
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկել Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար: Այս մասին նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։
«Ինժեներական քաղաք ծրագիրը երկարամյա պատմություն ունի: Թեև ծրագիրը մեր ուղիղ պատասխանատվության գոտում չի գտնվել, այլ դերակատարներ են ներգրավված եղել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածից, բայց մենք ընկալել ենք, որ մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում պետք է աջակցենք, որ ծրագիրն ի վերջո կյանքի կոչվի: Այն տեխնոլոգիական առումով մեր այցեքարտերից մեկը պետք է լինի: Ուստի մենք գործուն քայլեր ենք ձեռնարկել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման դադարեցման դեպքում կամ ծրագրի ավարտվելու դեպքում պետական բյուջեի միջոցներով Ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցնելու համար: Այս մասով դեռ որոշումը վերջնական թղթին հանձնված չէ: Ներկայում շինարարական աշխատանքները շարունակվում են»,- մանրամասնեց նախարարը:
Հայրապետյանը ներկայացրեց նաև, որ Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում շինարարական և ինժեներական աշխատանքները մեծ ծավալով ընթացել են առաջին եռամսյակում: Գերհամակարգիչը լինելու է Ինժեներական քաղաքում, դրանով էլ ծրագրերը փոխկապակցված են:
«Գերհամակարգչի ամբողջական տեղադրման և միացման աշխատանքները պլանավորվում է ավարտել առաջիկայում՝ շատ մոտ ապագայում»,-եզրափակեց նախարարը: