ՀՀ-ն որևէ քարտեզ այդ ժամանակահատվածում ՄԱԿ-ին չի ուղարկել. Հայկ Մամիջանյանը կոչ է անում դիմել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր տեսաուղերձով անդրադարձել է մամուլում տեղ գտած մի հրապարակման, ըստ որի, իբր Հայաստանից տարբեր ժամանակներում ՄԱԿ-ին քարտեզներ են ուղարկվել, և կայքում տեղադրված քարտեզներում Հայաստանի այս կամ այն հատվածը կամ Տավուշի հատվածը ձևախեղված են։
«Այդ նյութի մեջ գտնված ուղեցույցը, եթե ամբողջությամբ նայենք, ապա այնտեղ հստակ գրվում է, որ ՄԱԿ-ի քարտեզները կազմվում են ՄԱԿ-ի քարտեզագրական բաժնի կողմից կամ արտաքին աղբյուրների, այլ կազմակերպությունների միջոցով։ Հենց հաջորդ պարբերությունն է, որն իրենք կտրած ներկայացրել են, դե, իհարկե կտրած կներկայացնեն, իրենց ձեռնտու չէ։ Անդամ երկրների մասին այդ պարբերության մեջ որևէ բան չի ասվում։ Բայց կա մի շատ պարզ տարբերակ, և ես լրատվամիջոցների մեր հարգելի ներկայացուցիչներին կոչ եմ անում գնալ այդ ճանապարհով։
Այդ ժամանակահատվածում Հայաստանը ՄԱԿ-ում հասցրել է ունենալ երեք մշտական ներկայացուցիչ՝ Արմեն Մարտիրոսյանը՝ 2003-2009 թվականներին, Կարեն Նազարյանը՝ 2009-2014թթ., և տխրահռչակ Զոհրաբ Մնացականյանը՝ 2014-2018 թվականներին։ Շատ ճիշտ ու հեշտ ճանապարհով կարելի է իրենցից հարցնել, ընդ որում, իրենցից որոշները շարունակում են աշխատել պետական համակարգում։ Հայաստանը որևէ քարտեզ, իմ տեղեկություններով, այդ ժամանակահատվածում ՄԱԿ-ին չի ուղարկել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորական խմբակցության ղեկավարի ընդգծմամբ՝ պարզ է հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է այդ ամենը արվում: Բայց դժվար է հասկանալ ու գտնել այն սահմանը, թե որքան կարելի է ատել սեփական հայրենիքը, որպեսզի նման էժան քարոզչական նյութերով սեփական մեղքն այլոց վրա բարդելու փորձեր կատարես։
«Լավ, եթե ՄԱԿ-ում արդեն քարտեզներով այլ վայրում էր Արցախը, Մինսկի խմբի համանախագահ երկրները, համանախագահողները ՄԱԿ-ի կայքի տեղը չգիտեի՞ն, թե՞ ՄԱԿ-ի տեղը չգիտեին։ 30 տարի ի՞նչ էին հավաքվում ու քննարկում, պարա՞պ էին, ուրիշ բան ու գործ չունեի՞ն։ Կամ հենց դու, Նիկոլ Փաշինյան, երբ Ստեփանակերտում հայտարարում էիր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», այդ ժամանակ զանգեիր ու ասեիր՝ Իլհամ Հեյդարովիչ, Հայաստա՞ն է, թե՞ չէ, ինչպե՞ս ես հիմա Տավուշի գյուղերը զանգում հարցնում՝ Հայաստա՞ն է, թե՞ չէ»,- հավելեց Հ. Մամիջանյանը։
Տեսաուղերձում Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձավ Բրյուսելում այսօր կայացած Հայաստան-ԵՄ-Միացյալ Նահագներ եռակողմ հանդիպմանը: Հայկ Մամիջանյանը հռետորական հարց ուղղեց, թե ԵՄ-ից տրամադրվելիք 270 միլիոն եվրոն դա այն նույն 230 միլիոն եվրո՞ն է, որը պետք է տային դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ինչ վերաբերում է ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններին, ապա մեր հարգարժան եվրապացիներին ուզում եմ հիշեցնել, որ քաղբանտարկյալներով ժողովրդավարություն չի լինում, ուղղակի չի լինում»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում