Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Կանադայի Տորոնտո քաղաքում փողոցային փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին և քաղաքային պաշտոնյաներին։ Ոստիկանության տվյալներով՝ երեք մարդ վիրավորվել է։
Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել միջադեպի հանգամանքները։ Հրաձիգների որոնումները շարունակվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու հրազեն։
Վարչապետ Մարկ Քարնին միջադեպը անվանել է «սարսափելի»։ «Իմ աղոթքներն այն ընտանիքների հետ են, ովքեր սգում են իրենց սիրելիների, ծանր վիճակում գտնվողների և այս սարսափելի իրադարձությունից տուժած բոլորի համար», – գրել է Քարնին X սոցիալական ցանցում։
Կրակոցները տեղի են ունեցել Տորոնտոյի կենտրոնում անցկացվող «Սալսա Սենթ Քլեր» Կանադայի ամենամեծ լատինաամերիկյան փողոցային փառատոնի ժամանակ։

