Զիմբաբվեի նախագահը պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը որակել է «կոլեկտիվ» որոշում
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու որոշումը եղել է «կոլեկտիվ», այլ ոչ թե անհատական նախաձեռնություն, հայտնում է Bloomberg-ը:
83-ամյա նախագահը, անդրադառնալով երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է. «Ես չեմ հավատում անհատական համոզմունքներին կամ այնպիսի համակարգերի, որտեղ մեկ անհատի կարիքներն ու ցանկությունները վճռորոշ նշանակություն ունեն: Ի վերջո, սա մեկ մարդու գաղափար չէր: Այն չի կարելի վերագրել կոնկրետ անձի կամ անձանց խմբի. սա քաղաքական գործընթացի կոլեկտիվ զարգացում է»:
Նշենք, որ Մնանգագվայի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2028 թվականին, սակայն սահմանադրական փոփոխությունների արդյունքում նա այժմ հնարավորություն ունի պաշտոնավարել մինչև 2030 թվականը: Այս նախաձեռնությունը ստացել է երկրի խորհրդարանի աջակցությունը:
Էմերսոն Մնանգագվան երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին՝ փոխարինելով երկարամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեին, որը պաշտոնանկ էր արվել պետական հեղաշրջման արդյունքում:

