ԻՆՁ ՉԵՄ ՆԵՐԻ… ՈՐ ՄԱՅՐԻԿԻՍ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԳՐԿԵՑԻ. ԳՈՀԱՐ ՋԱՎՈւԿՑՅԱՆ
Երգչուհի Գոհար Ջահուկցյանը «Ռանդևուի» տաղավարում անկեղծ խոսում է իր կյանքի ամենացավոտ էջերի մասին։
Նա պատմեց մանկության տարիների բուլինգի, «4 Տարբերակ» խմբի հաջողության ու բաժանման, Ամերիկա տեղափոխվելու, մոր կորստի, մեղքի զգացման, ինչպես նաև այն մասին, թե ինչու մինչ օրս չի կարողանում ներել ինքն իրեն։
Գոհար Ջահուկցյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում և միայն 8 տարեկանում է ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ այդ շրջանը հեշտ չի եղել. նա գրեթե հայերեն չէր խոսում, իսկ նոր միջավայրում հաճախ էր հայտնվում ուշադրության կենտրոնում։

Ամենածանր հիշողություններից մեկը դպրոցական տարիների բուլինգն է։ Ռուսական միջավայրից բերած ազատ բառապաշարի պատճառով նա, առանց բառերի իրական նշանակությունը հասկանալու, օգտագործել էր մի քանի անպատշաճ արտահայտություն, ինչից հետո ամբողջ դասարանը նրա դեմ էր դուրս եկել.
«Լացելով տուն գնացի ու մայրիկիս ասացի՝ ուզում եմ դպրոցս փոխել։ Բայց մայրս ասաց՝ ոչ, դու պիտի մնաս ու բոլորին ապացուցես, որ այն մարդը չես, ինչպիսին քեզ ներկայացնում են»։
Դպրոցական այդ պատմությունը հետք է թողել երգչուհու հոգեբանության վրա։
Նա խոստովանում է, որ տարիներ շարունակ իր ամբողջ ուժը ներդրել է, որպեսզի բոլորն իրեն լավ մարդ համարեն։
«Ես չէի կարողանում սահմաններ դնել։ Միշտ ուզում էի, որ բոլորն ինձ սիրեն։ Հետո հասկացա՝ պարտադիր չէ բոլորին դուր գալ։ Կարևորը՝ ինքդ քեզ ընդունես»,- ասում է նա։
Գոհարն ասում է՝ հոգեբանի չի դիմել, սակայն երկար աշխատել է իր վրա և այսօր արդեն սովորել է նաև «ոչ» ասել։
Չնայած բազմաթիվ փորձություններին՝ երգչուհին վստահ է, որ Աստված միշտ իրեն հեռու է պահել վատ մարդկանցից.
«Ես երբեք չեմ ունեցել այնպիսի մարդ, որի մասին ասեմ՝ սրիկա էր կամ ստոր։ Եթե զգացել եմ, որ մեր ճանապարհները տարբեր են, պարզապես լուռ հեռացել եմ»։

Հիշելով «4 Տարբերակ» նախագիծը՝ Գոհար Ջահուկցյանն ասում է, որ ամեն ինչ սկսվել է շատ ինքնաբուխ։
Չորս բոլորովին տարբեր աղջիկներ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ և կարճ ժամանակում դարձան հայկական շոու-բիզնեսի ամենատարբերվող նախագծերից մեկը.
«Մենք նման չէինք մյուս խմբերին։ Ամեն մեկն իր գույնն ու ոճն ուներ, դրա համար էլ նախագիծն աշխատեց»։
Երգչուհին խոստովանում է, որ Ամերիկա տեղափոխվելը ծրագրված որոշում չէր.
«Այնպիսի զգացողություն էր, կարծես Աստված վերցրեց ինձ այստեղից ու տարավ Ամերիկա՝ ասելով՝ այսուհետ այստեղ ես ապրելու»։
Նա վստահեցնում է՝ երբեք չի մտածել արտագաղթելու մասին, պարզապես կյանքն այդպես է դասավորվել։
Հարցազրույցի ամենահուզիչ հատվածը մոր մասին պատմությունն էր։
Գոհարը հիշում է, որ ԱՄՆ մեկնելու նախորդ օրը մայրը հանկարծ հարցրել էր՝ «Կարո՞ղ է չգնաս…»։
Նա նույնիսկ պատրաստ էր չեղարկել թռիչքը, բայց մայրը վերջին պահին ասել էր՝ «Չէ, գնա…»։
«Այդ պահին զգացի, որ էլ մամայիս չեմ տեսնելու…»,- ասում է նա։
Ցավոք, այդ զգացողությունը ճիշտ էր։ Covid-ի օրերին, արդեն երեխայի ծնվելուց մեկ ամիս անց, Գոհարի մայրը մահացավ Հայաստանում, իսկ ինքը չկարողացավ նույնիսկ վերջին հրաժեշտը տալ նրան։
Երգչուհին չի թաքցնում՝ ամենածանր զգացումը մեղքի զգացումն է.
«Չեմ կարողանում ինձ ներել, որ գնացի… Եթե մնայի Հայաստանում, գուցե այդ ամենը տեղի չունենար»։
Սակայն նույն պահին նա հիշում է նաև մոր ամենամեծ երազանքը.
«Մամաս միշտ ասում էր՝ ուզում եմ միայն տեսնել քո երեխային։ Երբ աղջիկս ծնվեց, վստահ եմ՝ մաման երջանիկ էր, որ հասցրեց տեսնել նրան»։

Խոսելով այսօրվա երաժշտության մասին՝ Գոհար Ջահուկցյանը նշեց, որ սիրում է երիտասարդներին, նրանց համարձակությունը և նորարարությունը։
Անդրադառնալով մեր օրերում ակտիվացող ժամանակակից տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը, նա վստահեցում է՝ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել արվեստագետին.
«Փորձել եմ AI-ից երգ պատվիրել։ Ստացվում է տեխնիկապես ճիշտ, բայց անհոգի։ Այն չի կարող փոխանցել մարդու ապրումը»։
Բլից հարցերի ընթացքում երգչուհին խոստովանեց, որ այսօր իր ամենամեծ վախը վերաբերում է դստերը։
«Ամեն գիշեր Աստծուց խնդրում եմ՝ աղջկաս հեռու պահի վատ մարդկանցից ու փորձություններից»,- նշում է նա։
Իսկ ամենամեծ ափսոսանքը կապված է ոչ թե անձնական կյանքի, այլ կարիերայի հետ.
«Ափսոսում եմ, որ ավելի համարձակ չեմ եղել և երգարվեստում ավելի շատ քայլեր չեմ արել»։
Չափազանց հուզիչ էր, երբ Գոհարը խոսեց մոր շիրմին այցելելու մասին։
«Եթե այսօր հնարավորություն ունենայի նրան մեկ նախադասություն ասել, միայն կասեի՝ «Կներես, մամ, որ գնացի…»»,- ասաց նա և չկարողացավ զսպել հուզմունքը՝ խոստովանելով, որ տարիներ անց էլ այդ ցավը չի մարում։
Մանրամասները՝ տեսանյութում։

