Պատերազմի ժամանակ Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու գործն ուղարկվել է դատարան. մեղադրվողները 4-ից դարձել են 3-ը
44-օրյա պատերազմի օրերին եղել են նաև դեպքեր, երբ հարազատները փակել են պայմանագրայինների ճանապարհը, որպեսզի նրանք չգնան Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին:
2022 թվականի հոկտեմբերին մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել էին,որ 2020թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, և նախաքննությունը շարունակվում է:
2023 թվականի օգոստոսի 7-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝ ի՞նչ փուլում է այս գործը, ավարտվե՞լ է նախաքննությունը, քանի՞ մեղադրյալ կա, և բացի Տավուշում արձանագրված նշված դեպքերից, քանի՞ նման դեպք է արձանագրվել պատերազմի օրերին և որտե՞ղ:
Մոտ 20 օր հետո մեզ ուղարկված ՀՀ քննչական կոմիտեի պատասխան գրությունը գրեթե 2022 թվականի գրության կրկնությունն է:
«Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Ձեր հարցման մեջ հիշատակվող հանգամանքների կապակցությամբ, 2020թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը պատերազմի ժամանակ) և 38-364–րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն օժանդակելը պատերազմի ժամանակ) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-364-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
19.07.2023 թվականին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեկ անձի նկատմամբ (2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-364–րդ հոդվածի 3-րդ մասով) հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետով՝ նախատեսված արարքը չկատարելու հիմքով, իսկ 02.08.2023 թվականին 3 անձի վերաբերյալ (2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով) մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»,- նշվում է ՀՀ քննչական կոմիտեի գրության մեջ՝ ի պատասխան օգոստոսի 7-ի մեր հարցման:
Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն անպատասխան է թողել մեր այն հարցը, թե պատերազմի օրերին, բացի Տավուշում նշված դեպքից, արձանագրվե՞լ են նման այլ դեպքեր և որտե՞ղ:
Նշենք, որ պատերազմից հետո շրջանառված տարբեր տեղեկությունների համաձայն, Արցախ չմեկնած պայմանագրայիններից շատերը չէին հեռացվել համակարգից։ Ավելին՝ նրանք Նիկոլ Փաշինյանին ծառայություն էին մատուցել 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ:
Հետաքրքիր է նաև փաստը, որ Արցախ չմեկնած պայմանագրայինները եղել են ավելին և ոչ 3-ը, ինչո՞ւ են հենց այս 3-ին մեղադրանք առաջադրել:
Հավելենք, որ 2022 թվականի սեպտեբերին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆակտորին» տված հարցազրույցում պատմել էր.
«44-օրյա պատերազմի ժամանակ ստորաբաժանում է եղել, որը շրջափակման մեջ է գտնվել, փորձ է արվել Բ ստորաբաժանումը հանել ի աջակցություն Ա ստորաբաժանման և փրկել այն, խնդիր լուծել: Մարդիկ են զանգում Բ ստորաբաժանման ընտանիքներին, ժողովուրդը դուրս է գալիս և փակում այս ստորաբաժանման ճանապարհը, և այն չի կարողանում տեղ հասնել և չի գնում: Ա ստորաբաժանումը մնում է իր տեղում, և բոլորը կամ մեծ մասը զոհվում են: Ռազմական դրություն չլինի, ինչ ուզում է լինի, պետք է նայել քաղաքացիական անձա՞նց, ովքեր զինված ուժերի որևէ ստորաբաժանման դեմը կարան կանգնե՞ն, թե՞ զինված ուժերի ստորաբաժանումը պետք է անցնի, անգամ՝ եթե ես կանգնած եմ, իմ վրայով»:
Թե որտեղի, ինչ ստորաբաժանման մասին է խոսքը երկու դեպքում էլ, Մարուքյանը չէր գաղտնազերծել, չէր բացահայտել նաև՝ որտեղից այդ տեղեկությունն իրեն: Նա նաև չէր տվել կոնկրետ անուններ, թե ովքեր կամ ում կողմից կարող էին լինել այդ մարդիկ։ Եթե ենթադրենք՝ ճիշտ է, ապա ինչո՞ւ անընդհատ դասալքությունից խոսող իշխանությունը դա անմիջապես չի կանխել: Սրանք հարցեր են, որոնք Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների պատասխանատվության գոտում են: