«Խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում». Արտակ Դավթյան
Սյունիքի մարզում առաջացած անվտանգային խնդիրների, ԽՍՀՄ քարտեզի հիման վրա սահմանազատման գործընթացի և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։
– Հիմա ինչ-որ բան ասելը դժվար է: Իհարկե, խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում: Մի քիչ անհասկանալի է, քանի որ, ըստ պայմանավորվածության, պետք է կանգնեին այն տեղում, որտեղ զորքը կանգնած էր: Իսկ զորքը բավականին առաջ էր կանգնած: Բայց չգիտեմ, միգուցե պայմանավորվածություններ կան, կամ այդպես ավելի հարմար էր: Ինձ թվում է` երկրի ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ավելի շատ ինֆորմացիա ունեն և որոշում են կայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Ինձ այդպես է թվում: Անձամբ ինձ համար ցավալի է, քանի որ այդ հենակետերի մեծ մասը, լավ եք հիշում, կազմակերպեցինք ինքնապաշտպանական ուժերի միջոցով և մեր զինված ուժերին աջակցելու նպատակով: Եվ պիտի ասեմ` բավականին հարմար բնագծերով, իսկ հիմա այլ պատկեր է:
– Քաղաքական գործիչներից առաջարկում են Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազա ունենալ:
– Դա երկկողմանի խնդիր է, ռուսական կողմը ևս պետք է այդ ուղղությամբ աշխատի: Չմոռանանք, որ մենք Մեղրիում էլ ունենք ռուսական ներկայացուցչություն` սահմանապահների տեսքով, հիմա նաև Ղարաբաղի խնդիրն էլ կա, և մոտակա հինգ տարում առնվազն ռուսական խաղաղապահները գործունեություն պիտի իրականացնեն, և տրամաբանությունից ելնելով՝ իրենց համար ավելի լավ կլիներ Գորիսում կամ Կապանում ունենալ միջանկյալ որևէ կետ: Դա կլինի առանձին ռազմաբազա, թե կլինի Գյումրիի 102-րդ ռազմաբազայի, այսպես ասած, մասնաճյուղը: Բայց ինչ-որ ստորաբաժանումների տեղակայում պետք է լինի, ինչը ծառայության կազմակերպման, օպերատիվ արձագանքման տեսակետից կհեշտացնի իրենց կողմից խնդիրների կատարումը՝ և’ Մեղրիի հատվածում, և’ Լաչինի միջանցքի ապահովման խնդրում, իսկ տեղը բազայի կլինի Գորիսում թե Կապանում, դա արդեն լրացուցիչ քննարկման թեմա է:
– Պարոն գեներալ, Դուք ճի՞շտ եք համարում ԽՍՀՄ քարտեզի հիման վրա սահմանազատում այսքան հապճեպ, իսկ Պաշտպանության նախարարությունն այդ գործընթացին, մեծ հաշվով, չի էլ մասնակցում:
– Այդ հարցի հետ կապված՝ բավականին շատ մեկնաբանություններ եղան: Պետք է ինչ-որ քարտեզ որպես հիմք վերցվի՝ լինի խորհրդային ժամանակվա, լինի ցարի ժամանակվա: Դա նախնական աշխատելու համար կարող է հիմք ծառայել, բայց սահմանը պետք է գծվի միջպետական հանձնաժողովների կողմից, որոնց մեջ պետք է ընդգրկվի և՛ ԱԳՆ-ն, և՛ ՊՆ-ն, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները: Որովհետև շատ-շատ հարցեր կան, որ Խորհրդային սահմանով, քարտեզով, դրանք մի քիչ վերացական բնույթ էին կրում: Այնտեղ արոտավայրերի հարց կար, ջրի աղբյուրների խնդիրներ, ճանապարհների հարց, որոնց վրա այն ժամանակ ուշադրություն չի դարձվել: Հիմա այդ բոլոր հարցերի վրա պետք է աշխատենք: Տեսեք՝ Վրաստանի հետ սահմանի վրա այսքան տարի աշխատում են, դեռ չեն ավարտել: Դա շատ նուրբ հարց է: Մեծ հաշվով, անվտանգային մեծ խնդիրներ Վրաստանի հետ չենք ունեցել, պատերազմ չենք ունեցել, բայց այսքան տարի աշխատում ենք սահմանների հետ կապված, Ադրբեջանի հետ, ինձ թվում է՝ բավականին երկար կտևի այդ գործընթացը, կլինեն շատ խնդրահարույց հարցեր: Այնպես որ` պետք է լինի մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, բայց պետք է աշխատենք, որ առավել ընդունելի լինի մեզ համար: Ես գիտեմ, որ հին քարտեզներ կան, որտեղ վերջին քարտեզների հետ համեմատած՝ բավականին տարբերություններ կան` ՀՀ մակերեսի հետ կապված:
– Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Նախիջևանին սահմանակից Երասխի ուղղությամբ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել մի շարք դիրքեր: Որքանո՞վ է սա հնարավոր, թեպետ ՊՆ-ից հերքել են:
– Սա Երասխի հարցը չէ, նման հարցեր կան ամբողջ ՀՀ սահմանի երկայնքով: Իսկ նման հարցերը հնարավոր է լուծել միայն միջպետական հանձնաժողովի միջոցով դեմարկացիայի գործընթացի արդյունքում: Իսկ հիմա ՀՀ հատվածում շփման գծի փոփոխությունը գտնում եմ խիստ վտանգավոր, եթե նման քայլեր ձեռնարկեն: Կարծում եմ` չեն անի: Ի վերջո, չմոռանանք, որ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի հատվածում, Պառավաքարի, Արծվաշենի խնդիր կա: Նման խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, որը բնական է` պատերազմի օրերից սկսած՝ այս 30 տարվա ցուցանիշներ են, որոնք եղել են: Մենք ենք առաջ գնացել, իրենք են առաջ եկել, բայց հիմա դա փոխելը մեծ խնդիրներ և բարդություններ կբերի: Կարծում եմ` միակողմանի ոչ ոք նման քայլի չի գնա` երկրի ղեկավարությունը, ՊՆ-ն, որ ՀՀ հատվածում դիրքերի փոփոխություն կատարեն:
– Սյունիքում՝ Որոտան գետի ափին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը, Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է, ինչի մասին ԱԱԾ-ն է խոսում:
– Իմ ասածը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան այսքան տարի ունեցած շփման գծին: Իսկ նոր իրողությունների վերաբերյալ ես հարցազրույցի սկզբում ասացի իմ տեսակետը: Դա մեկը մյուսի հետ ես չեմ ուզում հիմա խառնել: