Այնքան հուզիչ է. կարողացա ներկայացնել Հայաստանը․ 36 տարվա դադարից հետո Վահրամ Խուդոյանը հաղթել է
«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ծանրամարտի վարպետների համաշխարհային խաղերի և Եվրոպայի չեմպիոն Վահրամ Խուդոյանի հետ, ով այս հաջողություններին հասել է 62 տարեկանից սկսած։

– Պարոն Խուդոյան, ծանրամարտով սկսել եք զբաղվել 14 տարեկանից, սակայն 26 տարեկանում հեռացել եք սպորտից ու վերադարձել 36 տարի անց։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։
– Երիտասարդ տարիներին զբաղվել եմ սպորտով, բավականին լուրջ հաջողությունների եմ հասել, եղել եմ ՀՀ բազմակի չեմպիոն՝ մինչև 25 տարեկանը։ Հետո տևական ժամանակ դադար եղավ։ Չեմ մարզվել այնքան ժամանակ, մինչև այդ ընթացքում հասցրեցի ամուսնանալ, երեխաներ ունենալ, նրանց տեղավորել։ Ապա նոր ժամանակ ունեցա ու սկսեցի զբաղվել իմ «խնդիրներով»։ Օրերս դարձա 71 տարեկան։
Ճիշտն ասած, այս տարիքում ծանրամարտով զբաղվելը մի քիչ անսովոր է։ Հանկարծակի եղավ, քանի որ նման փորձ չկար Հայաստանում, բայց 10 տարի առաջ ես գնացի դահլիճ ու սկսեցի մարզվել։
Երիտասարդ տարիներին երազում էի դառնալ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, բայց երազանքս չկատարվեց։ Տարիներ հետո հասկացա, որ Աստված ինձ ուժ է տվել, և դեռ չեմ կորցրել այդ ուժը։ Գնացի փորձեցի, և պատկերացնո՞ւմ եք, ստացվեց։ Վերջին 10 տարում բազմիցս դարձել եմ Եվրոպայի, աշխարհի, համաշխարհային խաղերի չեմպիոն։
– Հարցազրույցներում փակագծեր չեք բացում, միշտ ասում եք, որ որոշեցիք ամուսնանալ, աշխատել, և այլն։ Բայց երբ մարդն ունի սիրելի մասնագիտություն, իրեն դժվար է դրանից կտրելը: Ինչպե՞ս կարողացաք առանց ծանրամարտի։
– Շատ դժվարությամբ, գրեթե չէի կարողանում։
– Գուցե հիասթափություն կամ անարդարության զգացո՞ւմ է եղել, որ հեռացել եք։
– Ծանրամարտը երևի թե ամենաազնիվ սպորտաձևն է։ Այն ենթադրում է ծանրաձողը բարձրացնել, և ոչ մի դատավոր չի կարող ազդել քո արդյունքների վրա։ Միակ բանը, որ կարող է ազդել՝ դրան գնահատական տալն է։ Ապրել եմ Սովետական Միության կարգերի ժամանակ, որտեղ նման խնդիրներ գրեթե չեն եղել։ Հավասարություն է եղել, բոլոր սպորտսմեններին նույն ձևով են վերաբերվել։ Որևէ վատ հիշողություն, նստվածք չի մնացել։
– Մնաց այն, որ այդ տարիքում Ձեր ուժերի վրա վստահ չեք եղել։
– Չէ։ Ես այն թվերին եմ մասնակցել, երբ իմ կողքը եղել են Յուրի Վարդանյանը, Յուրիկ Սարգսյանը, Օգսեն Միրզոյանը։ Նրանք համաշխարհային աստղեր են, և ես պարզապես այդ կարողությունները չունեի, Աստված ինձ չէր օժտել այդ աստիճանի, որ կարողանայի… շատ մոտ էի, բայց, ամեն դեպքում, չդարձա այդ մակարդակի սպորտսմեն։

– Այսինքն, ինքնագնահատականն այդ տարիքում ցածր է եղել, և ժամանակի ընթացքում՝ մոտ 36 տարի անց, հասկացել եք, որ սխալվե՞լ եք։
– Չէ, սպորտն ինձ համար եղել է հոբբի, հաճելի զբաղմունք և ոչ մի անգամ մասնագիտություն չի եղել, որ ես ճիշտ կամ սխալ ընտրություն կատարեի։ Մինչև հիմա էլ այն իմ աշխատանքը, գումար վաստակելու միջոցը չէ, հաճելի զբաղմունք է, առողջ, լավ զգալու միջոց։
– 10-ամյակներ անց ի՞նչ կատարվեց Ձեզ հետ, որ որոշեցիք վերադառնալ մրցահարթակ։
– Մտածեցի՝ այն որակները, որ ունեմ, անպայման պետք է ռեալիզացնել։ Եթե այդ որակները՝ այն, որ կարող եմ Հայաստանը ներկայացնել համաշխարհային հարթակներում, դառնալ հաղթող, դրոշը բարձրանա, օրհներգը հնչի, չօգտագործեի՝ ինձ շատ վատ կզգայի։ Դա եղել է 10-յակ անգամներ։ Շատ ուրախ եմ, որ ստացվել է այդ ամենը։
Ցավոք, ես մենակ եմ այդ ֆրոնտում։ 1-2 հոգի մասնակցել են, բայց ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել։ Եվ հիմա ՀՀ հավաքականը ներկայացնում եմ գրեթե մենակ։
– Միշտ ասում եք, որ գնում եք հաղթելու համար։ Սա հոգեբանորեն չի ճնշո՞ւմ մրցակիցներին։
– Բա ի՞նչ է անում (ծիծաղում է:- Ա․Կ)։ Բայց ես պատրաստվում եմ, չէ՞։ Հասկանում եմ՝ ո՞ւր եմ գնում և ինչի՞ համար։ Պատրաստվում եմ այնպես, որ միայն հաղթեմ։ Ուզում եմ չեմպիոնության, մեդալների քանակը շատացնեմ։
– Հանդես եք գալիս այն քաշային կարգում, որում հանդես են գալիս երիտասարդ չեմպիոնները՝ Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը․․․։
– Այո։ Գերծանր քաշային կարգն է, բայց երբ դուրս եմ գալիս հարթակ՝ ամենափոքրամարմինն եմ, որովհետև ենթադրվում է 140-150 կգ քաշ ունեցող ատլետներ, ես ընդամնեը 110 կգ եմ ու ամենաթեթևն եմ։
Վերջին նվաճումս եղել է՝ 84 կգ պոկում վարժությունում․ դա համաշխարհային ռեկորդ է, և 115կգ՝ հրում վարժությունը։ Հանրագումարը մոտ 200 կգ է դառնում։
– Համոզված եմ՝ հետևում եք երիտասարդ ծանրորդներին։ Ի՞նչ հնարավորություն ունեն նրանք, որ Դուք նախկինում չունեիք։
– Ես հնարավորություն չունեի մասնակցել հանուն Հայաստանի, իմ հայ ժողովրդի համար։ Իսկ այսօրվա մարզիկները կարող են մասնակցել Հայաստանի անունից։ Ես կարող էի մասնակցել Սովետական Միության դրոշի ներքո, և մեկ անգամ հաջողվել է համամիութենական դրոշի ներքո դառնալ աշխարհի գավաթի փուլերից մեկի հաղթող, ու հնչել է Սովետմիության օրհներգը։ Մեկ անգամ, պատկերացնո՞ւմ եք։
– Ծանրամարտի մրցումների սկսել եք մասնակցել 62 տարեկանից։
– Առաջին մրցումը եղել է 62 տարեկանում՝ Նոր Զելանդիայում։ Չեմ վախենա ասել՝ առեղծվածային մրցում է եղել։ Մրցակիցները փորձառու մարդիկ էին, ինձանից ուժեղ։ Կատարվեց մի բան, որ մինչև հիմա չեմ կարողանում բացատրել։ Մրցման օրն ապրիլի 25-ն էր, բայց փոխեցին, դարձրեցին ապրիլի 24։ Եվ ես այդ ժամանակ հասկացա, որ պետք է հաղթեմ։ Ասում էի՝ Աստված, մի բան արա՝ ես հաղթեմ։ Պատկերացնո՞ւմ եք, ես հաղթեցի ուժեղներին։ Տարբեր բաներ եղան․ մեկի մոտ չստացվեց, մյուսը զրո ստացավ, մյուսը տրավմա ստացավ, և ես հաղթեցի։ Զարմանալիորեն դարձել եմ համաշխարհային խաղերի չեմպիոն, Հայաստանի միակ մարզիկն եմ, և դա բավականին լուրջ տիտղոս է։
Մեկ տարի առաջ էլ Ալբանիայում համաշխարհային ռեկորդ եմ սահմանել պոկում վարժությունում։ 82 էր, բարելավեցի 2 կգ-ով, հրում վարժությունը 107կգ էր։ Հաշվի առեք տարիքը՝ 70, բավականին դժվար է։ Պետք է հաղթահարես մի շարք բաներ, և ամենադժվարն այն է, որ քեզ ստիպես, գնաս դահլիճ և պարապես։
Առողջությունն առաջին պլանում է․ ինչքան սպորտը սիրես՝ առաջին հերթին պետք է խնամքով վերաբերվես քո առողջությանը, ավելին, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվես սպորտով, ոչ թե ֆիզկուլտուրայով։

– Երբ կանգնում եք պատվո հարթակին՝ ի՞նչ եք մտածում։
– Այնքան հուզիչ է, որ գրեթե ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Ուղղակի հասկանում եմ, որ կարողացա ներկայացնել Հայաստանը, իմ լուման, ներդրումն ունենալ։ Պետք է այնպես անել, որ աշխարհը ճանաչի մեր հայրենիքը, և սպորտը երևի թե համար մեկ գործիքն է։
– 50 տարեկանից սկսած՝ շատերը գրկում են բազմոցը կամ այգու նստարանը՝ ասելով, որ արդեն ծեր են, երազանքներ չունեն, ոչ մի նպատակի չեն կարող էլ հասնել։ Ի՞նչ կասեք նրանց։
– Տարիքը թիվ է, մարդ պետք է ապրի լիարժեք՝ իր նախասիրություններով, ծրագրերով, աշխատանքով։ Ամեն ինչի չես կարող կյանքում հասնել՝ հասկանալի է, բայց կարևոր են քայլերը, որ կատարում ես։ Շատ դժվար է այդ մարդկանց խորհուրդ տալ, երևի թե իրենց հոգեբանությունը մի քիչ ուրիշ ձև է; Վե՛ր կացեք այդ բազմոցից, գնացեք, մի լուրջ բանով զբաղվեք։ Նստած ոչ մի բան չի փոխվի իրենց կյանքում, էլ չեմ՝ ասում ֆիզիոլոգիական, բժշկական առումներով. օրգանիզմը ատրոֆիայի է ենթարկվում։
– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդին, ով հիասթափվել է ու ուզում է հեռանալ սպորտից։
– Տոկոսային հարաբերակցությամբ քիչ մարդիկ են մնում այդ ոլորտում։ Կարիերան վերջացնում, այլ աշխատանքներով են զբաղվում։ Կուզեի ոչ թե հիասթափվեին, այլ շնորհակալ լինեին սպորտին, որ իրենց մեջ կամք, ուժ, նպատակասլացություն է ձևավորել։ Սպորտից հեռանում են հոգեբանորեն ավելի կայուն, պատրաստված։ Պետք չէ ոչ մի անգամ մտածել, որ ինչ-որ բաներ կան, որոնց չհասան։ Սպորտով զբաղվելով՝ արդեն այլ մարդ են, աշխարհին նայում են այլ աչքերով։
– Խոսենք Ձեր առաջիկա պլաններից։
– Երկու ամսից Աթենքում աշխարհի առաջնութունն է, փորձեմ աշխարհի չեմպիոնի մի մեդալ էլ ավելացնել։ Հետո Ճապոնիայում համաշխարհային խաղերն են լինելու, տեսնենք՝ ոնց կստացվի, քանի որ, ամեն դեպքում, տարիքը զգացնել է տալիս։ Հուսանք, ամեն ինչ լավ կլինի։

– Մինչև քանի՞ տարեկանն եք պլանավորել զբաղվել ծանրամարտով։
– Կպարապեմ, կմասնակցեմ այնքան, ինչքան թույլ կտա իմ առողջական վիճակը, իսկ հոգեբանորեն պատրաստ եմ։

