Մեղադրում են, բայց ԱԳՆ-ում քարտեզային «հայտի» ապացույցներ չունեն, կամ՝ երբ նախ «պատվիրում» են, հետո՝ մտածում
Ապրիլի 2-ին Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրություն էր հրապարակել՝ «Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները» վերտառությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«2008 թվականի մայիսին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման առաջին ժամկետում, ՄԱԿ-ում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում ՀՀ-ի կողմից տրամադրված մի քարտեզ, որում Լեռնային Ղարաբաղը ընդհանրապես գոյություն չունի, իսկ Ստեփանակերտի փոխարեն օգտագործված է ադրբեջանական Խանքենդի տեղանունը։ ՀՀ-ի կողմից տրամադրված այս քարտեզում առաջին անգամ է նաև, որ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը ներկայացված է որպես Ադրբեջանի անկլավ՝ չներառվելով ՀՀ ինքնիշխան տարածքում։ Քարտեզում պահպանված են Տավուշի, այսպես կոչված, անկլավները, որոնք կային նաև նախորդ քարտեզներում:Նույն քարտեզը՝ առանց ԼՂ-ի և ՀՀ ինքնիշխան տարածքում երեք ադրբեջանական անկլավով, ՄԱԿ-ում շրջանառվել է նաև 2013 թվականին՝ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի առաջին տարում»:
Այսինքն, ըստ այս վերլուծության, «եթե 1996-ից մինչև 2004 թվականը ներառյալ տրամադրված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը նշված էր՝ որպես առանձին սուբյեկտ, ապա 2008-ից ի վեր այն իսպառ բացակայում է Հայաստանի՝ ՄԱԿ ներկայացրած քարտեզներում»:
Մեկ օր հետո՝ ապրիլի 3-ին, այս ուսումնասիրության հիման վրա Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստում և հեռարձակում՝ «2008-ին ՄԱԿ ուղարկված քարտեզում ԼՂ-ն՝ Ադրբեջանի կազմում, Տիգրանաշենը՝ անկլավ. ՀՀԿ-ում լռում են» վերտառությամբ։
Սրանից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը տեսաուղերձով անդրադարձավ այս պնդումներին:
«Այդ նյութի մեջ գտնված ուղեցույցը, եթե ամբողջությամբ նայենք, ապա այնտեղ հստակ գրվում է, որ ՄԱԿ-ի քարտեզները կազմվում են ՄԱԿ-ի քարտեզագրական բաժնի կողմից կամ արտաքին աղբյուրների, այլ կազմակերպությունների միջոցով։ Հենց հաջորդ պարբերությունն է, որն իրենք կտրած ներկայացրել են, դե, իհարկե կտրած կներկայացնեն, իրենց ձեռնտու չէ։ Անդամ երկրների մասին այդ պարբերության մեջ որևէ բան չի ասվում։ Բայց կա մի շատ պարզ տարբերակ, և ես լրատվամիջոցների մեր հարգելի ներկայացուցիչներին կոչ եմ անում գնալ այդ ճանապարհով։
Այդ ժամանակահատվածում Հայաստանը ՄԱԿ-ում հասցրել է ունենալ երեք մշտական ներկայացուցիչ՝ Արմեն Մարտիրոսյանը՝ 2003-2009 թվականներին, Կարեն Նազարյանը՝ 2009-2014թթ., և տխրահռչակ Զոհրաբ Մնացականյանը՝ 2014-2018 թվականներին։ Շատ ճիշտ ու հեշտ ճանապարհով կարելի է իրենցից հարցնել, ընդ որում, իրենցից որոշները շարունակում են աշխատել պետական համակարգում։ Հայաստանը որևէ քարտեզ, իմ տեղեկություններով, այդ ժամանակահատվածում ՄԱԿ-ին չի ուղարկել»,- նշել էր նա:
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն այս առնչությամբ հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ ՄԱԿ ուղարկված Հայաստանի Հանրապետության քարտեզների առնչությամբ քննություն է իրականացվում՝ պարզելու համար՝ ՀՀ-ի կողմից արդյո՞ք ժամանակին ՄԱԿ-ին տրվել են քարտեզներ հրապարակելու համար:
«Մենք տեսնում ենք, որ այդտեղ որոշակի դինամիկա կա, որը որոշակի հարցեր է առաջացնում, այսինքն` քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ հարցերին պետք է պատասխան տրվի: Այս պահին փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել։ Վերջին քարտեզը, որ փոխվել է, 2013 թվականին է տեղի ունեցել փոփոխությունը, հիմա փորձում ենք քննություն իրականացնել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մի բան կարող եմ ասել` շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել: Գոնե այս պահի դրությամբ մենք չենք կարողանում դա գտնել»,- մանրամասնել է Փաշինյանը: