Հաշմանդամության թոշակը տալիս են, բայց պրոթեզս չեն փոխում՝ թղթեր են պահանջում, որոնք Արցախում են. Արցախից բռնի տեղահանված

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա արդյունքում Արցախից բռնի տեղահանված  մեր հայրենակիցները Հայաստանում գրեթե ամենուր հայտնվում են բյուրոկրատական քաշքշուկների մեջ։ Երբեմն Հայաստանի այս կամ այն գերատեսչությունն արցախահայերից այնպիսի փաստաթղթեր է պահանջում, որոնք թողել են Արցախում կամ գաղթի ճանապարհին կորցրել են: Ակնհայտ է, որ մարդիկ չեն կարող պահանջվող փաստաթղթերը ներկայացնել, իսկ դրա պատճառով կամ գործերն են հետաձգվում, կամ էլ լուրջ խնդիրներ են առաջանում:

Արցախից բռնի տեղահանված Սպարտակ Հովսեփյանը 2003 թվականին կորցրել է ոտքը, ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, արցախյան առաջին պատերազմի մասնակից է։

«Երեք անգամ վիրավորվել եմ՝ 1993, 1994 թվականերին և 2003 թվականին, վերջին վիրավորման ժամանակ ոտքս ամպուտացիայի են ենթարկել, այս պահին աջ ոտքս պրոթեզավորված է։ 2003 թվականից սկսած, որպես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ՝ թոշակ եմ ստանում։

Երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվեցինք, ես չեմ հասցրել իմ հաշմանդամության կարգի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը վերցնել, մնացել են Արցախում։ Այս պահին բնակվում ենք Էջմիածնում, տեղահանվելուց հետո, Հայաստանում օնլայն դիմումներ էին ընդունում հաշմանդամության թոշակները վերականգնելու համար, ես լրացրեցի, իմ թոշակը վերականգնեցին։ Մոտ մեկ ամիս առաջ պրոթեզս կոտրվել է, Երևանում գնացել եմ երկու պրոթեզարան, ասում են՝ չենք կարողանում փոխել, մինչև հիվանդանոցից թուղթ չբերեք, որ ձեզ պրոթեզ է անհրաժեշտ»,- 168.am հետ զրույցում պատմեց Սպարտակ Հովսեփյանը: Իսկ պահանջվող թուղթը, ինչպես ասաց մեր զրուցակիցը,  հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթն է, այն էլ՝ իր տան ու Արցախի հետ միասին՝ մնսցել է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Կարդացեք նաև

Իսկ երբ  ի վերջո հիվանդանոցից համապատասխան թուղթը ներկայացրել է պրոթեզարան, պահանջել են Սոցապ նախարարությունից փաստաթուղթ, երբ այդ փաստաթուղթն էլ է ներկայացրել, պահանջել են գնալ արխիվ ու այնտեղից հանել հաշմանդամության վերաբերյալ բոլոր թղթերը, սակայն հայաստանյան արխիվում իր մասին փաստաթղթեր չկան։

«Հարց եմ տալիս պրոթեզարանում. ինչպե՞ս է ստացվում, որ իմ հաշմանդամության թոշակը տալիս եք, բայց պրոթեզս չեք փոխում, ինձ պատասխանում են, թե թոշակների բազան Արցախից ուղարկել են Հայաստան, բայց որ դու վիրավոր ես, այդ թուղթը չկա։ Հետո ինձ ուղարկեցին դատարան, թե՝ գնա դատի տուր, որ վերականգնես, փաստաբանի հետ խոսեցի, ասում է՝ դրա կարիքը չկա, քո հաշմանդամությունը վերականգնված է, թոշակդ տալիս են»,- նշեց մեր զրուցակիցը։

Սպարտակ Հովսեփյանը վստահեցրեց՝ եթե ունենար բավարար գումար, պրոթեզը գումարով կփոխեր, քանի որ, արդեն մեկ ամիս է՝ տանը նստած է, առանց պրոթեզի չի կարողանում շարժվել։ Պրոթեզի փոխելը մոտավորապես մի քանի հազար դոլար արժե։

«Երկու պրոթեզարան եմ գնացել, երկու տեղում նույն թուղթն են պահանջել։ Վստահ եմ, այս վիճակում ինձ նման շատերն են, գուցե լուսաբանվի, որպեսզի այդ խնդիրն ինչ-որ ձևով լուծվի, որովհետև մենք վարձով ենք բնակվում, և պրոթեզը փոխելու համար գումար չունեմ։ Տան համար վճարում ենք 200 հազար դրամ, ընդ որում, մեր ընտանիքում երկու հոգի ունեն հաշմանդամություն»,- շեշտեց նա։

Սպատակ Հովսեփյանն Արցախ վերադառնալու հույսը չի կորցնում, սակայն վստահ է, Արցախն առանց պատերազմի Ադրբեջանը երբեք չի վերադարձնի։

«Ինքս ադրբեջանցիներին լավ եմ ճանաչում, Արցախում Ադրբեջանի կազմում երբեք չեմ ապրի։ Եթե Հայաստանի կողմից աջակցություն լիներ, Արցախը կպահեինք։ Սեպտեմբերին իմ տղան եղել է դիրքերում, մինչև վերջին պահը նրա հետ դիրքերում եմ եղել, օգնություն չկար, եթե լիներ այդ օգնությունը, Արցախի գոնե այդ հատվածը կպահեինք։ Մինչև վերջին պահը թուրքը ռիսկ չէր անում մտներ Ստեփանակերտ»,- եզրափակեց Ստեփան Հովսեփյանը։

168.am հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը խնդրի վերաբերյալ մեր հարցին պատասխանեց՝ ընթացակարգն այնպիսին է, որ քաղաքացին պետք է ունենա Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնի տեղեկատվություն։

«Այդ բազայում պետք է քաղաքացու տվյալները լինի, որպեսզի նույնականացվի, որովհետև այդ բազան մեզ համար ընդհանուր է եղել, որտեղից օգտվել ենք և՛ մենք, և՛ ԼՂ-ում։ Այդ բազայում նա չկա։ Քաղաքացուն կարող ենք ուղղորդել, որպեսզի նա ՊՆ-ին գրություն գրի, որպեսզի, եթե նրա մասին տեղեկատվություն կա, փոխանցեն մեզ։

Կոնկրետ Սպարտակ Հովսեփյանի հետ այս ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել։ Նրա տվյալները փոխանցել եմ Վաղարշապատի տարածքային կենտրոնին, այնտեղ դիմում կգրի։ Եթե գտանք տեղեկատվություն, որը կհավաստի այդ ամբողջ գործընթացի մասին, պրոթեզն այդ հիմքով կտան։ Եթե ոչ, ապա արդեն կուղղորդեմ, թե ինչպես պետք է ֆունկցիոնալության գնահատում անցնի։ Այսինքն՝ քաղաքացու գործով մենք զբաղվում ենք»,- եզրափակեց Զառա Մանուչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս