Երեկ Փաշինյանը կատարեց Ալիևի տարեսկզբի պահանջը. արդյո՞ք Սուրեն Պապիկյանը հետ է կանգնել իր 2022թ. դիրքորոշումից

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել էր որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, և, որ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Բայց արդեն հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Պաշտպանության նախարարությունն այս տեղեկության տարածման հետ միաժամանակ վստահեցրել էր, որ երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ, ինչը տեղի չունեցավ:

168.amին տվածտ հարցազրույցում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով 2021-ի մայիսի 12-13-ին ադրբեջանական զինուժի երեք ուղղություններով ներխուժմանը Հայաստանի Հանրապետության տարածք, որի արդյունքում փաստացի ամրացան մի քանի կիլոմետր խորության վրա՝ Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում, ինչի հետևանքն ենք այսօր նաև կրում, նշել է.

Կարդացեք նաև

«Եթե ես չլինեի, այդ առաջխաղացումները կլինեին 5 անգամ ավելի շատ: Դուք մի մոռացեք պատերազմից հետո այդ ժամանակահատվածում մեր ԶՈւ վիճակը և Ադրբեջանի զինված ուժերի վիճակը: Դա՝ առաջին և օբյեկտիվ պատճառ: Երկրորդ, կար սուբյեկտիվ պատճառ՝ քաղաքական որոշումների հարց, թե ինչ քաղաքական խնդիր էր դրել հակառակորդը, և որը իրականացրեց, որը՝ ոչ: Օրինակ, նա նպատակ էր դրել դուրս գալ 15-20 կմ խորության վրա, բայց կարողացել է 1-2 կմ խորանալ, դա ի՞նչ ենք համարում… Չնայած անգամ 1 մետրի օկուպացումը մեր տարածքի՝ անթույլատրելի է: Չմոռանանք, որ մեր ԶՈՒ ստորաբաժանումները, որ այդ բնագիծը պահում էին, դուրս էին եկել Քարվաճառի հատվածից դեկտեմբեր ամսին: Լեռնային այդ շրջանում դեկտեմբերից մինչև ապրիլ, անգամ՝ մայիս, դեռ բավականին շատ ձյուն կար: Այսինքն, այդ ամենը պայմանավորված էր զորքի վիճակով, եղանակային պայմաններով և այլն: Մայիսյան առաջխաղացումները տեղի ունեցան Սոթքի հանքից մինչև Խոզնավար, նայեք՝ քանի կիլոմետր ճակատով, ինչ գործողություններ սկսեց հակառակորդը: Եղել են հատվածներ, որ առաջ են եկել, եղել են՝ ոչ»:

Բայց փաստ է, որ եղել է ադրբեջանական ներթափանցում ՀՀ ինքնիշխան տարածք: Նիկոլ Փաշինյանն ինքն էր 2021 թվականին հայտարարել, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժման արդյունքում «ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-45 քառակուսի կմ, հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո»:

Որքան էլ ասեն, որ կարող էին ադրբեջանական առաջխաղացումներն ավելին լինեին, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ ադրբեջանական զինուժը մայիսի 12-ին Սյունիքի ուղղությամբ առաջխաղացում է ապահովում, հաջորդ օրը՝ նաև Գեղարքունիքի մարզի ուղղությամբ: Այսինքն, համապատասխան պատրաստ վիճակում չենք եղել, և բավարար դիմադրություն ցույց չի տրվել: Եվ այստեղ արդեն հիշեցնենք այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը, որի մասին 168.amգրել էր։

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր.

«Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք՝ ՀԱՊԿ-ից, և զրո արձագանք՝ Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը, իսկ ԳՇ պետի տեղակալը՝ Արշակ Կարապետյանը, ով վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ իր հայտարարություններից մեկում պնդել է, որ Փաշինյանն արգելել է զորքին կրակել, այնուհետև հարցազրույցներից մեկում հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսի 12-13-ի դեպքերից օրեր առաջ Փաշինյանը գնացել էր Գեղարքունիքի մարզի N զորամաս։

 

«Ասում է՝ մայիսի 12-ին…, բայց ինքը մոռացել է, որ մայիսի 9-ին, երբ ժողով էր անցկացնում Վարդենիսի ուղղության վրա հրամանատարական կազմի հետ, մի քանի օր դրանից առաջ, բրիգադներից մեկի հրամանատարը վեր կացավ և հարց տվեց՝ «պարոն վարչապետ, որ ադրբեջանցիներն առաջ գան, մենք պետք է կրակե՞նք, թե՞ ոչ…»: Դե թող ինքը հիմա այդ հարցի պատասխանը հնչեցնի: Ես չեմ ուզում բրիգադի հրամանատարի անունը տամ, որ այդ մարդուն չդնեմ տարբեր խնդիրների մեջ: Թող ինքը հիմա այս հարցի պատասխանը հնչեցնի, ինչ է պատասխանել, և հնչեցնելուց չմոռանա, որ ամեն ինչը փաստացի գրանցված կա, և ոչ թե իր՝ վոթսափային «ամեն ինչ նորմալ» բառով»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն 2021 թվականի մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան ադրբեջանական ներթափանցումից առաջ է գնացել Գեղարքունիքի մարզ, որտեղ հրամանատարությունը, ըստ էության, նրան զգուշացրել է ադրբեջանական հնարավոր հարձակման մասին, և որին համարժեք պատասխան տալու թույլտվություն նա չի տվել զորքին, այլև Փաշինյանը Գեղարքունիք է գնացել նաև այդ դեպքերից հետո, և դարձյալ թույլ չի տվել զորքին համապատասխան գործողություններ իրականացնել:

Մասնավորապես, 168.amգրել է, որ 2021 թվականի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Բայց, չգիտես՝ ինչու, գեներալը, ով մայիսյան առաջխաղացումների գործով մեղադրվում է և կալանքի տակ է, լռում է այս տեսանյութի մասին, և այն քննության առարկա չի դարձել:

Այսինքն, գեներալներն ավելի հեշտ միմյանց դեմ ցուցմունք կտան, քան Փաշինյանի, թեպետ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Իսկ 2021 թվականի մայիսի առաջխաղացումներից հետո տեղի ունեցան նոյեմբերյան մարտերը, որի մասին Նիկոլ Փաշինյանը վերջերս հիշել էր՝ Արշակ Կարապետյանին հիշելուն զուգահեռ, և որի արդյունքում հերթական անգամ հաստատվեց, որ գործ ունենք, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ղեկավարության հետ: Կրկնում ենք, մեղմ ասած: Իսկ իրականում գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործարքի մեջ մտած երկրի ղեկավարության հետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հենց դիտմամբ էլ 2021 թվականի մայիսին թույլ չի տվել կանխել ադրբեջանական առաջխաղացումը, կամ՝ առնվազն հետո հեռացնել ՀՀ ինքնիշխան տարածքից՝ թույլ տալով, որ Ադրբեջանը ուժի գործադրմամբ և առանց քարտեզների սահմանազատում և սահմանագծում իրականացնի:

Եվ եթե սկզբնական շրջանում կամ առնվազն մինչև անցած տարի գոնե ՀՀ իշխանություններն ընդունում էին, որ 2021-2022 թվականներին (2021 թվականի մայիս, 2021 թվականի նոյեմբերյան մարտեր, 2022 թվականի սեպտեմբերյան մարտեր) տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա՝ նշելով տարբեր թվեր քառակուսի կիլոմետրերի, ապա երեկ՝ մարտի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել այդ տարածքի՝ ՀՀ-ինը լինելու փաստը: Մասնավորապես, ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է.

«Դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Երբ ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր ու անխուսափելի և պարտադիր նախապայմանն է, որով պետք է մենք ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալը»:

Հավելենք, որ սրանից առաջ իրեն 29.800 քկմ ՀՀ տարածքային ամբողջականության վարչապետ հռչակած Փաշինյանը վերջին շրջանում չէր հիշատակում այս թիվն իր հայտարարություններում, իսկ մարտի 12-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խորհրդային հանրագիտարանից վերցրած 29.800 թիվը կլորացրած է, և այնտեղ կա նաև ուրիշ թիվ՝ 29.743 քկմ: Եվ Նիկոլ Փաշինյանն այս մասին սկսեց խոսել, երբ Իլհամ Ալիևը տարեսկզբին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ադրբեջանական զորքը չի հեռանալու 2021-2022թթ. վերահսկողության տակ վերցրած մեր տարածքներից:

 «Իհարկե, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ, մենք ոչ մի քայլ չենք հեռանալու ոչ 2021 թվականի մայիսի, և ոչ էլ 2022 թվականի մեր դիրքերից, որովհետև հենց այդ սահմանը պետք է հաստատվի»,- ընդգծել էր Ալիևը:

Իսկ Ադրբեջանը 2021-2022 թվականներին գրավել է հայկական ռազմավարական բարձունքները, և պարզ է, որ դրանք չի լքելու: Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ալիևի հրաժարումը՝ լքել ՀՀ ինքնիշխան տարածքը: Եվ այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ եթե 2021-2022-ին օկուպացված տարածքների հայկական լինելը Փաշինյանը կասկածի տակ է դնում, ապա կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական առաջխաղացումների դեպքերով քրեական գործեր հարուցելու մեղադրանքներն անօրինական են:

Այսինքն, ելնելով Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունից՝ կարող ենք հարց տալ՝ ո՞ր տարածքը պիտի պահեին, որ չեն պահել: Իսկ իրականում արդեն իսկ նշեցինք, որ տեղի ունեցածը, ըստ էության, գործարքի արդյունք է, և Փաշինյանը շատ լավ էլ տեղեկացված է եղել և՛ ադրբեջանական պլանների մասին, և՛ սահմանին ստեղծված իրադրության, և շատ լավ պատկերացրել է հետևանքները, երբ զորքին թույլ չի տվել համարժեք գործողություններ իրականացնել:

Ի դեպ, 2023 թվականին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ 2022թ. դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել է, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139 քառ. կմ տարածք:

Պաշտպանության նախարարության կամ նախարար Սուրեն Պապիկյանի` ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:

Իսկ ՊՆ այս գրությունն ուղարկվել էր 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, և մենք նկատել էինք, որ հնարավոր է՝ դրա ազդեցությունն է եղել, որի ժամանակ 2 օրում ավելի քան 200 զոհ է տվել հայկական կողմը:

Այս համատեքստում հիշեցրել էինք, որ 2021 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում հավաքվածներին փորձել էր համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել:

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել էր նա:

Ըստ այդմ՝ անցած տարվա մեր հոդվածում մենք հարցադրում էինք արել՝ հետաքրքիր է՝ պատմաբան և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ենթագիտակցության մեջ Ադրբեջանը շարունակո՞ւմ է մնալ որպես թշնամի…

Այս հարցադրումը մի փոքր այլ ձևակերպմամբ անում ենք հիմա՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նման, այսօր Սուրեն Պապիկյանն էլ է սկսել մտածել, որ 2021-2022 թվականներին ադրբեջանական վերահսկողության տակ վերցված տարածքներն իրականում ՀՀ ինքնիշխան տարածքները չեն, ինչպես պնդում էր 2022-ին…

Տեսանյութեր

Լրահոս