Փաշինյանը հասկանում է՝ ՌԴ-ի դեմ կտրուկ քայլերի չի կարող գնալ. վարկանիշ չունի, վստահ չէ թիմի վրա, Արևմուտքից հստակ երաշխիքներ չկան. Դանիելյան
Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լայեն եռակողմ հանդիպումն ավարտվեց, հանդիպման արդյունքով տարածվեց հայտարարություն, որով արձանագրվում է՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը պատրաստակամություն են հայտնում ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը՝ միտված Հայաստանի ժողովրդավարական, ինքնիշխան, դիմակայուն ապագային:
Թվերի մասին. Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց Հայաստանին ընթացիկ տարում 65 միլիոն դոլար օգնություն հատկացնելու մասին, Եվրամիությունից վստահեցրին՝ առաջիկա չորս տարվա համար Հայաստանին 270 միլիոն դրամաշնորհ կտրամադրեն:
Ի դեպ, հայաստանյան տարբեր փորձագետներ սա համարում են այն «գինը», որով Հայաստանը պետք է սպասարկի իր ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը։
Ի վերջո, ի՞նչ տվեց Հայաստանին բրյուսելյան այս հանդիպումը՝ 168.am-ը հետաքրքրվեց քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանից:
«Ես հարցը կձևակերպեի հետևյալ կերպ՝ Բրյուսելի հանդիպման մյուս կողմերին ինչի՞ համար էր պետք Հայաստանին Բրյուսել հրավիրելը. իրենց պետք էր, որ Հայաստանը հակառուսական քայլեր կատարեր և, գուցեև, ավելի համարձակ լիներ (ըստ իրենց խոսքերի) ռուսական ազդեցությունից դուրս գալու հարցում»,- ի պատասխան՝ նշեց Ստեփան Դանիելյանը:
Քաղաքագետի կարծիքով, «համարձակ լինել»-ը, թերևս, առաջին հերթին վերաբերում էր ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը: Այս համատեքստում նա պատահական չհամարեց նաև օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելը՝ նկատելով, որ դա ևս այդ այցին նախապատրաստվելու գործողություն էր:
«Իրենց պահանջը հետևյալն էր՝ քայլեր կանեք, ՌԴ-ն դուրս կգա, մենք այն ժամանակ կօգնենք: Կօգնե՞ն, թե՞ չեն օգնի, իրենց խոսքերին հավատալ պե՞տք է, թե՞ ոչ, ուրիշ բան է. հարցը հետևյալն է՝ այս վարչապետ կոչեցյալն այդքան համարձակություն ունի՞, թե՞ ոչ:
Իրենից պահանջում են ՌԴ-ի դեմ ուղղված կոնկրետ քայլեր. դա էր ամբողջ հանդիպման իմաստը, և, ըստ երևույթին, նա չի համարձակվում կտրուկ քայլեր կատարել, դրա համար նման արդյունք եղավ՝ ինչ-որ գումար խոստացան: Կտան-չեն տա՝ դա էլ մի հարց է: Սա էր ամբողջ պատմությունը»,- հավելեց Ստեփան Դանիելյանը:
Եթե, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը որոշի գնալ այդ կտրուկ քայլերին, ի՞նչ պետք է սպասել այդ ժամանակ՝ հարցին ի պատասխան՝ քաղաքագետը շեշտեց.
«Նա այդքան ռեսուրս չունի, հասկանում է, որ դա չի կարող անել. տնտեսական կախվածությունը մի կողմ դնենք՝ նաև անվտանգության առումով, նաև այն առումով, որ հանրության ներսում վարկ չունի, վստահ չէ իր թիմի վրա:
Փաշինյանը հասկանում է, որ կտրուկ քայլերի չի կարող գնալ՝ առավելևս, որ նրան Արևմուտքից հստակ երաշխիքներ չեն տալիս՝ կտրուկ քայլերի հետևանքներին դիմակայելու համար: Նա, ինչպես միշտ՝ 2018 թվականից սկսած, փորձում է խաբել, մանևրներ անել, այսինքն՝ իր լրագրողական քաղաքականությունը շարունակել մեծ քաղաքականության մեջ: Դեղին մամուլի քաղաքականություն է սա»: