Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։
Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար։
Ժոզեպ Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։