Վաղարշակ Հարությունյանի՝ բանակը քաղաքականացնելու «լեգիտիմ» պարտավորությունն ու Օնիկ Գասպարյանի «դավաճանությունը»

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։
Օնիկ Գասպարյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի՝ զորքը ներքաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու պահանջը: Այնուհետև Գասպարյանը զրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և հորդորել՝ նման պահանջի դեպքում նույն պատասխանը տալ: Հարությունյանը, սակայն, իրավական առումով ԳՇ պետի հորդորը ճիշտ է համարել, բայց նշել՝ եթե նման հրահանգ իջեցվի, պարտավոր ենք ենթարկվել և զորքը հանել։ Ի դեպ, Օնիկ Գասպարյանը հրաժարվել է նաև քաղաքական նպատակներով բանակին պատկանող «Ուրալ» մեքենաները տրամադրել: Ասված էր հրապարակման մեջ։

Ստացվում է, որ Վաղարշակ Հարությունյանը պատրաստ է հանուն Փաշինյանի իրավական սահմաններ հատել:
Դեռ մոտ մեկ ամիս առաջ էր 168.am զգուշացրել, որ փորձ է արվելու բանակն օգտագործել քաղաքական նպատակների համար և բանակի քաղաքականացումը լեգիտիմացնել, քանի որ նախարար Վաղարշակ Հարությունյանը վերապահումով է մոտենում պնդմանը, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին:

Մեկ տարի առաջ նա Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր.

«Երբ որ մենք ասում ենք՝ բանակը քաղաքականության մեջ… ես մի հարց պիտի տամ ձեզ՝ ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Ասում եք՝ ընտրություններ: Ոչ, մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Երբ մենք ասում ենք՝ չպետք է խառնվի, դա պիտի հասկանանք: Նա չպիտի ունենա կուսակցական պատկանելիություն: Սա է: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված՝ ինչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է: Եթե բանակը մասնակցում է ընտրություններին, ապա դա քաղաքական գործընթաց է, չէ՞, սահմանադրական իրավունք է»:

Հաշվի առնելով նաև այս հարցազրույցը, զգուշացրել էինք նաև, որ բանակի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը կարող է արդարացվել անվտանգային գործընթացների շրջանակում, բայց դա չհամարվի ներքին խնդիրների մեջ մտնել: Այսինքն, արտաքին սպառնալիքի անվան տակ:

«Բանակն ապահովում է պետության ռազմական անվտանգությունը: Ինքն ունի խնդիր, և իր խառնվելը կամ չխառնվելը կապված է այս հիմնական խնդրի հետ: Նա պիտի ապահովի ռազմական անվտանգությունը: Եթե նա մտնում է այլ տիրույթներ, ասենք, սկսում է զբաղվել հասարակական կարգի պահպանությամբ, դա արդեն օրենքի խախտում է: Այո, իրավունք չունի այդպես»,- շարունակել էր Վաղարշակ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ զինվորականի մարտական պատրաստությունը և տեխնիկան հակառակորդի դեմ պիտի ուղղվի, և, որ ներքին զորքերի խնդիրն է հասարակական կարգի պահպանումը և հատուկ միջոցների կիրառումը:

Ռազմական անվտանգության համատեքստում, որպես Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան ներքաղաքական խնդիրների մասնակցել-չմասնակցելու մտքի շարունակություն, թե ժամանակին ՀՀ նախագահներից մեկն իրեն մեղադրել է գերագույն գլխավոր հրամանատարին չենթարկվելու մեջ, Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է.

«Այն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, այն ժամանակ մենք ունեինք ռազմական սպառնալիք Երևանում: Եթե զինված խմբեր վերցնում են պետական շենքեր, դա կոչվում է ռազմական սպառնալիք, որը մտնում է բանակի դրույթի մեջ՝ կանխել ռազմական սպառնալիքը: Եվ այնտեղ բանակը գործում էր՝ ժողովրդին պահել այդ տեռորիստներից և հնարավոր հետևանքներից ռազմական: Դա է եղել»:

Թողնենք ժամանակի ընթացքում մասնագետների գնահատականին նախարարության դերակատարությանը 1999 թվականի հոկտեմբերին 27-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններում, և մի պահ ընդունենք, որ Վաղարշակ Հարությունյանը բացարձակ ճիշտ է, հարց՝ Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին, որը այս տարիներին շահարկել է բանակի մասնակցությունը 2008-ի մարտիմեկյան դեպքերին, զրույցների կամ ինչ-ինչ հրահանգներ ստանալիս բացատրե՞լ է, որ բանակի ստորաբաժանումները 2008-ի մարտին Երևան են բերվել իր արտահայտած տրամաբանության շրջանակում: Եվ եթե ժամանակին Փաշինյանը քննադատել է բանակի «ներքաղաքական օգնությունը», ապա ինչո՞ւ է հիմա ինքը դիմում այդ օգնությանը, հատկապես, երբ, այսպես ասած, ռազմական անվտանգության հարց չկա:

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին, ապա նա Մարտի 1-ի գործի վերաբերյալ իր ցուցմունքում նշել է, որ, եթե իր ղեկավարած զորքից պահանջվեր ժողովրդի հանդեպ զենք կիրառել, նույն պահին կհրաժարվեր դա կատարել:

Գասպարյանը պնդել է՝ ոչ մեկից հրահանգ չի ստացել ցուցարարների ընդվզումները ցանկացած մեթոդով ճնշելու, անգամ՝ զենքի գործադրմամբ: Նշենք, որ Օնիկ Գասպարյանը 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Telegram-ալիքում «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը գրել էր, որ ոչ սթափ վիճակում Նիկոլ Փաշինյանը բղավել է, որ «կհեռացնի Օնիկ Գասպարյանին՝ որպես դավաճանի»: Չի բացառվում, որ գեներալի՝ զորքը ներքաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու պահանջի չկատարումն է հենց Փաշինյանը համարել դավաճանություն իր նկատմամբ: Իսկ Փաշինյանն այդ «դավաճանությունը» չի կարող անպատիժ թողնել, դրանք կարող են սկզբի համար լինել «անմեղ» մեթոդների և տեխնոլոգիաների տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս