Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին

«Ինչն իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանն անում են, շատ հստակ է՝ ունի երկար պատմություն: Երկար ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ապազգային հայտարարություններ է անում Արարատի դեմ, զինանշանի դեմ, հիմնի դեմ, ուզում է Սահմանադրություն փոխել, նոր Սահմանադրություն պատրաստել, որպեսզի Ցեղասպանության ու Արցախի մասին այդ ռեֆերանսը հանեն»,- 168.am-ի հետ զրույցում Ցեղասպանության անմեղ զոհերին ցուցակագրելու, Ցեղասպանության հարցին առավել գիտական մոտեցում տալու իշխանական առաջարկին այսպես արձագանքեց ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Սփյուռքահայ գործիչն աներևակայելի անիմաստություն որակեց նաև պատմական ու իրական Հայաստանների հակադրությունը՝ նշելով, որ այս և այլ մեսիջներով Նիկոլ Փաշինյանը հերթական դուռն է բացում զիջումների առաջ:

«Այս ամենից զատ՝ նա նաև անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, Թուրքիայի սահմանի բացման ու Թուրքիայի հետ համերաշխ գոյակցության մասին: Սրանք ապազգային ինչ-որ ուղղության հետևանք են:

Ու այն, որ Անդրանիկ Քոչարյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի մտահղացումը, ևս զարմանալի չէ, որովհետև նույն աղբյուրից է գալիս՝ մի ապազգային աղբյուրից, որ ամեն ազգային բան դրժում է ու փոխարենն առաջարկում իբրև թե մի նոր բան, բայց այնտեղ ոչ մի նորություն չկա՝ միայն հանձնվողականություն»,- մանրամասնեց նա:

Կարդացեք նաև

Այս համատեքստում անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլքսանչորսյան ուղերձին, որում մասնավորաբար նա խոսում էր «հոգեցնցման» ու դրա հաղթահարման անհրաժեշտության մասին, Հարութ Սասունյանն արձանագրեց՝ անհասկանալի էր:

«Ցեղասպանությունը մի հարց է, որին մասնագիտական ձևով առնչվել եմ իմ ողջ կյանքի ընթացքում, գրել եմ Ցեղասպանության մասին գիրք, 30 երկրում կարդացել եմ դասախոսություն այդ թեմայով, բայց երբ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կարդացի, ուղղակի չհասկացա, թե ինչ է ասում այդ մարդը: Ոչ մի հասկանալի միտք չկար այդտեղ։ Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել, որպեսզի շատերը գլխի չըկնեն, որ ինքը հակառակ է Ցեղասպանության հիշատակությանը: Ես միշտ էլ ասել եմ՝ թեև նա երկրի վատ ղեկավար է, սակայն իսկության մեջ հիմար չէ, խորամանկ է: Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է, որով պարզ ժողովուրդը կարող է խաբվել, բայց այն մարդիկ, որոնք խելք ունեն, հայրենասիրություն ունեն ու գիտակցում են, թե ինչ է Ցեղասպանությունը, նրանք ուղղակի ապշելու են այս հայտարարություններից»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել էր. « Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները: Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով՝ արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ»:

Տեսանյութեր

Լրահոս