Փաշինյանը սպառնում է լրացուցիչ միջոցներ կիրառել և «խեղդել» ԶՈՒ-երում հնարավոր ընդվզումը

2020 թվականի 44-օրյա պատերազմից, և հատկապես 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, որով նրանք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս բանակից իր համար եկող վտանգները չեզոքացնելու գործընթաց սկսեց, որը, ինչպես գրել ենք՝  արտահայտվել է կադրային փոփոխություններով, Զինված ուժերում բարեփոխումների տարաբնույթ ծրագրերով, փորձառու զինվորականներին բանակից հեռացնելով և այլն:

Այսօր, երբ բանակը կանգնած է ճակատագրական ընտրության առջև՝ կատարե՞լ Փաշինյանի անօրինական հրամանը և դուրս գալ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տակ գտնվող դիրքերից, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ. կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ոչ միայն հաստատել է մեր վերոնշյալ պնդումը, այլև հերթական անգամ «սպառնացել» է ՀՀ զինված ուժերին և զինվորականությանը:

«2021 թվականի փետրվարին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման տապալված փորձը: Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար»,- շեշտել է Փաշինյանը:

Այսինքն, սահմանադրական պարտականությունների համատեքստում ՀՀ զինված ուժերի դիմադրություն ցույց տալը Նիկոլ Փաշինյանը համարելու է քաղաքական գործընթաց կամ ռազմական հեղաշրջման հերթական փորձ, բայց իր քաղաքական օրակարգը կատարելը, որը բախման մեջ է մտնելու օրենքի և Սահմանադրության հետ՝ ոչ:

Կարդացեք նաև

Եվ սա այն դեպքում, երբ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն իր հրամանը կատարող զինվորականությանը հետագայում մեղադրանք առաջադրի՝ նահանջելու համար: Նման օրինակներ այսօր էլ կարող ենք գտնել: Եվ եթե 2021 թվականին ՀՀ ԶՈՒ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր հրաժարականի գրավոր պահանջի կազմակերպումը Նիկոլ Փաշինյանը կապեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանի դեպքում գուցե այլ քաղաքական ուժից որևէ դեմք գտնի:

Ի դեպ, Էդվարդ Ասրյանը 2021-ին ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում էլ ամրագրված չէ այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան՝ ռազմական հեղաշրջման փորձ, Սահմանադրության պահանջի խախտում:

Իսկ Փաշինյանը նախազգուշացումներ է ուղարկում ՀՀ զինված ուժերին այն դեպքում, երբ բաց տեքստով ասում է, որ Տավուշից տարածքների, դիրքերի, ռազմավարական ճանապարհների հանձնումը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս, ոչ էլ խուսափելու ենք նոր պատերազմից:

«Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն: Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում և այս բացասական երաշխի՛քը նախ պիտի չեզոքացնենք:

Հաջորդ հարցը. իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի: Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխի՛քը նախ պետք է չեզոքացնենք:

Հաջորդ հարցը. իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները: Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխի՛քը նախ պետք է չեզոքացնենք»,- հայտարարել է Փաշինյանը:

Այսինքն, տարածքային զիջումները՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան տակ, ոչ միայն չեն չեզոքացնելու նոր հարձակումը, այլ հայկական բանակին զրկելու են դիմադրելու հնարավորությունից, ինչին և Նիկոլ Փաշինյանը փորձում է հասնել՝ Ալիևի պահանջով, և ոչինչ, որ դեռ մարտունակ բանակ ունենալու ինքնիշխան իրավունքի մասին շարունակում է երբեմն հիշել: Բայց դա հնարավոր չէ, եթե առնվազն չես կրճատելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության տարբերության չափը, տարածությունը, ինչը Փաշինյանը չի պատրաստվում անել:

«Մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել»,- ԱԺ-ում շեշտել է Փաշինյանը՝ կրկնելով իր առաջարկները՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում, և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին՝ ՊՆ ստորաբաժանումները ետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր.

«Մեր ձեռք բերված զինատեսակները միտված են տարածաշրջանում խախտված բալանսի կարգավորմանը, որովհետև դրա խախտումն էր, որ տվեց հակառակորդին հնարավորություն անցնել ռազմական գործողությունների: Ընդ որում, մեկ անգամ 2016 թվականին, իսկ լայնամասշտաբ՝ 2020 թվականին»:

Անդրանիկ Քոչարյանը շեշտել է՝ «հակա» բառը մեր պաշտպանական բոլոր խնդիրների հիմքում է՝ հակաօդային պաշտպանություն և ոչ միայն:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի անվտանգային և բանակի զարգացման տեսլականների միջև հակադրություններ կան…

Տեսանյութեր

Լրահոս