամ ինչ-որ բան անելու»,- շեշտել է Մախսուդյանը:

Իսկ երեկ տարածված տեսանյութում պահեստազորի գնդապետը հարցին՝ շատերն ասում են, որ սահմանը պահելով են պայքարում, այսինքն, պիտի մնան ՊՆ կազմում և շարունակեն իրենց պայքարը՝ ի պաշտպանություն երկրի, նշել էր՝ «եթե մարդ պայքարում է իր հողի համար՝ կապ չունի, ստեղ էլ է էդ մարդը պայքարելու»:

Ըստ էության, պահեստազորի գնդապետը վերջնահաշվարկում ասում է այն, ինչ ՀՀ քննչական ծառայությունը՝ պայմանագրային զինծառայողները գնացել էին ոստիկանություն-քաղաքացիներ բախումների համատեքստում իրավիճակին ծանոթանալու և այդ տրամաբանության շրջանակում աջակցություն հայտնելու, և ոչ թե միանալու շարժում-պայքարին: Այլ հարց է, որ գիշերվա տեսանյութին սխալ վերնագիր էր ընտրված և այնտեղ կադրից դուրս մեկնաբանություններ էին լսվում պայքարին միանալու մասին:

Իսկ զինծառայողները, եթե հատկապես այդ պահին ծառայության մեջ չէին, ոչ քաղաքական միջոցառումների մասին կարող են մասնակցել, բայց ոչ համազգեստով՝ «Զինված ուժերում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով» («Հավաքների մասնակցելու ազատության մասին» օրենք): Եվ պետք չէր նաև ավելորդ թիրախավորման տակ գցել պայմանագրայիններին: Սակայն խնդիրն այն է, որ, ինչպես վերևում նշեցինք, չափազանց անթույլատրելի արարք է թույլ տվել նաև ՀՀ քննչական կոմիտեն՝ տեսագրելով և հրապարակելով պայմանագրայինների զղջման տեքստը՝ գուցե ճնշման արդյունքում, գուցե՝ ոչ:

Ամեն դեպքում, արարքը, մեղմ ասած, անընդունելի է և նպաստում է բանակի վարկաբեկմանը:

Եվ ոչինչ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս փաստն աննկատ է թողնում, երբ իր հաղորդագրություններից մեկում նշում է ՀՀ զինված ուժերը թիրախավորելու մասին՝ բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ տարածելու միջոցով: Այսինքն, եթե տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, կարելի է պայմանագրային զինծառայողին տեսագրել, որ զղջո՞ւմ է, որ պահի ազդեցության տակ է գնացե՞լ աջակցելու:

Հասկանում եք, չէ՞, ցույց ենք տալիս, որ հայկական զինված ուժերի զինծառայողները, որոնց վստահված է սահմանի անվտանգությունը, պահի տակ կամ էմոցիոնալ ֆոնի վրա կարող են որոշում կայացնել և հետո փոշմանել: Սա վարկաբեկում չէ՞ սպայի, բանակի, անձի:

Հիմա՝ ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների բացասական արձագանքին պայմանագրային զինծառայողների դեպքի առիթով և պնդումներին, թե նման երևույթներ չեն խրախուսել:

Խոսենք փաստերով՝

Առաջին, 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային՝ հեղափոխություն կոչվածին, հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:

Այն ժամանակ ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա:

Բայց իրականում որևէ լուրջ պատասխանատվություն չեղավ, գուցե կարգապահական ինչ-ինչ տույժեր կիրառված լինեն: Իսկ Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին:

 Երկրորդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Հանրապետության հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որին մասնակցում էին զինվորական համազգեստ կրող անձինք: Էլ չենք ասում պատերազմական օրերին Նիկոլ Փաշինյանին պաշտպանող՝ դիրքերից արված և տարածված տեսանյութերը:

Երրորդ, իշխանափոխությունից հետո 2019 թվականին Մեղրիի զորամասում անթույլատրելի միջադեպ էր տեղի ունեցել, երբ մի քանի տասնյակ զինվոր լքել էր զորամասի տարածքը` հրաժարվելով ենթարկվել սպայական անձնակազմի ցուցումներին:

Պարզվել էր, որ մի խումբ զինվորներ փորձել էին 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը հաստատել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Եվ երբ սպաները դա թույլ չէին տվել, այդ զինծառայողներն իրենց համածառայակիցներին դրդել էին ըմբոստության, այն է` 2019թ. մարտի 17-ին հրաժարվել էին ենթարկվել զինվորական ծառայության օրվա կարգացուցակին, իսկ ժամը 22:30-ին, երբ հայտարարվել էր քուն, նրանք դուրս էին եկել զորամասի տարածքից ու միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս: Հարուցվել էր քրեական գործ: Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ Մեղրիի զորամասի աղմկահարույց գործով հրամանատարի և մի քանի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Չորրորդ, 2021 թվականի մարտին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի դեմ արշավի շրջանակում Բերդի զորամասում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ տեղեկությունների, ռուսաստանաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն էր խառը»:

Նա փորձել էր իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել: Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:

Ի դեպ, ռուսաստանաբնակ իշխանամերձ բլոգեր Ռոման Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է գեներալին հեռացնել բանակից:

Մեկ այլ գրառման մեջ այդ նույն ՔՊ-ամերձ բլոգերը, որն ադրբեջանահաճո գրառումներով և ելույթներով է հայտնի, ըստ էության, ընդունել էր իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»:

Որոշ ժամանակ հետո այդ նույն Բաղդասարյանը հեռացրել էր իր գրառումները:

 Հինգերորդ, 44-օրյա պատերազմի օրերին եղել են նաև դեպքեր, երբ հարազատները փակել են պայմանագրայինների ճանապարհը, որպեսզի նրանք չգնան Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին, և հենց Տավուշում նման դեպքեր եղել են:

2023 թվականին 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պատերազմի ժամանակ Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու գործն ուղարկվել է դատարան. մեղադրվողները 4-ից դարձել են 3-ը:

Հետաքրքիր է նաև փաստը, որ Արցախ չմեկնած պայմանագրայինները եղել են ավելին և ոչ 3-ը, ինչո՞ւ են հենց այս 3-ին մեղադրանք առաջադրել:

 Վեցերորդ, 2019-ին Փաշինյանի իշխանությունը վերականգնել էր Ռոբերտ Քոչարյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանից արդարացիորեն վերցված զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ, և սրանով, Փաշինյանը, ըստ էության, լեգիտիմացրել էր և խրախուսել բանակի քաղաքականացումը և քաղաքական նպատակների համար օգտագործումը:

Հավելենք, որ տարբեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իր տեղակալներին հրահանգել էր, որ մտնեն ԱԺ-ի շենք ու Նաիրի Հունանյանին ասեն՝ բանակը շրջապատել է, ու ինքը որևէ տարբերակ չունի, մնում է հանձնվելը:

«Գիտեք, թե իր պատասխանը որն է եղել, ասում է՝ իսկ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Քոչարյանը մի քանի օր անց նույնն է ասում, թե՝ մենք պայմանավորվել էինք, որ բանակը չպիտի մտնի քաղաք: Նաիրի Հունանյանն ու նախագահն ասում են՝ բանակն ինչո՞ւ է մտել, բայց բանակը որ մտել է, ի՞նչ, մտել է, որ ապահովի անվտանգությունը, այստեղ ի՞նչ պրոբլեմ պիտի լիներ:

Դրանից հետո փորձեցին իմ դեմ քրեական գործ հարուցել և մեղադրել, որ ես բանակ եմ մտցրել, սա խախտել է իրենց պլանները,- ասել էր Վաղարշակ Հարությունյանը մի հարցազրույցում, իսկ 2020 թվականին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում լրացրել իր միտքը,- Այն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, այն ժամանակ մենք ունեինք ռազմական սպառնալիք Երևանում: Եթե զինված խմբեր վերցնում են պետական շենքեր, դա կոչվում է ռազմական սպառնալիք, որը մտնում է բանակի դրույթի մեջ՝ կանխել ռազմական սպառնալիքը: Եվ այնտեղ բանակը գործում էր՝ ժողովրդին պահել այդ տեռորիստներից և հնարավոր հետևանքներից ռազմական: Դա է եղել»:

Այս շարքը կարելի է շարունակել…

Այսինքն, եթե ՀՀ գործող իշխանությունները քննադատում են զինծառայողներին, որոնց գործողություններն իրենց շահերից չեն բխում, նախ պետք է հիշել, որ այն իրենց իշխանության օրոք է տեղի ունենում, և չմոռանալ նաև վերևում հիշատակած դեպքերը:

Չպետք է մոռանալ նաև ՀՀ զինված ուժերին տված անօրինական, բանավոր հրամանները, որոնք կարող են և չկատարվել, եթե հակադրության մեջ են Սահմանադրության և օրենքների պահանջների հետ: Ու սա քաղաքական գործընթացների հետ կապ չունի: Այլ հարց է, որ զինծառայողները, եթե համաձայն չեն ՀՀ իշխանությունների անվտանգային քաղաքականության հետ, կարող են ազատման դիմում գրել, այդպիսիք, թերևս, կան էլ: Եթե հարցը մեկ-երկու զինծառայողի մասին չէ, ապա պետք է լինի համախմբում և սառը հաշվարկ և հետևողականություն, այլապես ՀՀ իշխանություններին առիթ ենք տալու խստացնել բանակի նկատմամբ քաղաքականությունը, ինչը տեղի ունեցավ 2021 թվականի փետրվարի 25-ի ԳՇ հայտարարությունից հետո կամ դրա արդյունքում, ինչը բացարձակ ռազմական հեղաշրջման փորձ չէր:

Իսկ ապրիլի 10-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր լրացուցիչ միջոցներ կիրառել և «խեղդել» ԶՈՒ-երում հնարավոր ընդվզումը:

«2021 թվականի փետրվարին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման տապալված փորձը: Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար»,- շեշտել էր Փաշինյանը:

Այսինքն, սահմանադրական պարտականությունների համատեքստում ՀՀ զինված ուժերի դիմադրություն ցույց տալը Նիկոլ Փաշինյանը համարել և համարելու է քաղաքական գործընթաց կամ ռազմական հեղաշրջման հերթական փորձ, բայց իր քաղաքական օրակարգը կատարելը, որը բախման մեջ է մտնելու օրենքի և Սահմանադրության հետ՝ ոչ, ուստի պետք է գործել օրենքի շրջանակում և սառը հաշվարկների հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս