Հանրությունը պիտի իմանա այն քննիչի, դատախազի ու դատավորի անունները, ովքեր կմեղադրեն սահմանապահ հայ զինվորին
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք.-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ»,- մասնավորապես նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հաջորդիվ ափսոսանք հայտնելով միջադեպի արդյունքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողի՝ վիրավորում ստանալու կապակցությամբ՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
«Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Այս խայտառակ հաղորդագրությունը հայ հանրության մեջ արդարացիորեն առաջացրեց զայրույթի, ամոթի ու ստորացման զգացում: Այսինքն՝ ՀՀ ԱԱԾ-ն, փոխանակ խրախուսի, որ հայ ժամկետային զինծառայողը ու նրա ծառայակից ընկերները փորձել են հետ բերել հայ հովվի՝ թշնամու կողմից առևանգված հոտը, ադրբեջանցիներից ներողություն է խնդրում, մեղա գալիս ու խոստանում անպայման պատժել «մեղավորներին»՝ հընթացս չմոռանալով Նիկոլ Փաշինյանի ոճի մեջ մարդկանց պատերազմով սպառնալուց:
Այս հաղորդագրության հեղինակները, որոնց մեջ վստահաբար մարդիկ կան, ովքեր ԱԱԾ համակարգում աշխատել են նաև 2018թ.-ից առաջ, թող իրենց հարց տան՝ քանի՞ րոպե կմնային իրենց պաշտոններին, եթե նախկին իշխանությունների ժամանակ նման տեքստ ոչ թե երկնեին, այլ անգամ իրենց մտքով անցկացնեին:
Սարսափելի է գիտակցել, որ երկիրը թշնամու գործակալական ցանցի թիրախ դարձրած իշխանության ԱԱԾ-ն, փոխանակ իրապես զբաղվի պետությանը սպառնացող անվտանգային օրեցօր ահագնացող խնդիրներով, ահաբեկում է սեփական ժամկետային զինծառայողներին ու ժողովրդին, նրանց սպառնում պատժել ըստ էության թշնամու սանձարձակ վարքագծին դիմադրություն ցույց տալու համար:
Եվ, ի վերջո, ինչպես Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ իսկ ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է հենց այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
«Իսկ ո՞վ է որոշել սահմանը, եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանագծում և սահմանազատում արված չէ»,- ասել էր նա:
168.am-ը Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին հարցրեց՝ կա՞ն արդյոք ԱԱԾ տարածած հաղորդագրության առնչությամբ կոնկրետ անձանց առաջադրված մեղադրանքներ կամ արդեն իսկ ընտրված խափանման միջոցներ:
Վերջինս, պատասխանելով մեր հարցին, ասաց՝ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 541-րդ հոդվածի առաջին մասով։ Իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։
Հոդված 541. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը
1. Սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից սահմանապահ ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատում կամ սահմանի որոշակի հատվածի պատշաճ հսկողության բացակայություն, կամ, եթե անզգուշությամբ հանգեցրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կամ խոշոր չափերի գույքային վնասի կամ այլ էական վնասի՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Այս պահին քրեական վարույթով քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ, քրեական վարույթը նոր է նախաձեռնվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
168.am-ն անպայմանորեն հետևողական կլինի այս գործին, և մենք անպայման կհրապարակենք այն կոնկրետ անձանց անունները, ովքեր մեղադրանք կառաջադրեն որևէ զինծառայողի կամ բնակչի, այն քննիչի անունը, ով հանձն կառնի մեղադրանք գրել, այն դատախազի անունը, ով մեղադրանք կհաստատի ու կուղարկի դատարան, և, ի վերջո, այն դատավորի անունը, ով կորոշի կալանավորել կամ դատել նրանց:
Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Երևանի քաղաքի նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ պատրաստ եմ անվճար հիմունքներով իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, որոնց ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ պետական մարմին ներկայումս կամ երբևիցե կմեղադրի Ադրբեջանի հետ շփման գիծը (իրենց ձևակերպմամբ՝ ՀՀ պետական սահմանը) ցանկացած անհրաժեշտությամբ հատելու և արձակված կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար»: