«Նախկին նախագահների օրոք թաքուն բանակցություններ չեն եղել, Կազանի բանակցությունները եղել են բաց, բանակցողը բաց խոսել է՝ էս եմ բանակցում, Մադրիդյան սկզբունքների ժամանակ էլ է էդպես եղել, Քի Վեսթի էլ». Վահե Հովհաննիսյան

«Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն արձանագրել է պետականության լուրջ ճգնաժամ, որի դրսևորումները և լուծումը Տավուշում չեն:

«Ցավոք, մենք Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, որ Ոսկեպարը պիտի դիմադրի, ինչի՞ն պիտի դիմադրի, եթե խոսքը գնում է Հայաստան պետության մասին: Եթե այդ շեշտադրումով ենք, որ պիտի դիմադրի Ոսկեպարը կամ Տավուշը, մենք կորցնելու ենք, այդ խնդիրը լրիվ ուրիշ տեղում է՝ Երևանում է, Երևանի կարևորագույն շենքերում և սենյակներում: Արտաքին դիմադրության մասին խոսք լինել չի կարող տավուշյան սցենարով, Տավուշում չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշում տագնապի նշանը կարող է ստիպել ներքին լուրջ դիմադրության շարժում սկսելու»,- շեշտել է նա՝ հավելելով, որ պետության ներքին կյանքում կան լուրջ դեգրադացիոն պրոցեսներ, օրինակ, այն, որ արտաքին ագրեսորը, հարևանդ քեզ ուլտիմատում է ներկայացնում, իսկ դու, հանձնվող տարածքները, գնում ես՝ գյուղացիների հետ ես քննարկում:

Վահե Հովհաննիսյանի խոսքով, ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանը նոր իրավիճակ է ստացել. հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ:

«Ապրիլի 5-ից առաջ և հետո Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը հայտարարություններ են ընդունել, որով ցույց են տալիս մեր իզոլյացիան, մենք աշխարհագրությամբ և աշխարհաքաղաքականությամբ իզոլացվել ենք, մեր ռեգիոնը մեզ թարս աչքով է նայում»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ երկրի իշխանությունն անընդհատ խաբում է. ասում էին՝ գնում են խաղաղության բանակցություններ, պարզվեց՝ նման բան չկա, որտեղ է ֆորմատը, ով է միջնորդը՝ չկա: Կամ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում Տավուշից գործընթացը սկսելու համաձայնություն չկա, նման հարց չի քննարկվել, բայց այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ինչը հուշում է թաքուն խողովակի մասին:

Կարդացեք նաև

«Կարող ենք մեղադրել բոլոր նախկին նախագահներին, նախարարներին, պաշտպանության նախարարին, բայց երբևէ նման բան չի եղել, թաքուն բանակցություններ չեն եղել, եղել են աշխատանքային խողովակներ, ինչ եղել է, հրապարակային է եղել: Նույն Կազանի համաձայնագիրը, բանակցությունները եղել են բաց, բանակցողը բաց խոսել է՝ էս եմ բանակցում, Մադրիդյան սկզբունքների ժամանակ էլ է էդպես եղել, Քի Վեսթի էլ»,- ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիրը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս